Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ գիտության, կրթության հարցերի մշտական հանձնաժողովում նիստ էր հրավիրվել: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում: Փոփոխությունը նպատակ ունի ապաքաղաքականացնել բուհերը:
Մասնավորապես՝ պատգամավորն առաջարկում է բուհերում քաղաքական կուսակցությունների հնարավոր ազդեցությունը թուլացնելու համար արգելել, որ բարձրագույն կրթական հաստատությունում խորհրդի նախագահի պաշտոն զբաղեցնեն կուսակցության ներկայացուցիչներ: Խորհրդի կազմում, որպես հիմնադրի, լիազոր մարմնի ներկայացուցիչ, չեն կարող նշանակվել քաղաքական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքական կուսակցության կառավարման մարմինների անդամները:
«Շատ հաճախ ասում են, որ խորհրդի նախագահ նշանակված պաշտոնյաները ժամանակ չունեն ազդելու այդ բուհի վրա: Եթե այդ պաշտոնյան զբաղված է կամ ժամանակ էլ չունի ազդեցություն ունենալու, ապա թող այդ պաշտոնում նշանակվի մեկը, ով կաշխատի հանուն բուհի, ամբողջ օրը կնվիրվի բուհի գաղափարական զարգացմանը և այլ աշխատանքների»,- ասաց Թևան Պողոսյանը:
Նա հավելեց, որ օրենքում փոփոխությունը նպատակ ունի բարձրագույն ուսումնական հաստատությունները առավելագույնս հեռու պահել քաղաքական կուսակցությունների հնարավոր ազդեցություններից: Ըստ նախագծի` ներկայումս գրեթե բոլոր բուհերի խորհուրդների նախագահներն իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներն են, դա էապես ազդում է տվյալ բուհի գործունեության, ինչպես նաեւ տվյալ բուհի վերաբերյալ հասարակական ընկալումների վրա:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք հիմնականում ներկայացնում են երկրում գործող քաղաքական կուսակցությունները, ապա, զրկելով վերոնշյալ անձանց բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի անդամ դառնալու հնարավորությունից, կվերափոխվի ԲՈՒՀ-երի ներկայիս գերքաղաքականացվածությունը:
Նախագծում ասված է նաեւ, որ կրթական համակարգերը պետք է զերծ մնան տարատեսակ քաղաքական խաղերից, քաղաքական շահարկումների թիրախ դառնալուց, այդ դեպքում միայն բուհերը կպատրաստեն անկախ մտածելակերպով, բարձր իրավագիտակցությամբ օժտված` կառավարման համակարգի համար պիտանի մասնագետներ: Ապաքաղաքականացնելով բուհական խորհուրդները՝ դրանով իսկ բուհական խորհուրդների համար անկախ որոշումներ կայացնելու հնարավորություն կընձեռվի:
Եթե նույնիսկ ընդունենք, որ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները (ՀՀ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, նախարարներ, քաղաքապետ եւ այլն) որեւէ ձեւով չեն ազդում բուհերի կառավարման արդյունավետության կամ որոշումների կայացման անկախության վրա, ապա, հաշվի առնելով վերոնշյալ անձանց գերզբաղվածությունը, առաջարկվող օրինագիծը, ըստ օրինագծի հեղինակի, հնարավորություն է ընձեռում նրանց ազատվելու բուհերի խորհուրդներում սիմվոլիկ ներկայացվածության պարտականությունից:
Առաջարկվող օրենքի նախագծով հավասար հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների համար՝ բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման վրա ազդեցություն ունենալու առումով եւս:
Ըստ առաջարկվող օրինագծի՝ հաշվի առնելով, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ բավականաչափ քաղաքականացվեց այս հարցը, օրենսդրորեն ամրագրելով բուհերի խորհուրդների ապաքաղաքականացումը, դրանով իսկ կբացառվի բուհերի խորհուրդների հնարավոր դերակատարումը առաջիկա ընտրություններում, ինչը կնպաստի դրանց՝ ընտրական գործընթացների վրա այս կամ այն ազդեցություն ունենալը չշահարկելուն:
Հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը հարցրեց, թե պատգամավորը նման նախագծով ի՞նչն է, ըստ էության, կարևորում՝ բուհերի վերաբերյալ հասարակական ընկալումնե՞րը, թե՞ բուհի գործունեությունը:
Պատգամավորը պատասխանեց, որ իսկապես հասարակական ընկալումները կարևորվում են, որովհետև երբ որևէ բուհում քաղաքականացված դրսևորումներ են լինում, ապա դա ազդում է հասարակական ընկալումների վրա, և մարդիկ սկսում են մտածել` արդյո՞ք մեզ պետք է նման քաղաքականացված բուհը:
Արտակ Դավթյանը նշեց, թե հասարակության մեջ կա թյուր կարծիք, թե բուհերի ռեկտորները բոլորը հանրապետական են, ինչը իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ մինչ այդ էլ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել էր, որ պաշտոնով չպետք է պայմանավորվի բուհի խորհրդի նախագահ լինելը: