Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Բրյուսելում Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհաննես Հանն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է առաջիկա երեք տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին անհատույց հատկացնել 140-170 մլն եվրո` արդարադատության, մանր ու միջին բիզնեսի զարգացման և հանրային կառավարման ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար:
Հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրին Հայաստանի միանալու փաստաթղթի ստորագրումից հետո սա Հայաստան-ԵՄ հարաբերություններում առաջին կոնկրետ ձեռնարկումն է: Թեև խոսքը վերաբերում է եռամյա ընդգրկում ունեցող ծրագրին, սակայն ակնհայտ է, որ այն ռազմավարական նշանակություն չունի, այլ ընդամենը հանգրվանային, ոլորտային համագործակցության առանձին դրսևորում է: Այն ավելի շատ ընդգծում է ԵՏՄ-ին միանալու պայմանագրի ստորագրման պարագայում անգամ ԵՄ-ի կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը չկորցնելու` Բրյուսելի դիրքորոշումը և Երևանի հետ հարաբերությունները վերալիցքավորելու պատրաստակամությունը: Սա ինչ-որ տեղ նոր քաղաքականության մեկնարկ է, որը տրվում է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատարի նշանակմամբ: Թերևս խնդիր է դրվել սրբագրել այն բոլոր սխալները, որոնք թույլ էին տրվել նախկին հանձնակատարի` Շտեֆան Ֆյուլեի կողմից, ով ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի զարգացումը, դրանում ընդգրկված հետխորհրդային 6 երկրների եվրաինտեգրման պրոցեսը փաստացի տարավ Ռուսաստանի հետ առճակատման ճանապարհով` առանց հաշվի առնելու այդ երկրների ներքին ու արտաքին անվտանգությանը սպառնացող ռիսկերը:
Ըստ ամենայնի` նոր հանձնակատարը ձգտելու է շտկումներ մտցնել ծրագրում` դրա հիմքում դնելով ոչ միայն ԵՄ-ի շահերը, այլև ԱլԳ ծրագրի ճգնաժամի պատճառով ի հայտ եկած աշխարհաքաղաքական նոր իրողությունները, զերծ մնալով ծրագրի անդամ երկրներին իմպերատիվ պահանջներ ներկայացնելու, երկընտրանքների առջև կանգնեցնելու նախկին պրակտիկայից: Սա նշանակում է, որ, մասնավորապես, Հայաստանի հարցում ԵՄ-ն ոչ թե առաջնորդվելու է ԵՏՄ-ին անդամակցելու` Երևանի որոշումը միանշանակ սխալ որակելու, այդ ընտրությունը մերժելու մարտավարությամբ, այլ համադրելու, հնարավորությունները զուգահեռելու ու ռեսուրսները բացահայտելու: ԵՄ-ն որդեգրում է ԱլԳ անդամ երկրներին անհատական մոտեցում ցուցաբերելու նոր քաղաքականություն:
Օրեր առաջ 1.am-ին տված հարցազրույցում Լեհաստանի Արևելյան գործընկերության միավորման ղեկավար Միրոսլավ Մասլյուկը փաստացի հաստատել է այս իրողությունը. «ԵՄ-ն իսկապես որոշ սխալներ թույլ տվեց: Բայց այսօր կարևոր է, որ կարողանանք գտնել որևէ միասնական լուծում: Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱլԳ-ն յուրաքանչյուր խնդրի լուծման համար հիանալի գործիք չեն կարող լինել, ինչպես, օրինակ, անվտանգության բաղադրիչի բացը Հարավային Կովկասում լրացնելու համար: Արևելյան գործընկերությունն այս բացը լրացնելու համար հեշտ լուծում չի կարող գտնել, բայց մենք տեսնում ենք անվտանգության բաղադրիչն այդ ծրագրում ներառելու աճող ներուժ: Այս բաղադրիչի ներառումը ԱլԳ երկրներին թույլ կտա և կօգնի ավելի վստահ գործել»:
Թե ինչպես է ԵՄ-ն փորձելու այդ ծրագրի շրջանակում ներառել անվտանգության բաղադրիչը, առհասարակ գտնելու միասնական նոր լուծումներ, դժվար է ասել: Ամենայն հավանականությամբ, Բրյուսելն ինքը դեռևս մինչև վերջ չի պատկերացնում դրա մեխանիզմները: Չի կարելի բացառել, որ Հարավային Կովկասում անվտանգության բաղադրիչի բացը լրացնելու մեխանիզմներից մեկը Բրյուսելը դիտարկում է հենց ԼՂ կարգավորման գործընթացում, ի դեմս Ֆրանսիայի, ավելի մեծ ներգրավվածություն և նախաձեռնողականություն ապահովելը` ելնելով այն հեռանկարից, որ այդ հարցի շուտափույթ կարգավորումը զգալիորեն կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը և կնվազեցնի Հարավային Կովկասի երկրների ինքնուրույնության մակարդակի աճը: Սակայն այս ձեռնարկումները հնարավոր չեն` առանց այդ երկրների կողմից շահագրգռություն ցուցաբերելու:
Պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ եվրասիական ինտեգրումը եվրոպականին համադրելու հարցում շահագրգիռ է նույնքան, որքան ԵՏՄ-ի պայմանագիրը ստորագրելուց առաջ: Սակայն դրան զուգահեռ չի հրաժարվում իր անվտանգությունը բացառապես Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ պայմանավորելու մոտեցումից, թեև ո'չ մեկը և ո'չ էլ մյուսն իրականում անվտանգության բավարար երաշխիքներ չեն տալիս: Այդ երաշխիքները դիվերսիֆիկացնելու ցանկության բացակայությունն իմաստազրկում է եվրոպական արժեքներին ու չափանիշներին համապատասխան ներքին կառավարման ինստիտուտները բարեփոխելու մասին Երևանից հնչող հայտարարություններն ու հավաստիացումները, դրանք դարձնում դեկլարատիվ, վերածում պարզագույն պոպուլիզմի:
Թվում էր, թե ԵՏՄ-ի պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո Հայաստանի իշխանությունը գոնե պետք է սկսեր ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր սահմաններ գծելու, նոր օրակարգ մշակելու պրոցեսը, մանավանդ` Բրյուսելից չեն դադարում դրա պատրաստակամությանն ուղղված ուղերձները: Սա պահանջում էր խախտված բալանսը և երկրի հեղինակությունը վերականգնելու հրամայականը: Մինչդեռ Երևանն այդ ուղղությամբ փաստացի որևէ էական քայլ չի կատարում` ամբողջությամբ տեղավորվելով եվրասիականացման գաղջ և անհեռանկար ապագայի տիրույթում և նախապատվությունը տալով ԵՄ-ի հետ նեղ ոլորտային կարճաժամկետ ծրագրերով աշխատելու տարբերակին: Այս տարվա սկզբին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հայտարարել էր, թե Հայաստանը մինչև տարեվերջ կհստակեցնի այն ոլորտները, որոնցում շարունակելու է համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ: Դրանից անմիջապես հետո ՀՀ անվտանգության խորհրդի` այն ժամանակվա քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե հայկական կողմը մշակել է Հայաստան-ԵՄ 2014-15թթ. միջոցառումների մի ծրագիր, որը պետք է հիմքեր ապահովեր հետագայում Հայաստան-ԵՄ համագործակցության նոր, ռազմավարական նշանակության համապարփակ ծրագիրը մշակելու համար: Նախատեսվում էր, որ մոտ 180 կետ պարունակող, «հավակնոտ» որակվող այդ ծրագիրը պետք է վերջնականապես պատրաստ լիներ և դրվեր շրջանառության մեջ մինչև այս տարվա դեկտեմբեր: Դեկտեմբերին մեկ ամսից էլ քիչ է մնացել, բայց այդ փաստաթղթի մասին ոչ ոք հիմա, կարծես, չի հիշում:
Այս խորապատկերին հասկանալի է դառնում, որ ԵՄ-ի հետ համագործակցության այս հուշագրի ստորագրումը Հայաստանին հետաքրքրել է դրանում զուտ անհատույց փող ստանալու հնարավորություն տեսելու չափով: Եվ դա օրինաչափ է` թե' պետական բյուջեի ներկայիս վիճակը հաշվի առնելով, թե' եվրասիական այն «արժեքները», որոնց գնում է ինտգրվելու Հայաստանը:
Գևորգ Աղաբաբյան