Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գտնելը կարևոր ձիրք է, բայց գտածը չկորցնելն է իրենից մեծ բան ենթադրում: Գտածը վերաարժևորելն այն չկորցնելու մեջ է:
Երբեմն գտնում ենք, որ կորցնենք, ավելի ճիշտ` մտածում ենք` դե, գտել ենք, էլի, ոչինչ, որ կորցնենք, դրա համար էլ կորցնում ենք:
Երբեմն թվում է` գտել ենք, բայց «գտածը» վաղուց ունեինք:
Երբեմն թվում է` կորցրել ենք, բայց իրականում գտել ենք, կամ հակառակը:
Երբեմն գտնում ենք, երբեմն` կորցնում, բայց միշտ կորցրածն ենք հիշում, կորցրածը միշտ գտածից մեծ է թվում, այդ ընթացքում մոռանում ենք` կորցրածն էլ ժամանակին գտած է համարվել:
Ասում են` մինչև չկորցնես` չես գտնի: Ասում են` մինչև կորցրածիցդ մտքով չհրաժարվես, գտածդ չես գնահատի: Ասում են` մեկ-մեկ էլ պետք է ինքդ քեզ կորցնես, որ վերագտնես քեզ: Գտածի ու կորցրածի մասին շատ ու շատ բաներ են ասում, որոնց մեջ կարելի է ինչ-որ բան գտնել, բայց ինչ-որ բան էլ կորցնել այդ ընթացքում:
Ախմախ ենք` կորցրածի ցավը չենք համեմատի գտնելու ուրախության հետ:
Երբեմն գտնում ենք այն, ինչ մեզնից առաջ ինչ-որ մեկն արդեն գտած է լինում. չգտած կորցնում ենք:
Այն, ինչ տրված է, դա էլ ենք գտել, եթե, իհարկե, հասկանում ենք մեր ունեցածի դերը:
Երբեմն ցավ է պատճառում ոչ թե կորստի միտքը, այլ մեր կորցրածն ուրիշի գտնելունը:
Լինում է` գտնում ենք` ինչ-որ բան գտած լինելու համար, և կորցնում` նույն սկզբունքով:
Լինում է` ձևացնում ենք, որ գտել ենք` կորցրածը ցույց չտալու համար, ու հակառակը` նույն սկզբունքով:
Երբեմն հենց գտնում ենք, այն կորցնելու վախն է հյուր գալիս, սովորաբար այդ գտածը կորցնում ենք:
Այն, ինչ գտնում ենք, չի նշանակում մերն է, կարող է ուրիշի կորցրածն է:
Երբեմն գտնել-կորցնելն ուղղակի հականիշներ են թվում` 3-րդ դասարանցի զարմիկիս «Հայոց լեզվի» տետրում ծուռումուռ ձեռագրով գրված:
Կարինե Հարությունյան