Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ադրբեջանում այնպիսի քարոզչություն է տարվում, թե իրենք հաղթանակ են տարել, այս ողջ ընթացքը ներկայացվում է որպես Ղարաբաղյան երկրորդ պատերազմ, որում Ադրբեջանը հաղթել է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Մի շարք բնակավայրերում տոնակատարություններ են, այսպես են գրում մամուլով: Ասում են, որ ադրբեջանցիները գրավել են ոչ միայն դիրքեր, այլ նաև բնակավայրեր: Նրանց ասելով` իրենք վերջին տարիներին մի քանի գյուղ են ազատագրել: Նրանց մամուլը վերահսկվում է, իսկ բնակչությունն էլ այլ երկրների մամուլ չի կարդում: Նրանց մամուլում ներկայացվում է, որ հայկական կողմին հասցվել է հսկայական կորուստ»,- ասաց մասնագետը:
Ըստ նրա` Ադրբեջանում ստեղծվել է մի հետաքրքիր վիճակ` սովորաբար, քաղաքակիրթ երկրներում մարդիկ խաղաղություն են պահանջում, իսկ ադրբեջանցիները պահանջում են պատերազմ: Սա, ըստ Մարտիրոսյանի, ադրբեջանական քարոզչության մասն է:
Մասնագետը նշեց նաև, որ Ադրբեջանում տիրող տնտեսական վիճակից, Ալիևի անվան հետ կապված օֆշորային սկանդալներից իրենց բնակչության ուշադրությունը շեղելու համար ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որ մարդկանց ուշադրությունը սևեռվի հայկական կողմի վրա: «Ադրբեջանցի տասնյակ լրագրողներ, օգտատերեր, ովքեր չեն վերահսկվում, ինքնագլուխ են գործում, պարզապես բանտ են գնում: Եթե նրանց լրագրողներին ասեն` գրեք` Երևանի մատույցներ ենք հասել, կգրեն»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա հավելեց, որ Սիրիայի և Դոնբասի պատերազմները նրանց համար դարձել են ապատեղեկատվության կազմակերպման աղբյուր: «Ադրբեջանցիներն ամենաշատն օգտագործեցին Դոնեցկի օդանավակայանում զոհվածների պատկերները: Նման դեպքերում համազգեստից կարելի է կողմնորոշվել»,- նշեց Մարտիրոսյանը:
Ըստ նրա` վերջին օրերին հայկական կողմն այս առնչությամբ, նախորդ ժամանակների հետ համեմատած, բավական պրոֆեսիոնալ գործեց: «Կարող եմ ասել` պրոֆեսիոնալ գործեցին լրագրողներն էլ, հասարակ քաղաքացիներն էլ: Դրական է նաև այն, որ Արցախի «Թվիթեր»-ը շատ լավ ինֆորմացիա էր տալիս դեպի դուրս: Ակնհայտ էր, որ կան տարբեր մոտեցումներ: Հին ու նոր տեղեկատվական հոսքերը կողք կողքի գնում են: Շատ լավ կլիներ, որ ինֆորմացիայի ակտիվ տրամադրումը ինստիտուցիոնալ բնույթ կրի: Միայն Արծրուն Հովհաննիսյանը չպետք է բեռն իր վրա վերցնի: Պատկերացնո՞ւմ եք` Արծրուն Հովհաննիսյանը հիվանդանար: Պետք է կոնցեպտուալ մոտեցում լիներ, նաև այլ լեզուներով լիներ ինֆորմացիայի տրամադրումը»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա անդրադարձավ նաև ԼՂՀ ՊԲ-ի կողմից հրապարակված` երկու կանանց այն հեռախոսային խոսակցության ձայնագրությանը, երբ կանանցից մեկի պատմածից ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական կողմն անհամեմատ ավելի շատ կորուստներ ունի: «Առնվազն շատ որակով սարքած է, ադրբեջանցիները կպնելու տեղ չունեն»,- ասաց Մարտիրոսյանը: