կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-10 12:49
Հասարակություն

Անպտղության ցուցանիշը կրճատվել է 2.3 անգամ

Անպտղության ցուցանիշը կրճատվել է 2.3 անգամ

Տարածաշրջանում, սեռով պայմանավորված, հղիության արհեստական ընդհատումների (սելեկտիվ աբորտներ) ցուցանիշով Հայաստանը զիջում է հարևան Վրաստանին և Ադրբեջանին. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը՝ նշելով, որ եթե հարևան երկրներում թաքցնում են այդ ցուցանիշը, ապա Հայաստանում ամեն օր բարձրաձայնում են դրա մասին, որպեսզի հետագայում ծնող մայրերի թվաքանակի խնդիր չլինի:

Ներկայումս կառավարությունը մշակում է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ. ազգային ծրագիր, որը պետք է նպաստի նոր ընտանիքների ձևավորմանը և ծնելիության աճին։ Գայանե Ավագյանի խոսքով՝ իրենք թիրախ պետք է դարձնեն այն կանանց, ովքեր վերարտադրողական խնդիրներ ունեն և պետք է գտնեն ու վերացնեն անհաջող ավարտ ունեցող հղիությունների պատճառները։ «Լինում են ինքնաբեր վիժումներ, պտղի արատներ, որոնց դեպքում ստիպված ընդհատվում է հղիությունը։ Վաղաժամ ծննդաբերություններ, երբ երեխաները ծնվում են շատ փոքրիկ, և նրանց ապրելու հնարավորությունը քիչ է, քան հասուն նորածիններինը։ Մենք պետք է կարողանանք նվազեցնել նման դեպքերը։ Թեև Հայաստանում վերջին տարիներին 2.3 անգամ կրճատվել է անպտղությունը, բայց, ընդհանուր առմամբ, մենք ունենք 14.9% անպտղություն»,- ասաց նա ՝ նշելով, որ անպտղության 70-72% դեպքերում պատճառը կանայք են։

Ավագյանը նաև նշեց, որ նախորդ տարեվերջից Հայաստանում սկսվել է սահմանամերձ գյուղական համայնքներում վերարտադրողական խնդիրները լուծելու ծրագիր, մասնավորապես՝ անպտուղ զույգերին հնարավորություն է տրվում օգտվել արտամարմնային բեղմնավորմամբ երեխա ունենալու հնարավորությունից։ Նրա խոսքով՝ ներդրվելու է նաև մինչ ամուսնական հետազոտման ծրագիր, երբ ամուսնանալուց առաջ զույգը կհետազոտվի և կհայտնաբերվեն բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են խոչընդոտ դառնալ զույգի բեղմնավորման կամ առողջ երեխա ունենալու համար։ Այս ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի ավելացնել ծնունդների թիվը, և երկրում կբարձրացնա վերարտադրողական պոտենցիալը: