կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-28 15:05
Իրավական

Հասնելու ենք նրան, որ դատարան մտնող բոլոր անձանց, այդ թվում` դատավորներին, ստուգեն. Փոլադյան

Հասնելու ենք նրան, որ դատարան մտնող բոլոր անձանց, այդ թվում` դատավորներին, ստուգեն. Փոլադյան

Առաջիկայում փորձելու են ձեռք բերել տեխնիկա, որի միջոցով հնարավոր կլինի ստուգել դատարան մուտք գործող յուրաքանչյուր անձի, այդ թվում` ոչ միայն փաստաբաններին, այլ նաև դատավորներին. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Հիշեցնենք, որ վերջերս դատական որոշ նիստերից առաջ կարգադրիչները ստուգել են փաստաբաններին, իսկ նրանք բողոքում են, որ դա իրենց ստորացնում է:

Ըստ Փոլադյանի` ստուգումը միայն մեկ նպատակ ունի` ապահովել դատարանում գտնվող մարդկանց անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանումը:

Yerkir.am-ի դիտարկմանը` ստացվում է, որ մինչ այդ շրջանցել են անվտանգության կանոնները, քանի որ  ստուգում չեն իրականացրել, Փոլադյանը պատասխանեց, որ կարգադրիչների կողմից զննում իրականացնելու լիազորությունը հայեցողական է: «Յուրաքանչյուր իրավիճակում կարգադրիչը կարող է որոշում կայացնել` զննություն կատարե՞լ, թե՞ ոչ, բայց ոչ թե, կամայականությունից ելնելով, այլ իրավիճակից բխող համապատասխան գործողություններ կատարելու համար»,- նշեց նա:

Ըստ Փոլադյանի` իրականում կարգադրիչների գործը դատարան մուտք գործողների իրավունքների պաշտպանությունն է:

Դիտարկմանը, թե փաստաբաններն ասում են, որ երբեմն իրենց պայուսակներում գաղտնի ինֆորմացիա են ունենում, այս դեպքում ինչպե՞ս պետք է կարգադրիչների աշխատանքը կարգավորել, նա պատասխանեց, որ կարգադրիչներից ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ կա փաստաբանների պայուսակներում: «Դատարան մուտք գործող մարդկանց ստուգելու պրակտիկա վաղուց է եղել, գուցե չի եղել պարբերաբար, բայց մենք աստիճանաբար հասնելու են նրան, որ բոլոր դատարաններում ստուգեն բոլոր ներս մտնողներին»,-ասաց Փոլադյանը: