Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 24-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Թուրքական Gerçekgündem.com լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ցեղասպանության վերաբերյալ նախագծերը ներկայացրել են Գերմանիայի խորհրդարանի Ձախերի և Կանաչների կուսակցությունները: Փետրվարի 24-ին խորհրդարանական քննարկումների ժամանակ այդ նախագծերի քննարկմանը կտրամադրվի 38 րոպե. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Գերմանիայի դաշնային խորհրդարանն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները բնութագրել էր որպես ցեղասպանություն: Թեմայի առնչությամբ համատեղ տեքստ մշակելու նպատակով իշխանությունն ու ընդդիմությունը որոշում էին կայացրել՝ նախագծերը արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովին փոխանցել:
Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը 2015թ. մարտին հետևյալ հայտարարությունն էր արել. «Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Եվ դա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր»:
Իսկ Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, հիշեցնելով, որ հայոց զանգվածային ջարդերը ցեղասպանություն են որակել և\' Գերմանիայի նախագահը, և\' խորհրդարանի նախագահը, նշել էր. «Անհրաժեշտ է, որպեսզի ամեն մեկը ձեռքն իր խղճին դնի ու հարցնի՝ եթե այդ մարդիկ չմեռնեին, ինչպիսի՞ն կլիներ այսօրվա Թուրքիան: Այսինքն` եթե հայերը, ասորիները, հույները ապրեին, Թուրքիան բազմամշակույթ լիներ, շա՞տ վատ կլիներ: Ոչ, ընդհակառակը, այս առումով Թուրքիան շատ բան է կորցրել: Ցեղասպանություն իրականացրած երիտթուրքերը Սարիղամիշում թուրք զինվորներին էլ են ոչնչացրել: Երիտթուրքերն են կործանել Օսմանյան կայսրությունը: Հետևաբար, նրանց պաշտպանելն անիմաստ է: Յուրաքանչյուրը պետք է հարցնի ինքն իրեն, թե ումից է ցանկանում օրինակ վերցնել»: