կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-23 11:26
Մշակույթ

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Գյոդակյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Գյոդակյանը

Դեկտեմբերի 20-ին 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ և երաժշտական քննադատ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Շմավոնի Գյոդակյանը:

 Գեորգի Գյոդակյանը ծնվել է 1928 թվականին Գյումրիում: 1952 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1955 թվականին` Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան:

1957 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, 1965 թվականից` բաժնի վարիչ, 1979-2005 թվականներին՝ փոխտնօրեն: 1973-1991 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղարը: 1977 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 2003 թվականից պրոֆեսոր է:

Գ. Գյոդակյանը հեղինակ է հայ երաժշտության պատմությանը և տեսությանը նվիրված բազմաթիվ աշխատությունների: Երկար տարիներ զբաղվել է Կոմիտասի ժառանգության ուսումնասիրությամբ և հանրահռչակմամբ: Լինելով համաշխարհային երաժշտական արվեստի լավագույն մասնագետներից մեկը՝ տարիներ շարունակ, որպես մանկավարժ եվրոպական երաժշտական արվեստի տեսական հմտություններ է փոխանցել բազմաթիվ երաժշտագետների:

Հայ ժամանակակից երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար նա արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման, Մովսես Խորենացի մեդալի:

Մեծ մտավորականի հիշատակը հավերժ կմնա հայ երաժշտարվեստի պատմության մեջ: 

Գեորգի Գյոդակյանի վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 23-ին, Էրեբունի թանգարանին կից` Նուբարաշենի 14-րդ փողոցում գտնվող սգո սրահում ժամը 14:00-ին: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը Երևանի կենտրոնական գերեզմանատանը /Թոխմախ/: