կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-12 14:18
Քաղաքական

Կարո՞ղ է` լուրջ եք ընդունել, որ Փոստանջյանը կարող է ընտրվել. ՀՀԿ-ն հեգնում է

Կարո՞ղ է` լուրջ եք ընդունել, որ Փոստանջյանը կարող է ընտրվել. ՀՀԿ-ն հեգնում է

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ՄԻՊ պաշտոնում թեկնածուի ընտրության հարցը:

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով առաջադրել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, ներկայացրեց նրա կենսագրական տվյալները: «Նա իմ տպավորության մեջ է որպես խիզախ կին, ինչի պատճառով ես առաջադրել եմ նրա թեկնածությունը»,- ասաց պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հայտարարեց, որ համաձայն չէ Էդմոն Մարուքյանի հետ` ասելով, որ որպես պատգամավոր էլ Զարուհի Փոստանջյանը կարող է կատարել մարդու իրավունքների պաշտպանի դերը:

Էդմոն Մարուքյանն էլ պատասխանեց, որ ԱԺ պատգամավորի սահմանադրական իրավունքները և պարտականությունները խստորեն տարբերվում են ՄԻՊ ինստիտուտի առաքելությունից: «Որևէ ԱԺ պատգամավոր չի կարող որևէ քաղաքացու գործ ընդունել վարույթ, քննարկել, հետո որոշում կայացնել` մարդու իրավունքների խախտում եղե՞լ է, թե՞ ոչ, հետո պետական կառավարման մարմնին ստիպել վերականգնել իրավունքը: Տարբերությունն ուղղակի անհամեմատելի է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հեգնեց. «Կարո՞ղ է` լուրջ եք ընդունել, որ նա կարող է ընտրվել»: Ապա հավելեց, որ Մարուքյանը, առաջարկելով Փոստանջյանի թեկնածությունը, ըստ էության, ցանկանում է «Ժառանգություն» կուսակցության և համանուն խմբակցության գերեզմանափորը դառնալ:

Մարուքյանը հակադարձեց. «Նախ` զարմացած եմ, որ Դուք գերեզմանափորի պիտակ եք ցանկանում կպցնել ինձ կամ այն քաղաքական ուժին, որը ես եմ ներկայացրել: Ես թեկնածություն առաջադրելուց առաջ հարցը քննարկել եմ տիկին Փոստանջյանի հետ: Չեմ կարծում, որ ես պետք է քննարկեի «Ժառանգություն» կուսակցության հետ: Եթե Զարուհի Փոստանջյանը համաձայնել է, նշանակում է` նա քննարկել է իր կուսակցության հետ»:

Նա ընդգծեց, որ եթե հանձնաժողովականները ձայն տան իր թեկնածուին, «Ժառանգություն» խմբակցությունը չի դադարի գործել: «Զարմանում եմ, որ Հանրապետական խմբակցությունն է այդ դարդն անում: Եթե դուք լուրջ չեք ընդունել այդ թեկնածությունը, ինչո՞ւ եք խառնվել իրար: Ես ինչ որ անում եմ, լուրջ եմ անում, ես անլուրջ բան չեմ անում»,- ասաց Մարուքյանը:

Այնուհետև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց ինքն իրեն` ասելով, որ լիարժեք պատրաստ է կատարել ՄԻՊ-ի պաշտոնը, ինքը կաշկանդված չի լինի իր գործողություններում:

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց` եթե Զարուհի Փոստանջյանը դառնա ՄԻՊ, ինչպե՞ս է գործելու «Ժառանգություն» խմբակցությունը:

Փոստանջյանը, պատասխանելով հարցին, ասաց, որ եթե «Ժառանգություն»-ում ինքը չծավալի գործունեություն, ապա դա չի նշանակի, որ կուսակցությունն այլևս չկա: