Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը չի հասկանում Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարների գործողությունների իմաստը: Այս մասին պատգամավորն ասաց Yerkir.am-ի հետ զրույցում:
«Քաղաքական շատ հստակ պատասխան է եղել և նշանակվել է անկախ աուդիտ, որը պարզելու է հասարակությանը հետաքրքրող բոլոր հարցերը, այդ թվում` այն ամենը, ինչը վերաբերում է թալանին, հավելավճարներին և այլն: Մինչև այդ ամենի պարզվելը, թանկացում չի լինելու: Իմ կարծիքով` դրանից սպառիչ պատասխան չէր էլ կարող լինել»,- նշեց Բադեյանը`հավելելով. «Հիմա ես այդ ակցիայի շարունակության իմաստը չեմ հասկանում ուղղակի, որովհետև ցուցարարների արդար պահանջները բավարարվել են»:
Պատգամավորը կարծում է, որ ուշ թե շուտ ցուցարարները կհասկական, որ արվել է մաքսիմումը: Ըստ նրա` դրանից ավելի բան այս պահին հնարավոր չէր պահանջել, և ակցիայի մասնակիցները շուտով կհասկանան, որ այն դատապարտված է իմաստազրկման, և այլևս չեն գնա ակցիային մասնակցելու:
«Այդ մարդկանց մեջ կան նաև այնպիսիք, ովքեր ուրիշ նպատակներ են հետապնդում, իմ կարծիքով` քաղաքական: Իրան-իրան կհանգչի այդ ամենը, և ցուցարարների թիվը կպակասի, ու փողոցը կբացվի: Ոստիկանական օպերացիայի կիրառումը ցանկալի չէ: Վերջին հաշվով ոստիկանական օպերացիան ենթադրում է ուժի կիրառում: Ես չեմ բացառում, որ եթե այսպես շարունակվի, ոստիկանները ստիպված չեն լինելու դիմել գործողությունների»,- նշեց Բադեյանը:
Մեր դիտարկմանը, թե ոստիկանները գուցե ինչ-որ առումով իրենց մեղքերն են քավում հունիսի 23-ի դեպքերից հետո, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Դա արդեն գնահատականի խնդիր է: Ոստիկանական օպերացիան ենթադրում է ուժի կիրառում: Այլ կերպ հնարավոր չէ: Եթե կա նման բան, Դուք ասե՛ք: Արդեն ուրիշ հարց է` համարժեք ուժ է կիրառվել, թե` ոչ: Ընդհանրապես ասած` ավելի քան քնքուշ մոտեցում է եղել ոստիկանների կողմից»:
Դիտարկմանը, թե ստացվում է` ոստիկանների քնքուշ մոտեցման արդյո՞ւնքն են լրագրողների և ցուցարարների նկատմամբ հունիսի 23-ին իրականացված գործողությունները, պատգամավորը պատասխանեց, որ իր խոսքն ընդհանուրի մասին է: «Իսկ Ձեր նշած դեպքերի առնչությամբ էլ ծառայողական քննություն է վարվում: Եթե այդպիսի դեպքեր եղել են, որ անհրաժեշտ ուժի գերազանցում է եղել, դրանք էլ կպարզվեն: Բայց ասել, որ ոստիկանական օպերացիան առանց ուժի կիրառման կարող է լինել, հնարավոր չէ»:
Նա անդրադարձավ նաև Արմեն Աշոտյանի` ցուցարարների կողմից վատ ընդունելությանը: «Ցանկացած մարդու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը դատապարտելի է: Իսկ այնտեղ վիրավորանք էր գնում հայհոյանքի մակարդակով, ինչը, իհարկե, դատապարտելի է: Աշոտյանն իր քաղաքացիական պարտքն է կատարել, երբ գնացել է: Այո, իշխանության մաս կազմելով, նա գնացել էր ցուցարարներին որոշակի սատարում հայտնելու»,- ասաց Բադեյանը:
Նրա կարծիքով` հենց ՀՀԿ-ն է ամենամեծ պատնեշը եղել Բիբինի առաջ: «Չենք թողել 17 դրամով ավելացվի էլեկտրաէներգիայի սակագինը: Էս ամենից հետո Բիբինն էնքան նեղն ընկավ, որ չեկավ նույնիսկ լսումներին»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, թե, փաստորեն, Բիբինը դրա համար չի ներկայացել ՀԾԿՀ-ի նիստին և ԱԺ, Բադեյանը պատասխանեց, որ նիստերին ներկա չգտնվելը Բիբինի անդաստիարակության և անտակտության արդյունքն է: «Երբ ՀՀԿ-ի ֆրակցիայի նիստին եկավ, նեղն ընկավ և հասկացավ, որ ցանաացած դեպքում ինքը դատապարտված է մերկանալ` որպես ստախոս»,- նշեց պատգամավորը: