կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-17 13:30
Քաղաքական

Գործարարները ձգելու են գոտիները. Մանվել Բադեյան

Գործարարները ձգելու են գոտիները. Մանվել Բադեյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Մանվել Բադեյանը կարծում է, որ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո գործարարները ստիպված են լինելու ձգել իրենց գոտիները:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր մոտ հարյուր գործարարների հետ` հորդորելով դուրս գալ ստվերից և աշխատել հավասար մրցակցության դաշտում: Այդ հանդիպմանը ներկա էին մի շարք պատգամավորներ, այդ թվում նաև` Մանվել Բադեյանը, ով բոլոր հրավիրված պատգամավորների պես ասում է, որ ինքը գործարար չէ, այլ միայն` սեփականատեր:

 

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ, դեռ 1996-ից սկսած, վարչապետերը  մի շարք հանդիպումներ են ունեցել գործարարների հետ, բայց, Մանվել Բադեյանի խոսքով, ամեն անգամ գործարարները ուսերը թափ տալով  են դուրս եկել գործադիրից` չհասկանալով, թե ինչ պահանջներն են իրենց ներկայացվում:


«Բայց էս անգամ հասկացել են, որովհետև ինքը`  Աբրահամյանը, իր ամբողջ կյանքում զբաղվել է տնտեսական գործունեությամբ`  մինչև Սովետական միության փլուզումը,  Սովետական միության փլուզումից հետո էլ երկար ժամանակ, այսինքն` ինքը շատ լավ պատկերացնում է գործարարության խնդիրները և նեղությունները, դրա համար էլ նրա ասած խոսքը գործարարների կողմից հարգանքով ընդունվեց»,- ասաց Մանվել Բադեյանը:


Այն հարցին` գործարարների ու հարկատուների շրջանում կա՞ն արտոնյալներ, նա պատասխանեց. «Կլինեն, կլինեն, բայց Հովիկ Աբրահամյանն ասաց, որ, անկախ դիրքից և անձնական կապերից, անկախ նախկին ծառայություններից, բոլորը պետք է փորձեն աշխատել հավասար մրցակցային պայմաններում»:


Yerkir.am-ի այն հարցին` ՀՀ օրենսդրությունը տալի՞ս է հնարավորություն ազնիվ աշխատելու, Մանվել Բադեյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությունը կատարյալին մոտիկ է, և դա ոչ թե իր գնահատականն է, այլ եվրոպական կառույցների: Ըստ նրա` ՀՀ օրենսդրությունը վատը չի, իր որակով  չի զիջում եվրոպական երկրների օրենսդրությանը, պարզապես խնդիրը կիրառման մեջ է:


Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` կիրառումն էլ մոտավոր պատկերացումներով չէ, կան թվեր, ստատիստիկա: Մանվել Բադեյանի խոսքով`  հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը  վերջին 10 տարիների ընթացքում աճել է 10 կետով` կազմելով  23-24 տոկոս:


«Եթե դրանից հանենք այն ոլորտները, որոնք առհասարակ չեն հարկվում, օրինակ` գյուղատնտեսությունը, որոշ այլ արտոնյալ ճյուղեր, նաև արտոնյալ անձանց, որոնք չեն հարկվում, ապա կտեսնենք, որ իրական հարկատուների վրա ընկած բեռը շատ մեծ է, և նրանք պատվով են դա անում և էլի պատրաստ են գոտիները ձգել, որովհետև գիտակցում են երկրի առջև կանգնած խնդիրները»,- ասաց Մանվել Բադեյանը:


Մեր այն հարցին, հնարավո՞ր է գործարարները գոտիները ձգելու արդյունքում թանկացնեն իրենց ապրանքները, նա պատասխանեց, որ թանկացումները խոսակցությունների արդյունքում չեն լինում, դրանք պայմանավորված են շուկայական գործիքներով: «Մի քանի հոգով ինչ խոսեցին իրար հետ` դա չի կարող ազդել գների վրա»,- ասաց պատգամավորը:


Այն հարցին` սեփականատեր պատգամավորները արդյո՞ք օրենքները փոփոխելիս չեն անելու դա` սեփական շահերից ելնելով, Մանվել Բադեյանը այսպես պատասխանեց. «Սեփականատեր են բոլորը` անկախ նրանից պատգամավոր են, թե չէ, դուք էլ եք սեփականատեր, ասենք` ձեր կոշիկի սեփականատերն եք, դուք էլ ձեր շահերն եք պաշտպանում, դուք էլ եք լոբբինգ անում,  հիմա ի՞նչ անենք, ձեզ արգելե՞նք թերթում աշխատել»: