Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, ըստ APA գործակալության, այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Բաքու այցին անդրադառնալիս հայտարարել է. «Որքան ես եմ հասկանում՝ տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական հետաքրքրությունը պետք է կապված լինի Ադրբեջանի հետ՝ մի երկրի, որն ունի ամենամեծ տարածքը, ամենաշատ մարդկային ռեսուրսները, վստահելի և որակյալ կառավարություն: ...Ադրբեջանը Ռուսաստանի համար լավ գործընկեր կարող է լինել: Կարծում եմ՝ Ռուսաստանի հիմնական հետաքրքրությունը պետք է լինի Ադրբեջանը` որպես զարգացած, կայուն և հուսալի ռազմավարական հարևան: Ռուսաստանը շատ բանի կարող է հասնել՝ օգնելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում: Որքան շուտ Ռուսաստանում գերակշռի այս մոտեցումը, այդքան կմոտենանք հիմնախնդրի լուծմանը»:
Ազիմովի այս հայտարարությունը կարելի է համարել Ռուսաստանին ուղղված` քաղաքական առևտրի ուղղակի, բայց հուսահատ առաջարկ, որի տրամաբանությունը հետևյալն է` Մոսկվան համաձայնում է ԼՂ հիմնախնդրի շրջանակում պաշտպանել Ադրբեջանի դիրքերը և նպաստել նրա համար նախընտրելի լուծմանը, իսկ Ադրբեջանը դրա դիմաց «պարտավորվում է» դառնալ լավ, հուսալի գործընկեր և հնարավորություն տալ Մոսկվային իր հետ կապվող պլաններում հասնելու շատ բաների: Ազիմովը «շատ բաներ» ձևակերպման ներքո, ըստ ամենայնի, ակնարկում է Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանին միացնելու` Ռուսաստանի անթաքույց ցանկությունը և, փաստորեն, հասկացնում, որ պատրաստ է ԼՂ-ն Մոսկվայի կողմից սկուտեղի վրա ստանալու պարագայում բավարարել վերջինիս այդ ցանկությունը:
Սակայն փաստը, որ Ազիմովն այս հայտարարությունն անում է ոչ թե Լավրովի այցին ընդառաջ, այլ միայն դրանից հետո, խոսում է Լավրովի այցից Բաքվի չարդարացված ակնկալիքների մասին: Նախորդ օրը` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո, Լավրովը հայտարարել էր, որ ԼՂ հիմնահարցը չի կարող կապվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ, քանի որ այն գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կոմպետենցիայի շրջանակում: Նա ասել էր նաև, որ Հայաստանն այդ կառույցին միանում է այն կարգավիճակով ու սահմաններով, որով միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Դրանով Լավրովը միանգամից երկու անուղղակի ուղերձ հղեց Բաքվին:
Առաջին` որ Ալիևի` ՄՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված և Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից ընթերցված նամակն ընդամենը ի գիտություն են ընդունել: Այլ կերպ ասած` գոնե այս պահի դրությամբ Մոսկվան մերժում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դարձնել ԼՂ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում գործնականորեն ճանաչելու ակտ, ինչի հույսն ուներ Բաքուն:
Երկրորդ` Ռուսաստանը չի կարող դա անել` հաշվի առնելով առաջին հերթին եվրասիական տնտեսաքաղաքական նախաձեռնություններին ինտեգրվելու ուղղությամբ Հայաստանի կատարված գործնական քայլերը: Այլ կերպ ասած` եթե Բաքուն ԼՂ հարցում ինչ-որ բանի հասնելու, իրավիճակը և ստատուս քվոն փոխելու ցանկություն ունի, ապա պետք է հետևի Հայաստանի օրինակին և ՄՄ-ԵՏՄ-ին միանալու հայտ ներկայացնի:
Բաքվում, թերևս, հիանալի հասկացել են այս ուղերձները, և Ազիմովի հայտարարությունը հենց դրանց պաշտոնական պատասխանն է: Բաքվի այսպիսի արձագանքը, որը, խիստ ճակատային լինելով, մատնում է դրա տողատակում թաքնված նյարդայնությունն ու հուսահատությունը, նշանակում է, որ Ադրբեջանը խնդիրը փորձում է տեղափոխել, այսպես կոչված, ավանսային գործարքի հարթություն: Այսինքն` առաջին քայլը ոչ թե պետք է Բաքուն անի, ինչպես ակնկալում է Մոսկվան և ինչի մասին խոսում է Սերգեյ Լավրովը, այլ Ռուսաստանը` տալով ԼՂ հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու և հարցը միակողմանի լուծելու կոնկրետ երաշխիքներ:
Փաստը, որ դրա մասին Բաքուն հայտարարում է հրապարակայնորեն, նշանակում է, որ տետատետ բանակցություններում դրան հասնելու` Բաքվի կուլիսային ջանքերը ձախողվել են, այսինքն` Մոսկվան հրաժարվել է տալ նման երաշխիքներ, և այս իմաստով, փաստորեն, ականատեսն ենք Հայաստանի համար գուցե կենսական նշանակություն ուենցող հանգամանքների որոշակի փոփոխության, որը կապված է մեկ կարևոր հարցի հետ` ինչո՞ւ Ռուսաստանը հանկարծ փոխեց իր վերաբերմունքը: Պատճառը պետք է փնտրել նրանում, որ Ռուսաստանը, լինելով ՄԽ համանախագահող երկիր, ուղղակի չի կարող, միջազգային հանրությանը դեմարշ հայտարարելով, անցնելով Հայաստանի հետ իր ստրատեգիական գործընկերության և անվտանգության երաշխավորի պարտավորությունների վրայով, ԼՂ-ն հանձնել Ադրբեջանին:
Ռուսական ներկայիս անկանխատեսելի և շատ դեպքերում շովինիստական արտաքին քաղաքականությունը, Ուկրաինայի օրինակը վկայում են, որ Մոսկվան անհրաժեշտության դեպքում նման կատեգորիաներով չի կաշկանդվում: Իրական պատճառն այն է, որ Ադրբեջանն ինքն է ստիպում Ռուսաստանին վերանայել իր ուղեգիծը: Լավրովի այցի նախօրեին Բաքու էր ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ում հետ Ադրբեջանի իշխանությունները ջերմեռանդորեն քննարկում էին դեպի Եվրոպա ռուսական էներգատարները բլոկադայի ենթարկելու և այդ համատեքստում Կասպյան ավազանը Եվրոպային կապող, այսպես կոչված, «Հարավային միջանցքի» ստեղծման հարցը: Կողմերը, փաստացի որոշակի համաձայնությունների էին եկել, ինչի վկայությունն էր Բարոզուին ոգևորված` գազի և նավթի արդյունահանման կոմպլեքսներով պտտեցնելու` Բաքվի նախաձեռնությունը:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս քայլերի ֆոնին ուղղակի ծիծաղելի են թվում Ազիմովի հավաստիացումները Ռուսաստանի համար Ադրբեջանի ներկայիս կառավարության հուսալի գործընկեր լինելու մասին: Շատ ավելի էականն այն է, որ իր այդ քայլով Բաքուն բացեց Մոսկվայի աչքերը և հասկանալի դարձրեց, որ ստրատեգիական առումով իր համար ներկա պահին, երբ վտանգի տակ է «Հարավային միջանցքի»-ի կառուցումը, ավելի կենսական է, իբրև եվրոպական պլանների հիմնական գործիք, Ադրբեջանի գործոնի չեզոքացումը, քան ԵՏՄ-ին Ադրբեջանի միանալ-չմիանալու հարցը:
Բաքուն, փաստորեն ինքը հասկանալի դարձրեց, որ իրականում ոչ թե քննարկում է ռուսական ինտեգրացիոն նախագծերին միանալու հնարավորությունը, այլ ընդամենը այդ հարցում ռուսական շահագրգռություններից իր համար շագանակներ հանելու խնդիր է լուծում: Եվ Մոսկվայի համար այլ տարբերակ չի մնում, քան կրկին ԼՂ հիմնահարցը, որպես Ադրբեջանի ախորժակը զսպելու հիմնական դեղահաբ, օգտագործելը:
Հայաստանի իշխանություններն անցած տարի Մոսկվայի մոտ իրենց վստահությունը «վառեցին» ԵՄ-ի հետ ասոցացման կրակին: Մեծ է հավանակությունը, որ ներկայումս Ադրբեջանի իշխանությունն է «վառվում» իր միակ հարստությունը` էներգառեսուրսները, ի հեճուկս Մոսկվայի, աշխարհաքաղաքական գործոնի վերածելու կրակին:
Գևորգ Դարբինյան