կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-03 12:58
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմում զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան

Վերջին պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքները և հաշմանդամություն ձեռք բերած անձինք սոցիալական աջակցություն կստանան․ կառավարությունը հաստատեց միջոցառումը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ընդ որում, սոցիալական աջակցությունը կարող են ստանալ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության քաղաքացիները:

Աջակցությունը չեն կարող ստանալ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի հիման վրա միանվագ գումարային աջակցություն կամ հատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք:

Այն տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով:

Առաջարկվում է առաջին խմբի հաշմանդամություն կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում տրամադրել 3.000.000 ՀՀ դրամ,

երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամ,

երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամ,

իսկ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 ՀՀ դրամ:

Ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, զավակը (զավակները), ծնողը (ծնողները), դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զոհված քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը սոցիալական աջակցության իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:

Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է գումարը բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

Մանրամասն՝ տեսանյութում․