կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-23 13:37
Հասարակություն

Ի՞նչ էր անում պապս 1915-ին. թուրք գիտնական

Ի՞նչ էր անում պապս 1915-ին. թուրք գիտնական

Այսօր Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ Թուրքիայի Մարդու իրավունքների ակտիվիստ, գիտնական Սայիթ Չեթինօղլուն ելույթ ունեցավ` ասելով, որ Հայոց Ցեղասպանության մասին թուրք քաղաքական գործչի մասին գիրքը նախագահ Էրդողանի կողմից գրաքննության ենթարկվեց, և որ Թուրքիայի մտավորականները, ցեղասպանության մասին գրողները հազար ու մի պատմություններ են պատմել՝ ինչպես է դա պատահել, բայց ցավը զգացել են հայերը, հայերն են անցել այդ ողբերգության միջով։ «Թուրքիայում մի հայ կա, Սևան անունով, ով 25 տարի բանտարկության տակ է՝ անօրեն շինարարություն կատարելու համար: Նրան բանտարկել են՝ իսլամի ու թուրքական իշխանությունների դեմ գրքի համար։ Սա անհամաչափություն է»,- շեշտեց Սայիթ Չեթինօղլուն՝ հիշեցնելով, որ Անկարայում ասորիներին ու հայերին վերացնելու համար մեդալ էին շնորհել։ Թուրք ակտիվիստը շեշտեց՝ Հայոց Ցեղասպանությունը ընդունելու, ճանաչելու հարցում հարկավոր է, որ Թուրքիայում ամեն մեկը գիտակցի ցեղասպանության հավաքական պատասխանատվությունը և իրեն հարց տա՝ «ի՞նչ էր անում պապս 1915-ին», ապա ներողություն խնդրի՝ դրանով արտահայտելով զոհերի հիշատակին իր տուրքը, «Այլևս երբեք» հուշարձան կառուցվի, ապա մեկնարկի հատուցման աշխատանքը: Լրագրողների հետ զրույցում նա նաև հավելեց, որ 1915 թվականին հայ բնակչության 20- 25 տոկոսը ոչնչացվել է, տասնյակ հազարավոր հայ երեխաներ ու կանայք են սպանվել, վաճառվել, և կարելի է ասել` նրանց հոգիներն են գողացել: «Այս վիճակը մեզ ամաչեցնում է, մենք պետք է փրկվենք այդ ամոթից»,- ասաց Սայիթ Չեթինօղլուն: Նա նաև անդրադարձավ Թուրքիայի մեջլիսում Կարօ Փայլանի ելույթին` ասելով, որ դա շատ կարևոր մի քայլ էր, թեև՝ կիսատ: Սայիթ Չեթինօղլու խոսքով՝ պետք է հիշել ու իմանալ, որ Թուրքիայի ազգային ժողովի շենքը կառուցված է Խորնայան ազգանվամբ հային պատկանող տարածքի վրա, հային պատկանող տարածքի վրա է կառուցվել նաև էրդողանի նստավայրը: «Կան մարդիկ, ովքեր իրենց գույքը և հարստությունը դիզել են հայերից խլված ունեցվածքով: Ես կարծում եմ, որ այժմ դրա մասին խոսելը մարդկության պարտքն է»,- ասաց նա: Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիայում խոչընդոտների չի հանդիպում` ասաց. «Ինձ նույնիսկ չեն թողնում կոնֆերանսների մասնակցել` որպես զեկուցող: Ես նույնիսկ չեմ կարողանում իմ կողմից կազմակերպված կոնֆերանսներին մասնակցել՝ ինձ միջոցներ չեն տրամադրում դրա համար»: Անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին, որի ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով նաև խաղաղ բնակիչներ զոհվեցին` թուրք գիտնականը նշեց. «Ամեն ինչ շատ պարզ է, սա մի քաղաքականություն է, երբ Ցեղասպանությունը արտահանում են երկրից դուրս: Այսինքն՝ այս ամենը պետք է դիտարկել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների նույն համատեքստում»: