կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-14 16:34
Մշակույթ

Ֆիլհարմոնիկ նվագախումբը 90 տարեկան է. տոնական միջոցառումները կլինեն հագեցած

Ֆիլհարմոնիկ նվագախումբը 90 տարեկան է. տոնական միջոցառումները կլինեն հագեցած

Այս տարի լրանում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի  90-ամյակը: Հոբելյանն անցկացվում է «ՀԱՖՆ 90» խորագրի ներքո՝ ընդգրկելով 7 համերգ, «ՀԱՖՆ-ի երախտավորները» գրքերի մեկամսյա ցուցահանդես, գիտական կոնֆերանս, այցելություն ՀԱՖՆ-ի գլխավոր դիրիժորների շիրիմներին, Արշակ Ադամյանի հուշաքարի բացում, «ՀԱՖՆ 90» ֆիլմի պրեմիերա և այլն:

Մարտի 15-ին՝ ժամը 15-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նախատեսված է «ՀԱՖՆ-ը և հայ երաժշտական մշակույթը» գիտական կոնֆերանսը՝ նվիրված ՀԱՖՆ-ի երախտավորներին: Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, ՀՀ կոմպոզիտորների միության և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ակնառու ներկայացուցիչները:

Մարտի 20-ին նախատեսված է այցելություն ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորների շիրիմներին: Այդ օրը ՀԱՖՆ-ի համար խորհրդանշական է նրանով, որ նվագախմբի առաջին համերգը կայացել է հենց մարտի 20-ին:

Այս օրերին ֆիլհարմոնիկը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, պատրաստվում է մարտի 29-ին և 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք` Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային թատերականացված կատարման պրեմիերային: Գլխավոր դերերում հանդես կգան ճանաչված օպերային մեներգիչներ, կձայնակցեն «Հովեր» պետական կամերային և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբերը: Ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը օպերային արվեստի սիրահարներին խոստանում է հետաքրքիր անակնկալներ:

Ապրիլի 8-ին՝ ժամը 19-ին, տեղի կունենա Հայաստանի կոմպոզիտորների միության փառատոնային համերգը՝ նվիրված ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակին, կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Ապրիլի 13-ին՝ ժամը 17-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «ՀԱՖՆ 90» ֆիլմի պրեմիերան: Վավերագրական ժանրի ֆիլմը պատրաստվում է «Շարմ» հոլդինգի կողմից /ռեժիսոր՝ Ավագ Ավագյան/:

Ապրիլի 15-ին՝ ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում դաշնակահարուհի Կատարինա Թրոյթլերը (Գերմանիա) հանդես կգա Բրամսի թիվ 1 դաշնամուրային կոնցերտի կատարմամբ: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Հոբելյանական միջոցառումների շարքը կամփոփվի ապրիլի 19-ին՝ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում գալա համերգով: Նույն օրը՝ առավոտյան, Մաշտոցի 43 հասցեում տեղի կունենա  Արշակ Ադամյանի հուշաքարի բացումը: