կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-14 12:02
Իրավական

Սարի թաղում դանակահարված երիտասարդներից երեքը դեռ հիվանդանոցում են

Սարի թաղում դանակահարված երիտասարդներից երեքը դեռ հիվանդանոցում են

Երեկ Սարի թաղում դանակահարություններով ուղեկցված վիճաբանություններից հետո «Էրեբունի» ԲԿ տեղափոխված երիտասարդների վիճակը բավարար է: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ԲԿ-ի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը: Նրա խոսքով՝ իրենց մոտ է տեղափոխվել 6 անձ, որոնցից մեկը մահացել է: Նրա խոսքով՝ տուժածներից երկուսն արդեն դուրս են գրվել, իսկ երեքը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք: Բոլոր տուժածները Սարի թաղի բնակիչներ են:

Մահացածը 16 տարեկան էր, նա կրծքավանդակի առաջնային մակերեսին ստացել էր կյանքի հետ անհամատեղելի՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք։

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը)։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են 1 գլխարկ, կոշիկ, արնանման հետքեր։ Առգրավվել են նաև տուժածների հագին դեպքի պահին եղած հագուստները։ Նշանակվել են դատաբժշկական, դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ։

Մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների աստիճանը պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ: