Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Դասավանդե՞լ «Հայոց եկեղեցու պատմություն» 2-4-րդ դասարաններում, թե՞ ոչ. թեման շարունակում է ակտիվ քննարկվել: Այսօր էլ կրթության ոլորտի մասնագետները լրագրողների հետ քննարկեցին այդ հարցը:
Կրթության հարցերով փորձագետ Արմինե Դավթյանը նշեց, որ հասարակության մեջ 4 գաղափարական խմբավորում կա` ոչ քրիստոնեական հավատք կրողները, Առաքելական եկեղեցու հետևորդները, ագնոստիկները և չեզոք զանգված:
Ըստ նրա` այս կամ այն հավատքին հարելն ինքնուրույն կողմնորոշման խնդիր է, և այս առումով եթե դիտարկենք հարցը` առարկայի դասավանդումը դառնում է միակողմանի, այսինքն` նպատակ է դրվել ինչ-որ մի ուղղություն առաջ տանել:
«Ստացվում է` խախտվում են մարդու իրավունքները: Եկեք դա կատարենք ավելի քաղաքակիրթ ձևով, այլ ոչ թե` օրենք խախտելով: Դպրոցում քարոզչություն է իրականացվում, ոչ թե դասավանդում, ինչի վառ օրինակը դասագրքի պարունակությունն է: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի չվնասենք երեխային, իսկ առարկայի դասավանդմամբ վնասվում է երեխայի ինտեգրացիոն միջավայրը, որովհետև երեխային հարկադրում են հավատալ մի բանի, իսկ տանը գուցե այլ բան են սովորեցրել նրան»,- ասաց Դավթյանը:
Ըստ նրա` առարկայի դասավանդմամբ երեխաներին սկսում են դասերի բաժանել` դու հավատացյալ ես, իսկ մյուսը` անհավատ: «Պետք է այնպիսի եզրեր մշակենք, որ և\' հանրության պահանջը բավարարվի /քրիստոնեական հավատքը տարածել/, և\' օրենքին համահունչ լինի: Ի վերջո, հավատքի խնդիրն ավելի առաջատար է, քան եկեղեցին»,- ասաց Դավթյանը:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի կարծիքով` մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ խտրականությունն ամեն տեղ է: «Փոքրերը սովորում են մեծերից, թե ինչպես ենք մարդկանց տարբերակում, այնպես որ` մեղադրել քրիստոնեական կրթություն տվող ուսումնական առարկային, շատ պարզունակ է: Առարկան, այո, շատ լավ կլիներ, որ կոչվեր քրիստոնեական կրթություն, բայց այն տարբեր պատճառներով անվանվեց «Հայոց եկեղեցու պատմություն»: Անունը, մեծ մասամբ, որևէ նշանակություն չունի»,- նշեց նա:
Ըստ Բախշյանի` առարկայի նպատակը օրենքով սահմանված դրույթը, թե Հայ եկեղեցին պետք է մասնակցի մեր երեխաների հոգևոր դաստիարակությանը, ապահովելն է:
«Իմ կարծիքով` այս ճանապարհն այս պահին ամենաօպտիմալն է: Մենք դպրոցում երեխային սովորեցնում ենք ընտրել, բայց դավանանքը, իմ կարծիքով, ծնվում է մարդու հետ, այնպես, ինչպես չես կարող քո ազգությունն ու ծնողին ընտրել: Բայց պարտադրել էլ պետք չէ, եթե կան ծնողներ, որոնք գտնում են, որ իրենց երեխան չպետք է մասնակցի այդ առարկայի դասերին, կարող է ուղղակի դիմում գրել և երեխային ազատել այդ դասից: Ի դեպ, ես ինքս էլ նման առաջարկ եմ արել ծնողներին, և բացի Եհովայի վկաներից, ոչ ոք դիմում չգրեց»,- ասաց Բախշյանը:
Նա հիշեցրեց նաև, որ սա փորձնական ծրագիր է: Ի դեպ, Բախշյանի հավաստմամբ, այսօր շուրջ 100 դպրոց է դիմել, որպեսզի իրենց մոտ դասավանդվի առարկան:
Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կրտսեր դպրոցի ավագ մանկավարժ Գոհար Սարգսյանը նշեց, որ քրիստոնեական մշակույթին ծանոթացնելը պետք է տեղ գտնի դպրոցում: Նա նշեց նաև, որ իրենց մոտ առարկան ուղղակի որպես առարկա չի դասավանդվում, իրենք նաև հոգևորականների են հրավիրում իրենց սաների հետ հանդիպման, ինչպես նաև էքսկուրսիաներ են կազմակերպում եկեղեցիներ, ինչն էլ ամբողջովին ձևավորում է երեխային:
«Փոքրիկ բախումներ ծնողների հետ, այո, եղել են, բայց դրանք շատ շուտ էլ հարթվել են: Ես կողմ եմ, որ մենք սկսենք զարգացման գործընթացը մի քիչ ավելի գիտակից տարիքում, որ հետո ծնող դարձած մեր երեխաներն ուրիշ տեղ չտանեն իրենց երեխաներին: Ես դեմ եմ, որ այն որպես առանձին առարկա դասավանդվի, այսինքն` թող քրիստոնեական դրույթները երեխային մատուցվեն, բայց այն կարող ենք անել «Մայրենի»-ի դասերի ժամանակ»,- ասաց Սարգսյանը:
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցի ուսումնական կենտրոնի ղեկավար Մարիետ Սիմոնյանը նշեց, որ իրենք դեռ իրենց նախակրթարանում առարկայի դասավանդման փորձն ունեն:
«Կրթահամալիրի օրացույցում ունենք տաղավար տոներ, որոնք նշվում են տարբեր կերպ, բայց մեր մոտեցումը խիստ մանկավարժական է, քանի որ կրթությունը չի կարող կտրված լինել կյանքից, այն գալիս է կյանքից և հոսում դեպի կյանք: Կրտսեր դպրոցում չունենք եկեղեցու մասին առարկա, ուղղակի «Իմացումի հրճվանք» է կոչվում: Ինչո՞ւ ենք դոգմաների մասին հիշում միայն հոգևոր կրթության ժամանակ, գրականության մեջ չկա՞ն պարտադրանքներ: Ո՞վ է ասել, որ երեխան չպետք է վաղ տարիքից հոգևոր երգեր, շարականներ լսի, ծանոթ չլինի աստվածաշնչյան դրույթներին»,- ասաց Սիմոնյանը:
Ըստ նրա` իրենք երբեք խնդիրներ չենք ունեցել երեխաների ծնողների հետ, ավելին` ունեն նաև այլ հավատք դավանողներ, որոնք նույնպես հաճախում են առարկայի դասաժամերին: