Արցախի Մարտակերտի շրջանի Վարդաձոր (Գյուլաթաղ) գյուղի բնակչուհի, արցախյան պատերազմի մասնակից Աղավնի Դանիելյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հուշ-երեկո է կազմակերպել Հայ օգնության միությունը՝ ։ Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում՝ ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Արցախպրես»-ը։
Բացման խոսքով հանդես է եկել ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանը:
Նա ասել է, որ Աղավնի Դանիելյանը դեռևս 1980-ական թվականների սկզբներին Արցախում ծավալել է մի գործունեություն, որն այժմ իրականացնում են բարեսիրական բոլոր կազմակերպությունները:
«Ինքս անձամբ ծանոթ չեմ Աղավնիի հետ, բայց լսելով իր բարեկամներին,համագյուղացիներին,կուրսընկերուհիներին, ծանոթներին՝ տպավորություն է ստողծվել, որ նա պարզ, հասարակ, բարեսիրտ, հոգատար, հայրենիքին նվիրված կին էր:
Նա իր մեջ կրում էր հայուհու իսկական կերպարը: Աղավնին պատերազմի ժամանակ եղել է գթության քույր և անհրաժեշտության դեպքում նաև զինվոր:Այսօրվա միջոցառումը նպատակ ունի մեկ անգամ ևս հիշել Աղավնիին, ինչպես նաև ուղերձ հղել երիտասարդությանը, թե ինչպիսին և ինչ հատկանիշներով պետք է օժտված լինի իսկական հայուհին: Նա մեծացել է մանկավարժի ընտանիքում՝ դաստիարակվել հայրենասերի գաղափարով: Նա մտածելակերպով, հավատով զինվոր էր, գիտեր Արցախ աշխարհի պատմական անցյալը և հավատում էր գալիքին: Ցավոք նա ունեցել է շատ կարճ կյանք. մահացել է 1996 թվականի նոյեմբերի 2-ին՝ 37 տարեկան հասակում, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում»,-ավելացրել է Ա. Հարությունյանը:
Աղավնի Դանիելյանի եղբորորդի Գառնիկ Դանիելյանը, ով Երևանից Արցախ է եկել մասնակցելու միջոցառմանն իր խորհին շնորհակալություն է հայտնել ՀՕՄ-ին՝ իր հորաքրոջ հիշատակը վառ պահելու համար:
Խոսելով հորաքրոջ մասին նա մասնավորապես ասել է. «Աղավնին հայրենասեր էր, նա այդպես էր դատիարակում նաև մեզ, և իր օրինակը ոգևորող էր բոլորիս համար: Նա կոչ էր անում բոլորին, որ երբեք չլքեն Արցախը, որովհետև Արցախն իր համար սրբություն էր, ընտանիք: Նրա կարծիքով՝ չկա ավելի թանկ ու ավելի կարևոր սրբություն քան հայրենիքն է: Նա միշտ կողմնակից էր, որ հայրենիքի փրկությունը հայ ժողովրդի միասնականության մեջ է: Հպարտ եմ, որ ունեցել եմ Աղավնու պես հորաքույր: Ուրախ եմ, որ Աղավնու ու նրա նմանների շնորհիվ այսօր ունենք ազատ, անկախ Արցախ և համոզված եմ, որ Արցախն այսուհետ ևս նոր Աղավնիներ կծնի, ովքեր նույնպես նվիրված կլինեն իրենց հող հայրենիին»:
Աղավնի Դանիելյանի կուսընկերուհի, գրող, լրագրող Նվարդ Ալեքսանյանը՝ խոսելով Աղավնու մասին՝ ասել է, որ իր համար այսօրը շատ հուզիչ է, որովհետև Աղավնին իսկապես արժանի է մեծարման ու դրվատանքի:
«Հայրենիքի պաշտպանության գործում յուրաքնչյուրի գործը շատ կարևոր է: Աղավնին թողեց իր հանգիստ կյանքը Երևանում և այդ օրերին եկավ Արցախ՝ իր ծննդավայր: Նա ինչով կարողանում էր ձգտում էր օգտակար լինել, հասնել այն բաղձանքին, որը բոլորինն է: Նա իր գործով, աշխատանքով, ներկայությամբ եղել է շատ վառ կերպար: Իր նուրբ մարմնում ուներ ուժող ոգի: Կարողանում էր իր շրջապատին վարակել լավով, գեղեցիկով: Նշեմ նաև, որ երբ «լուռ» էր ԱՀ ռադիոն և հեռուստատեսությունը, Աղավնին գաղտնի հաղորդավար էր աշխատում. նա այն ձայնն էր, որն ասում էր՝ կանք, կլինենք և միշտ էլ հաղթանակը մերն է լինելու»,-նշել է Ն. Ալեքսանյանը:
Միջոցառմանը ներկա Աղավնիի համագյուղացիները, աշակերտները, ծանոթները կիսվել են իրենց հիշողություններով. նրանք Աղավնիին հիշել են, որպես օրինակելի, բարի կամքի տեր, հայրենանվեր, անսպառ եռանդով, գեղանի, գրագետ ու հոգատար անձնավորություն: