Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ նախօրեին Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանն ազատվել է աշխատանքից: Մելիքսեթյանը yerkir.am-ի հետ զրույցում ասել էր, որ մինչև իրեն աշխատանքից ազատելու հրամանը հանդես էր եկել բաց նամակով` նշելով, որ ազատվում է աշխատանքից: Մելիքսեթյանը նշում էր, որ թատրոնում դերասանները չեն հաշտվում իր սահմանած կարգուկանոնի հետ, իսկ մշակույթի նախարարությանը ձեռնտու է այս իրավիճակը, հետևաբար կարծում է` ինքն անելիք չունի այդ թատրոնում:
Այսօր թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը պետք է հանդես գար ասուլիսով, այդ մասին տեղեկացվել էր ԶԼՄ-ներին, սակայն ասուլիսը տեղի չունեցավ: Ավելին` Գրիգորյանն այսուհետ հրաժարվում է պարզաբանում տալ թատրոնում տեղի ունեցածի վերաբերյալ:
Yerkir.am-ի տեղեկություններով` այս օրերին հետաքրքիր հանդիպումներ են տեղի ունեցել մշակույթի նախարարությունում. Հասմիկ Պողոսյանը հերթով ընդունել է դժգոհ կողմերին` թե՛ Մելիքսեթյանին, թե՛ դերասաններին, զրուցել է նաև տնօրենի հետ: Սակայն հարցն այդպես էլ լուծում չի ստացել, բավարարվել են միայն այնքանով, որ մինչ այդ նիստ են գումարել, խաղացանկը հաստատել, դե հերիք է, էլի:
Մեզ մոտ արդեն սովորություն է դառնում` որտեղ խնդիր կա, տեղում կրճատումներ են լինում /օպերային թատրոնում վերջին տարիների զարգացումները` վառ օրինակ/, իսկ խնդիրը մնում է` օդում կախված:
Մելիքսեթյանն, ի դեպ, 1997-2006թթ. եղել է երաժշտական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 2006-ին, սակայն, թատրոնի տնօրեն Լևոն Աբրահամյանի և գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանի միջև կոնֆլիկտ ծագեց, ասում են` թատրոնի շենքն ուզում էին վաճառել, իսկ Մելիքսեթյանը դեմ էր որոշմանը: Այդ ժամանակ Հասմիկ Պողոսյանը նոր-նոր էր նշանակվել նախարար, և հարցը յուրօրինակ լուծում ստացավ` Լևոն Աբրահամյանին և Արմեն Մելիքսեթյանին ազատեցին աշխատանքից:
Տարիներ անց տեղի ունեցավ անսպասելի շրջադարձ` 2014 թվականի հոկտեմբերի 1-ից Արմեն Մելիքսեթյանը կրկին թատրոնում աշխատանքի անցավ, այս անգամ` որպես թատրոնի գլխավոր ռեժիսոր:
Տրամաբանությունը հուշում է, որ եթե Մելիքսեթյանին կրկին վերանշանակել են թատրոնում` պաշտոնի, նշանակում է` նա պետք էր թատրոնի զարգացմանը: Սակայն մշակութային դաշտում վաղուց տեղի են ունենում տրամաբանությունից դուրս դեպքեր, ուստի ամենևին էլ զարմանալի չէ, որ Մելիքսեթյանին աշխատանքի ընդունելուց 1,5 տարի հետո կրկին ազատեցին աշխատանքից:
Կա նաև երկրորդ տարբերակը` Մելիքսեթյանը լավ չէր կատարում իր գործը, բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում` ինչո՞ւ նրան կրկին թատրոն բերեցին: Այսինքն` ինչպես էլ պտտվենք, նախարարությունն անպատասխան հարցեր է թողնում:
Ավելին` դեռ 2015-ի դեպտեմբերին, երբ մամուլի ասուլիս էր կազմակերպվել, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ասել էր. «Այն, որ թատրոնի ստեղծագործական և ադմինիստրատիվ ղեկավարությունը փոխվեց, եզրակացություններ անելու տեղիք է տալիս բոլորիդ, որ նախարարությունն այդ կերպ ուզում էր թատրոնը վերադարձնել իր կանոնադրական նպատակների իրականացմանը: Եթե Մելիքսեթյանին խնդրել ենք վերադառնալ, ուրեմն պետք է մտորել, թե` ինչու»:
Հավատացեք, պարո\'ն Պողոսյան, մտորում ենք, բայց հիմա, երբ նրան կրկին հեռացրել են աշխատանքից, այդ մտորումները որևէ արդյունք չեն տալիս: Ուշագրավ կլիներ, եթե մշակույթի նախարարությունից պատասխանեին. «Եթե Մելիքսեթյանին ազատել են աշխատանքից, ուրեմն պետք է մտորել, թե` ինչու»:
Ի դեպ, վերջին տարիներին նախարարությունն անընդհատ մեզ մտորելու «առիթներ» է տալիս. մտորում-մտորում ենք, քննարկում, բարձրաձայնում, բայց գնալով դեպքերն ավելանում են` մեկը մյուսից ուշագրավ:
Հիմա, թե ի՞նչ կլինի կամերային երաժշտական թատրոնի հետագա ճակատագիրը, պարզ չէ: Հուսանք` գլխավոր ռեժիսորի հաստիքը չի լուծարվի:
Կարինե Հարությունյան
Հ. Գ. Միայն թե չասեք` մշակույթի նախարարությունը նշանակման կամ ազատման հետ որևէ կապ չունի, տնօրենն ինքն է որոշում` ում ընդունի աշխատանքի և ում հեռացնի, կարող է հանկարծ հավատանք: