կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-12 13:25
Հասարակություն

Երեխայի իրավունքն ու դատարանի վճիռը հաճախ բախվում են

Երեխայի իրավունքն ու դատարանի վճիռը հաճախ բախվում են

Հայաստանում ընտանեկան բռնությունների թիվը չի ավելացել, ընդհակառակը` նվազել է: Եթե շատ է բարձրաձայնվում այդ մասին, դա դեռ չի նշանակում, որ դեպքերի թիվն ավելացել է. այսօր լրագրողներին ասաց իրավական հոգեբան Արկադի Մեհրաբյանը:

Ըստ նրա` պետք է շտկումներ մտցվեն օրենսդրական դաշտում, թե ի՞նչ ասել է բռնություն, քանի որ եթե բռնություն է համարվում նաև մանիպուլյացիան, ապա յուրաքանչյուրս ամեն պահ բռնության ենք ենթարկվում:

«Լինում են դեպքեր, երբ դատարանը վճիռ է կայացնում` երեխան պետք է մնա ծնողներից այս կամ այն կողմի հետ, բայց ԴԱՀԿ-ն ասում է, որ չի կարող կատարել դատարանի որոշումը, քանի որ երեխան չի ցանկանում: Կարծում եմ`  հեշտ է հասկանալ` երեխան ուզո՞ւմ է շփվել ծնողի հետ, թե՞ ոչ, և երեխան առարկա չէ, որը ինչ-որ մարմին որոշի` ինչպես վարվել նրա հետ: Մեզ մոտ իրավիճակը երկակի է լինում`  մի կողմից կա դատարանի որոշում, մյուս կողմից` երեխայի ցանկությունը, որն անտեսելը նույնպես իրավունքի խախտում է»,-ասաց Մեհրաբյանը:

Կանանց աջակցման կենտրոնի իրավաբան Նոնա Գալստյանը նշեց, որ իրենց առաջին հերթին անհանգստացնում է ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության խնդիրը, քանի որ անգամ այն փուլում, երբ կինը դիմում է դատարան, չեն դադարում սպառնալիքները:

«Այս պարագայում հայտնվում ենք անելանելի վիճակում: Բացի այդ` բռնարարը երեխային օգտագործում է զոհի դեմ` նրա կամքը ճնշելու և պարտադրելու համար, որ հետ կանգնի իր որոշումից և հետ վերցնի բողոքը: Եղել են դեպքեր, որ երեխային հարկադրաբար պահել են իրենց մոտ` պայման դնելով, որ մինչև հետ չվերցնի բողոքը, չի վերադարձնելու երեխային: Նա այդ ընթացքում կարող է երեխային մոր դեմ տրամադրել»,- ասաց Գալստյանը:

Ըստ նրա` դատարան դիմելիս անձն անցնում է երկար պրոցես, կարող է մինչև մեկ տարի տևել, իսկ երբ հրապարակվում է վճիռը` երեխային մորը հանձնել, ԴԱՀԿ-ն պատճառաբանում է, որ երեխան չի ցանկանում վերադառնալ մոր մոտ: Ստացվում է դատարանի վճիռը կյանքի չի կոչվում: «Ինձ մոտ տպավորություն է, որ նման դեպքերում ԴԱՀԿ-ն դառնում է երկրորդ ատյան և կրկին անցնում վճիռ կայացնելուն: Բայց պետք չէ մոռանալ, որ երեխան գտնվում է նրա ազդեցության տակ, ում մոտ այդ պահին գտնվում է: Այս դեպքերում մենք ստիպված են լինում դիմել եվրոպական դատարաններ և ասել` տեսեք` Հայաստանում որոշում է ընդունվել, որը չի կատարվում»,- ասաց Գալստյանը:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության` ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր Հասմիկ Մովսեսյանը պարզաբանեց, որ եթե երեխան չի ցանկանում մոտենալ պահանջատիրոջը, իրենք չեն կարող ստիպել երեխային: Ըստ նրա` իրենք երեխաների դեմ երբևէ չեն կարող բռնություն կատարել:

«Երեխայի հետ հոգեբանական աշխատանքը պետք է կատարվի շատ նուրբ, զոռով հնարավոր չէ նրան պարտադրել ինչ-որ քայլի դիմել, և մենք իրավունք էլ չունենք: Առաջին հերթին մենք պաշտպանում ենք երեխայի իրավունքը: Լինում է, որ վճռված է լինում երեխային հանձնել այս կամ այն կողմին, բայց երեխան չի ուզում գնալ նրա մոտ: Մենք այս դեպքում չենք կարող երեխայի ցանկությանը բռնանալ»,- ասաց Մովսեսյանը: