Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որպեսզի այն սահմանված կարգով ներկայացվի Ազգային ժողով:
Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղողի օղիների արտադրությունը խթանելու անհրաժեշտությամբ: ՀՀ գործող օրենսդրությամբ` խաղողի օղիների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ: Այդ պատճառով Հայաստանում խաղողի օղի գրեթե չի արտադրվում: Գինու առանձին տեսակների (աղանդերային, կիսաաղանդերային, խերեսային, պորտվեյն, մադերա և այլն) արտադրության տեխնոլոգիայով պահանջվում է դրանց ավելացնել բացառապես խաղողի օղի, մինչդեռ խաղողի օղու բացակայության պատճառով ավելացվում է ցորենի օղի, որն արգելված է ԵՄ և ՌԴ օրենսդրությամբ: Մյուս կողմից` գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները հնարավորություն չեն ունենում օղու արտադրության նպատակով թորելու գինու արտադրության համար ոչ պիտանի գինենյութը, վերամշակելու բավականին մեծ ծավալ (շուրջ 25%) կազմող մնացորդները, ինչպես նաև իրականացնելու խաղողի մի շարք սորտերի մթերումներ, որոնք չեն մթերվում գինու և կոնյակի արտադրության նպատակով:
ՀՀ օրենքով ծանուցման ենթակա Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման ծանուցման շարքում լրացնել խաղողի օղու արտադրության գործունեության իրականացումը: Ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով գանձվող տարեկան տուրքի դրույքաչափը հավասարեցնել պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափին:
Օրենքի նախագծի ընդունումից ակնկալվում է, որ՝
1) կբարելավվի և կակտիվանա ոլորտի գործարար միջավայրը,
2) կսկսեն մթերել խաղողի մի շարք սորտեր, որոնք չեն մթերվում գինու և կոնյակի արտադրության նպատակով,
3) գինու արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները հնարավորություն կունենան օղու արտադրության նպատակով թորելու գինու արտադրության համար ոչ պիտանի գինենյութը, ինչպես նաև վերամշակել բավականին մեծ ծավալ (շուրջ 25 %) կազմող մնացորդները,
4) կապահովվի գինու առանձին տեսակների (աղանդերային, կիսաաղանդերային, խերեսային, պորտվեյն, մադերա և այլն) արտադրության տեխնոլոգիայով ԵՄ և ՌԴ օրենսդրության պահանջները և գինու նշված տեսակներին ցորենի օղու փոխարեն կավելացվի բացառապես խաղողի օղի:
5) կսկսվի նոր արտադրատեսակի՝խաղողի օղու արտադրություն, որն ունի իրացման, հատկապես արտահանման ծավալային մեծ պոտենցիալ,
6) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:
Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ սա շատ լավ նախաձեռնություն է, այն ծնվել է գործարարների հետ հանդիպումների ընթացքում: Ըստ վարչապետի` այդ նախաձեռնությունը կնպաստի խաղողի օղու արտադրության ծավալների մեծացմանը և խաղողի այլ տեսակների մթերմանը, որոնք մինչև այս դժվարությամբ էին մթերվում:
«Դրա համար մենք տուրքը 15 միլիոնի փոխարեն դարձնում ենք 50 հազար դրամ, ապա, մեր կանխատեսումներով, մոտ 20 արտադրող ընկերություն կավելանա, որոնք տարեկան կմուծեն ոչ թե 15 միլիոն դրամ տուրք, այլ 50 հազար դրամ, և կլուծվեն խաղողագործության խնդիրները»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: