կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-11 14:01
Իրավական

Ոստիկանն անհիմն մեղադրվել է հանցագործության մեջ. ՀՔԾ

Ոստիկանն անհիմն մեղադրվել է հանցագործության մեջ. ՀՔԾ

Քաղաքացի Գագիկ Գ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայող Էդվարդ Ա.-ն կեղծ տվյալներ է ներկայացրել անձնագրային բաժանմունք՝ որդու կողմից տնակում չբնակվելու վերաբերյալ, որի հետևանքով վերջինս չի կարողացել ստանալ զինվորական գրքույկը և զրկվել է անվճար բուժօգնություն ստանալու հնարավորությունից:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում` ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների, հիշյալ տնակի հարևանությամբ գտնվող բնակիչների բացատրություններով պարզվել է, որ  նշված տնակում որևէ մեկը չի բնակվում:

Բացի այդ, Գյումրու քաղաքապետարանից և հետաքննական մարմնից ստացված նույնաբովանդակ գրություններով հաստատվել է, որ  քաղաքացի Գագիկ Գ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Արդյունքում` նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ քաղաքացի Գագիկ Գ.-ն հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողին:

Գագիկ Գ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: