կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-22 14:55
Քաղաքական

ԱԺ-ն խոշոր կուսակցությունների տեղ է. Դավիթ Հարությունյան

ԱԺ-ն խոշոր կուսակցությունների տեղ է. Դավիթ Հարությունյան

Այսօր ԱԺ-ում կազմակերպվել են ԸՕ նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ` արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու հասարակական-քաղաքացիական կազմակերպությունների մասնակցությամբ:

Հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ աշխատանքային խումբը վերջնական լուծումների չի հանգել, և կառավարությունը լիազորել է աշխատանքային խմբին շարունակել աշխատանքը:

ՀԿ-ներից մեկը հարց հնչեցրեց, թե ի՞նչ կարգավորումներ կան ընտրակաշառքը բացառելու մասով: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ընտրակաշառքի քրեականացում այսօր էլ կա, և ոչ թե պատժի խստացումն է դրա դեմ պայքարի լավագույն միջոցը, այլ պատժի անխուսափելիությունը: Նրա խոսքով՝ եթե սովորական կաշառքի պարագայում հանցագործություն կատարողն այն անձն է, ով պահանջում է կաշառք, ընտրական կաշառքի պարագայում՝ հակառակը:

Փոքր կուսակցությունների ներկայացուցիչները հարցեր էին բարձրացնում, որ չեն կարող, սահմանվածի համաձայն, ամեն ընտրատարածքում ունենալ մինչև հինգ թեկնածու: Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց, որ եթե փոքր կուսակցությունները հավակնում են հավաքել ձայների հինգ տոկոսը, բայց չունեն հնգական թեկնածու ամեն ընտրատարածքում, դա իրենց խնդիրն է: «Թող խոսքս կոպիտ չհնչի, բայց ԱԺ-ն խոշոր կուսակցությունների տեղ է: Եթե որևէ կուսակցություն ի վիճակի չէ ունենալ 80 թեկնածու, ուրեմն առաջարկում եմ առաջիկա մեկ տարում ուժերը կենտրոնացնել դրա վրա, նոր միայն հավակնել ԱԺ ընտրություններին մասնակցելու»,- ասաց նախարարը:

Փոքր կուսակցությունների անդամները հակադարձեցին, որ մեծ կուսակցությունները, մտնելով ԱԺ, մոռանում են, որ պետք է ծառայեն ժողովրդին, ուստի պետք է նախատեսել դրույթ, որը կկասեցնի այն կուսակցությունների մուտքը խորհրդարան, որոնք չեն կարողանում ապահովել երկրի զարգացումն ու կանխել արտագաղթը:

«Այն պատճառով, որ եթե կուսակցությունը չի կանխում արտագաղթը, սահմանափակվի նրա մուտքը ԱԺ, դա կլիներ զավեշտ: Դուք չեք գտնի մի երկիր, որը այդ պատճառով դրույթ սահմաներ: Այնպես որ` պետք չէ Հայաստանում չակերտավոր ժողովրդավարություն հաստատել»,- ասաց Դավիթ Հարությունյանը: