Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին։ Օրինագիծը ներկայացնելու է պահպանողական խորհրդարանական Թիմ Լաութոնը, նպատակն է պաշտոնական ճանաչման և հիշատակության միջոցով ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը:
Օրինագիծն ունի հիմնական երեք դրույթներ․ առաջին՝ Օսմանյան կայսրության և դրան հարակից տարածքներում 1915-1923 թթ․ ընթացքում հայության ջարդերի պաշտոնական որակում՝ որպես ցեղասպանություն, երկրորդ՝ ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա ոգեկոչում, երրորդ՝ Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործություների վերաբերյալ կրթության և հանրային տեղեկացվածության խթանում։
Ըստ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը այդ երկրի համար կարևոր է մի քանի պատճառներով: Նախ՝ օրինագծի ընդունումը կհաստատի Մեծ Բրիտանիայի հավատարմությունը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիային և դրա հիմնական արժեքներին։ Երկրորդ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Մեծ Բրիտանիան կամրապնդի իր հավատարմությունը համամարդկային իրավունքների պաշտպանությանը, քանի որ նման մասշտաբի հանցագործությունը չճանաչված թողնելը անպատժելիության վտանգավոր ուղերձ է. անպատիժ հանցագործությունը խրախուսվող հանցագործություն է: Երրորդ՝ Միացյալ Թագավորության, որպես համաշխարհային խաղացողի, դերն ու պարտականությունն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և առաջ մղել Ցեղասպանության ուսումնասիրությունըն ու մեծացնել մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը:
Մեծ Բրիտանիան արևմտյան այն սակավաթիվ առաջատար երկրներից է, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը վկայում է արդարադատության հիմնարար հասկացությունների պահպանման կոպիտ ձախողման մասին: Թիմ Լաոթոնի օրինագիծը Մեծ Բրիտանիային հնարավորություն է տալիս շտկելու անարդարության և անպատժելիության այս ընթացքը:
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը և ՄԹ հայ համայնքը կոչ են անում կառավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ բրիտանական արժեքների և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։ Հայ դատի հանձնախումբն աշխատում է Թիմ Լաութոնի կողմից ներկայացված օրինագծի անցկացման ուղղությամբ:
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբ
08.11․2021թ.