կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-25 16:35
Մշակույթ

«Կապրեի միայն Երևանում». Գեղամ Գրիգորյանին հրաժեշտ տվեցին

«Կապրեի միայն Երևանում». Գեղամ Գրիգորյանին հրաժեշտ տվեցին

Այսօր տեղի ունեցավ օպերային երգիչ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի վերջին հրաժեշտը: Անվանի երգչին հրաժեշտ տալու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, նախարարներ, քաղաքական, մշակութային գործիչներ ու պարզապես նրան ճանաչողներն ու արվեստը գնահատողները:

ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը նշեց, թե աշխարհին է հայտնի, որ նա մեծ արվեստագետ էր, միաժամանակ` լավ հայ, լավ մարդ, ճիշտ մարդ:

«Ազգային արժեքներին առանձնահատուկ տեղ էր տալիս: Ասում էր, թե կապրեր միայն Երևանում: Եվ դա ասում է այն մարդը, ով ապրել է աշխարհի տարբեր հռչակավոր քաղաքներում` գործի բերումով: Նա շատ էր սիրում ազգը, հայրենիքը, Երևանը: Թանկ կորուստ ունեցանք, Գեղամը գնաց` համալրելու մեր ազգի մեծերի փառավոր պանթեոնը:  Ափսոս, որ ժամանակից շատ շուտ գնաց»,-ասաց Պողոսյանը:

Ալտահար Մաքսիմ Նովիկովն էլ նշեց, որ Գեղամ Գրիգորյանը լուսավոր մարդ էր, տաղանդավոր անհատականություն: «Բոլորի համար էլ նա մեծ երաժիշտ էր, հանճարեղ երգիչ: Հույս ունեմ, որ այն բոլոր նախագծերը, որոնք քննարկում էինք, և այն ցանկությունները, որ նա կիսել է մեզ հետ, ապագայում կիրականացնենք»,- ասաց նա:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանն էլ նշեց, որ կորցրինք հայ աստղերից մեկին` բացառիկ օժտվածությամբ, մարդկային հատկություններով եզակի մի մարդու, ով մեծ երաժիշտ և լավ մարդ էր:

«Ուսանողական տարիներից ընկերներ ենք եղել, միասին պոնչիկանոց էինք գնում: Նա ոչ միայն լավ մարդ էր, այլև պրոֆեսիոնալ մասնագետ, ով միշտ զարմացնում էր հանդիսատեսին իր պատրաստվածությամբ»,- ասաց նա:

Նշենք, որ Գեղամ Գրիգորյանի աճյունն ամփոփվեց Կոմիտասի անվան պանթեոնում: