Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցնող շաբաթ Հայաստանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով հանդիպումներ ունեցավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, մասնակցեց նախօրեին Երևանում կազմակերպված` ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման արարողությանը:
Tert.am-ին տված հարցազրույցում Բորդյուժան նշել է, որ Երևան կատարած այցի նպատակը ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնած երկրի՝ Հայաստանի նախագահին կազմակերպության գործունեության արդյունքները, տարվա կտրվածքով նախատեսված ծրագրերը ներկայացնելն է, որոշ նախագծերի մասով՝ ՀՀ նախագահի հաստատումը ստանալը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ արտաքուստ զուտ պրոցեդուրալ այս այցը տեղի է ունենում անցած դեկտեմբերին Մոսկվայում կայացած` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանից հետո, որտեղ Հայաստանի հետ կապված երկու կարևոր իրադարձություն էր տեղի ունեցել: Նախ՝ Սերժ Սարգսյանն էր հանդես եկել ՀԱՊԿ-ին սուր քննադատության ենթարկող, դրա գործունակությունն ու կենսունակությունը կասկածի տակ դնող չափազանց կոշտ հայտարարությամբ, ապա` նստաշրջանի ընթացքում որոշվել էր հետաձգել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը սահմանված կարգով Հայաստանին հանձնելը, որի հետևանքով Նիկոլայ Բորդյուժան շարունակեց իր պաշտոնավարումը:
Այս իրադարձությունների ֆոնին Բորդյուժայի հայաստանյան այցը պետք է տար մի առանցքային հարցի պատասխան` որքանո՞վ են Սերժ Սարգսյանի կողմից ՀԱՊԿ-ի և դրա անդամների հասցեին հնչեցված դժգոհությունները հաշվի առնվել կազմակերպության քաղաքականության համատեքստում, որքանո՞վ են վերածվում ռազմաքաղաքական դաշինքն իր նախանշված նշանակությանը վերադարձնելուն ուղղված կոնկրետ գործողությունների: Այլ կերպ ասած՝ որքանո՞վ է Հայաստանի դիրքորոշումը լուրջ ընկալվել կազմակերպությունում:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշում է, թե ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել է Սերժ Սարգսյանի ելույթում հնչած մտահոգությունները և ավելացնում, որ պետք է քայլեր ձեռնարկվեն կազմակերպությունում արտաքին քաղաքական գործունեության համակարգումը, փոխադարձ աջակցությունն ապահովելու ուղղությամբ: Թե կոնկրետ ի՞նչ քայլերի մասին է խոսքը, Բորդյուժան, սակայն, չի ասում: Եվ դա պատահական չէ:
Ո\'չ արտգործնախարար Նալբանդյանի և ո\'չ էլ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններում որևէ ակնարկ անգամ չկա, որ այդ խնդիրը դարձել է քննարկման առարկա: Թե\' ԱԳՆ-ից և թե\' նախագահականից տարածված հաղորդագրություններում ընդամենը նշվում է, որ կողմերը քննարկել են «Մոսկվայում տեղի ունեցած` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների, կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների կատարման ընթացքին» առնչվող հարցեր: Առնվազն միամտություն է կարծել, որ խնդրի` քննարկված լինելու պարագայում հայկական կողմը կխուսափեր այդ մասին գոնե հպանցիկ ակնարկել, թեկուզ ցույց տալու համար այս հարցում Երևանի հետևողականությունն ու սկզբունքայնությունը:
Բացի դրանից՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի դերին` Բորդյուժան անկեղծորեն խոստովանում է. «Ես Հայաստանը դիտարկում եմ որպես ՀԱՊԿ-ում ամենաշահագրգռված խաղացողներից մեկը, որը միշտ պատրաստ է գտնել փոխզիջում, երբ բոլոր երկրների դիրքորոշումներն այս կամ այն թեմայի վերաբերյալ չեն խաչվում, չեն համընկնում»: Թվում է, թե Բորդյուժան կոմպլիմենտ է անում Հայաստանի հասցեին: Մինչդեռ իրականում նա բացահայտում է այն խղճուկ կարգավիճակը, որն ունի Հայաստանը ՀԱՊԿ-ում, և որով անդամ մյուս պետությունները վերաբերվում են Հայաստանի շահերին ու պահանջներին:
Նախ՝ նշելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում ամենաշահագրգռված խաղացողներից մեկն է, Բորդյուժան ակամա խոստովանում է, որ մյուս անդամները (թերևս բացի Ռուսսաստանից) առնվազն շահագրգիռ խաղացողներ չեն: Եվ չնայած դրա ներքո անուղղակիորեն շեշտվում է Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ-ում Հայաստանին վստահելու հանգամանքը, սակայն ակնհայտ է դառնում, որ Մոսկվան այլևս մյուս «խաղացողների» վրա հույս չի դնում: Ներքին փոխադարձ անվստահության այս ինքնախոստովանությունը ՀԱՊԿ-ի բովանդակային գոյության դադարի անուղղակի հասատում է: Երկրորդ՝ ստացվում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից միայն Հայաստանն է, որ պատրաստ է գտնել փոխզիջումներ այն դեպքում, երբ մյուս անդամ երկրները, փաստորեն, հրաժարվում են զիջել դիրքերը՝ չխուսափելով նույնիսկ ներքին բախումներից: Այսինքն` քանի դեռ մյուս անդամները փորձում են ամեն կերպ պաշտպանել իրենց պետական շահերը, Հայաստանը «հավեսով» գնում է զիջումների՝ փաստորեն, հանուն ՀԱՊԿ-ի ֆիզիկական գոյությունն արհեստականորեն պահպանելու համար: Հավանաբար, Բորդյուժայի այս «կոմպլիմենտներից» պետք է հասկանալ, որ երբ Հայաստանը համակերպվում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի էստաֆետն իրենից փասատցի խլելու որոշման հետ, դարձյալ առաջնորդվում էր անդամ պետություններին «միաձուլելու, շփման ընդհանուր կետեր գտնելու, գործընկերների միջև համերաշխություն ապահովելու» «առաքելությամբ»:
Նման իրավիճակում ուղղակի անմտություն է կարծել, թե զիջումների գնալու հարցում գործընկերներին չհուսալքող երկրի դժգոհությունները որևէ գործնական հետևանք պետք է ունենային, կամ կազմակերպության անդամ երկրներին պետք է դրդեին վերանայել իրենց դիրքորոշումներն ինչպես Հայաստանի անվտանգության ապահովման, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում ՀԱՊԿ-ի հնարավոր դերակատարության շուրջ: Հայաստանից սպասում են արագորեն մոռանալ այդ «կնճիռը», և Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կբավարարի այդ սպասելիքը՝ համակերպվելով կոտրած տաշտակի առջև նստած մնալու հեռանկարի հետ:
Գևորգ Աղաբաբյան