կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-11 14:07
Հասարակություն

Դատարկ վահանակները կլրացվեն սոցիալական գովազդով, որի համար տուրք չի գանձվելու

Դատարկ վահանակները կլրացվեն սոցիալական գովազդով, որի համար տուրք չի գանձվելու

Այսօր կառավարության նիստում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը պայմանավորված է գովազդի ոլորտում եղած խնդիրները կանոնակարգելու, մասնավորապես` սոցիալական գովազդի ոլորտում բարենպաստ օրենդրական միջավայր ստեղծելու անհրաժեշտությամբ: Այդ նպատակով փոփոխություն է կատարվում «Գովազդի մասին» օրենքում: Սահմանվում է «սոցիալական գովազդ» հասկացությունը, և լրացում է սահմանվում, որ արտաքին գովազդակիրը պարտավորվում է իր կազմակերպության գովազդը տեղադրելու համար վճարել սահմանված տուրք, սակայն այդ տուրքից նա ազատվում է, եթե խոսքը վերաբերում է սոցիալական գովազդին:

«Սոցիալական գովազդը կարող է տարածվել ՀՀ ամբողջ տարածքում: Պետք է լինեն հանձնաժողովներ, որոնք նախապես պետք է քննարկեն սոցիալական գովազդի բովանդակությունը՝ այն սոցիալական գովազդ որակավորելու համար: Նաև սահմանվում է, որ սոցիալական գովազդի տեղաբաշխման պատվեր կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ»,- ասաց մշակույթի նախարարը՝ հավելելով, որ նախագծի ընդունմամբ մարզերի դատարկ վահանակների խնդիրն էլ կլուծվի:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ դա կարևոր նախաձեռնություն է, և որ իսկապես մարզերում և ավտոմայրուղիներում շատ են դատարկ վահանակները: Վարչապետը նշեց, որ պետք է հետամուտ լինել, որ ԱԺ-ն հնարավորինս շուտ ընդունի այդ նախագիծը: