կարևոր
2248 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-06 23:30
Հասարակություն

Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնում․ հիմք է ընդունվել դատարանի վճիռը

Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնում․ հիմք է ընդունվել դատարանի վճիռը

Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 26-ի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը դեկտեմբերի 6-ից վերականգնվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

«Հիմք ընդունելով Վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/9814/05/21 վարչական գործով վճիռը և ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով`

Նանե Ասատրյանին 2023 թվականի դեկտեմբերի 6-ից վերականգնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում:

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ հրապարակումից հետո անհապաղ սույն որոշման մասին պատշաճ կարգով իրազեկել Նանե Ասատրյանին»,- ասվում է որոշման մեջ:

Նշենք, որ Նանե Ասատրյանը մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի նոյեմբերի 9-ին, աշխատել 3 մարզպետների օրոք։ Նա աշխատանքից ազատվել է 2021 թվականի հունիսի 30-ին, երբ հղիության 6-րդ ամսում էր, ընդամենը 20 օրից՝ հուլիսի 20-ին, պետք է անցներ հղիության և ծննդաբերության արձակուրդի (ֆիզարձակուրդ):

Իրավունքները վերականգնելու համար Նանե Ասատրյանը դիմել է Առաջին ատյանի դատարան, որը, վկայակոչելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, բողոքը մերժել է: Որոշումը բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարանում։

Վերաքննիչ վարչական դատարանը մեկ տարի անց՝ 2023թ. մարտի 3-ին, Նանե Ասատրյանի օգտին որոշում կայացրեց: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացրին թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Վայոց Ձորի մարզպետարանը: Վճռաբեկ դատարանը, սակայն, որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի որոշումը։

Ըստ որոշման՝ Նանե Ասատրյանը ոչ միայն պետք է վերականգնվի մարզպետի տեղակալի պաշտոնում, այլև ստանա փոխհատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։