Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Նարինե Աղաբալյանը ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ հայրենի Ջրակուս գյուղում շնորհավորել և փայտարվեստի վարպետ Մելիք Վարդանյանին է հանձնել ԼՂՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը:
Մելիք Վարդանյանը երկար տարիներ աշխատել է ԼՂՀ Հադրութի շրջանի Ջրակուս գյուղում` որպես ռուսաց լեզվի ուսուցիչ, 17 տարի աշխատել է` որպես նույն դպրոցի տնօրեն: Մասնակցել է արցախյան ազատագրական պայքարին: Փայտարվեստի ինքնուս վարպետ է, ունի ժողովրդական վարպետի համբավ: Տիկնիկագործությամբ լրջորեն սկսել է զբաղվել 1965թ-ից: Հեղինակ է երեք տասնյակից ավելի թեմատիկ աշխատանքների, որոնցում ներկայացված են արցախյան կենցաղն ու ազգային ավանդույթները: 1977թ. Մոսկվայում կայացած «Հայրենիքի ինքնուս վարպետները» փառատոնում նրա «Խնոցի», «Երկանք», «Ճախարակ», «Բրուտագործը» աշխատանքներն արժանացել են ոսկե մեդալի և առաջին կարգի դիպլոմի: Բազմիցս մասնակցել է խմբային ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում: Երկարատև մանկավարժական գործունեության համար արժանացել է «20-րդ դարի լավագույն մանկավարժ» կոչմանը: Մ. Վարդանյանը մեծ ավանդ ունի Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման և դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացման գործում: 2009 թվականին շնորհվել է ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ:
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ 2016 թ. հունվարի 22-ի հրամանագրով՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, տարածման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար փայտարվեստի վարպետ Մելիք Վարդանյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի կոչում: