կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-20 11:53
Հասարակություն

78 միլիոն դրամ` անպտղության բուժման համար

78 միլիոն դրամ` անպտղության բուժման համար

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն այսօր լրագրողներին ներկայացրեց Հայաստանում վերարտադրողականության առողջության պահպանմանն ուղղված այն պայմաններն ու ծառայությունների ցանկը, որոնք կառավարությունն անվճար արտոնել է սոցիալապես անապահով շահառու ընտանիքներին: Ըստ փոխնախարարի` կառավարությունը 78 միլիոն դրամ է հատկացրել` այս ամենն իրականացնելու համար:

«Մարդու վերարտադրողական առողջությունը օրենքով է կարգավորվում: Այս օրենքն ընդունվել է 2002 թվականին: Օրենքը պարունակում է բազմաթիվ դրույթներ: 2015 թվականին ավելացրել ենք մի դրույթ: Այս գործընթացի համար նախատեսված է 78 միլիոն դրամ, որը հատկացրել է մեր կառավարությունը: Սա առաջին տարին է, հետագայում արդեն կարող ենք հավելյալ գումարներ ակնկալելու մասին խոսել»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց նաև, որ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն, ընտրվում են անապահով խավերի ներկայացուցիչները և նրանց տրամադրվում է համապատասխան բուժում:

«Այդ գործընթացը ենթադրում է հետևյալ փուլերը` հետազոտություն, ախտորոշում և բուժում: 30-ից բարձր տարիքային խմբում շուրջ 21 հազար մարդ է տառապում անպտղությամբ: Անպտղությամբ տառապողների 3,4 տոկոսը առաջնային մակարդակում են, 28,5-ը` երկրորդային անպտղությամբ են տառապում, 15, 6 տոկոսն էլ վերաբերում է տղամարդկանց անպտղությանը»,- հայտնեց Խաչատրյանը:

Ըստ նրա` յոթ տարի առաջ չէինք կարող այս ամենն անել, սակայն հիմա արդեն հինգ կազմակերպություն կա դաշտում, և հուլիսի 1-ից քաղաքացիները կարող են դիմել առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովին` բուժօգնություն ստանալու համար:

Փոխնախարարը նշեց նաև, որ ՀՀ-ում հինգ կլինիկա կարող է այս բուժօգնությունն իրականացնել: Խոսքը Հանրապետական ծննդատան, Մարգարյանի ծննդատան, Շենգավիթի ծննդատան, «Վիտրոմեդ» բուժհաստատության, ինչպես նաև` «Մարդու պտղաբերության կենտրոն» ՓԲԸ-ի մասին է: «Բուժօգնության դիմած զույգերից մեկը գոնե պետք է լինի ՀՀ քաղաքացի»,- եզրափակեց փոխնախարարը: