Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ չի հասկանում` ԲՀԿ-ն ինչ է հասկանում` համագործակցություն ասելով: «Մենք ԲՀԿ-ի ներքին խոհանոցին չենք խառնվում, համոզված եղեք դրա մեջ: Նրանք պետք է որոշեն իրենց հետագա անելիքները, բայց մենք չենք ժխտում համագործակցությունը: Մենք հիմա էլ, օրենքների հետ կապված, Ընտրական օրենսգրքի հետ կապված, համագործակցում ենք` քննարկումների մակարդակով: Ես պարզապես լավ չեմ հասկանում` համագործակցել ասելով` ի՞նչ են հասկանում ԲՀԿ-ում: Համագործակցության տարբեր ձևաչափեր կան, և մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է՝ յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքը պետք է իր քաղաքական ճակատագրի քարտեզը գծի: «Ես կարող եմ միանշանակ ասել, որ ԲՀԿ-ից դուրս գալ` չի նշանակում համագործակցել իշխանության հետ և ԲՀԿ-ում մնալ` չի նշանակում չհամագործակցել իշխանության հետ: Խմորումները նրանց ներքին խոհանոցին են վերաբերում, և նրանք պետք է վերջնական որոշում կայացնեն` ինչ ճանապարհով են գնում: Նրանք իրենց ուղին ընտրել են. ԲՀԿ-ն` որպես քաղաքական ուժ, իր ընդդիմադիր կեցվածքի մասին հայտարարել է, իսկ մնացածն իրենք պետք է որոշեն` ուզում են մնալ այդ կեցվածքո՞ւմ, թե՞ ցանկություն ունեն դուրս գալու»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն լքածները չեն էլ ժխտում, որ ցանկություն ունեն անդամակցելու Հանրապետականին, Բաղդասարյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն այլ կուսակցություններից դուրս եկած գործիչներով իր շարքերը համալրելու կարիք չունի: «Չգիտեմ` նրանք ինչ հաշվարկներ են անում, բայց մենք կարիք բացարձակապես չունենք մեր շարքերը համալրելու այլ կուսակցություններից դուրս եկածներով: Մենք համագործակցում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, անգամ` ամենաարմատական ընդդիմադիրների»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մեր թղթակցի հետ զրույցում ԲՀԿ-ն լքելու մասին հայտարարել է Վահան Բաբայանը: Մամուլի հրապարակումների համաձայն էլ` առաջիկայում կուսակցությունից մի խումբ էլ դուրս կգա՝ Աբրահամ Մանուկյանի գլխավորությամբ: