Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիմ Քարդաշյանը դարձյալ անդրադարձել է Հայոց ցեղասպանության փաստին, այս անգամ` իր պաշտոնական կայքում: Նա իր բողոքն է հայտնել Wall Street Journal-ում հրապարակված հակահայկական և Ցեղասպանությունը ժխտող հոդվածի դեմ:
«Փողը խոսում է, և այս պահին այն խոսում է աղբի մասին»,- այսպես է սկսել Քիմն իր հոդվածը:
«Իմ ընտանիքն ու ես անծանոթ չենք մամուլում տեղ գտնող անհեթեթություններին: Մենք սովորել ենք անտեսել դրանք: Ստերը լավ վերնագրեր են, լավ վերնագրերը` լավ շապիկներ, որոնք էլ, իրենց հերթին, լավ վաճառվող ամսագրեր։ Բայց երբ լսեցի Wall Street Journal-ում Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդի մասին, չէի կարող դա անտեսել։
Գովազդը վճարել է համացանցի թուրքական հարթակը, որի անունը չեն ուզում ասել՝ նրանց դիտումները չավելացնելու նպատակով, բայց այս հարթակում նրանք սովորաբար հայտարարում են, թե պատմաբաններն ուռճացնում են զոհվածների թիվը, սովորաբար տեղի ունեցածի մեջ մեղադրում հայերին։
Այն, ինչ հրապարակել է Wall Street Journal-ը, անհեթեթություն է` հիասթափեցնող, վտանգավոր։ Եթե դա աներ ինչ-որ էժանագին տաբլոիդ, հասկանալի կլիներ, բայց երբ անում է նման հեղինակավոր պարբերականը, ինչպիսին Wall Street Journal-ն է, Հայոց ցեղասպանության վրա գումար վաստակելու համար, ամոթալի և անթույլատրելի է: Ինչո՞ւ է միշտ այնպես լինում, որ մի քայլ առաջ ենք գալիս` միաժամանակ երկու քայլ հետ գնալով:
Մեր հարցումներին պարբերականը պատասխանել է, թե «իրենք ընդունում են լայնածավալ գովազդներ, այդ թվում` սադրիչ թեմաներ»։ Մենք կարող ենք մեր քիմքին հարմար ցանկացած բան ներկայացնել` որպես գովազդ։
Եթե դուք իրականացնում եք Ցեղասպանության համար պատասխանատու երկրի քարոզչությունը, դուք չեք ներկայացնում «սադրիչ տեսանկյուն», դա կեղծիքի տարածում է: Դա միանգամայն անմիտ, ավելին` վտանգավոր է։ Եթե դա լիներ գովազդ Հոլոքոսթի կամ 9/11-ի դավադրության մասին, կտպեի՞ք։
Բազում պատմաբաններ կարծում են, որ եթե Թուրքիան պատասխանատվություն կրեր Ցեղասպանության համար, Հոլոքոսթը չէր լինի։ 1939թ. Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ Հիտլերն ասում էր. «Այսօր ո՞վ է հիշում հայերի մասին»։ Մենք հիշում ենք և պետք է հիշենք: Մենք պետք է խոսենք այդ մասին մինչև մեր կառավարությունը ճանաչի այն, քանի որ, ժխտելով անցյալը, վտանգում ենք մեր ապագան: Երբ մենք թույլ ենք տալիս մեզ լռել գումարի, վախի և ուժի դիմաց, մենք սովորեցնում ենք մեր երեխաներին, որ ճշմարտությունն անկարևոր է: Մենք պետք է պատասխանատու լինենք մեր երեխաներին փոխանցած մեսիջի համար: Մենք պետք է հարգենք պատմական ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, որպեսզի պաշտպանենք մեր ապագան: Պետք է ավելի լավ գործենք»,- գրել է Քիմը: