կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-26 12:48
Իրավական

ԴԱՀԿ-ն 2015-ին ՀՀ քաղաքացիներից մոտ 25 միլիարդ է բռնագանձել

ԴԱՀԿ-ն 2015-ին ՀՀ քաղաքացիներից մոտ 25 միլիարդ է բռնագանձել

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի տարեվերջյան ասուլիսի ժամանակ լրագրողները նրանից հետաքրքրվել էին, թե ինչո՞ւ իր ենթակա` ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն ասուլիս չի տալիս: Նախարարը հավաստիացրել էր, որ Պողոսյանն անպայման կհանդիպի լրագրողների հետ: Եվ, հավանաբար, նախարարի հուշումից հետո այսօր ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանն ամփոփեց իր ղեկավարած ծառայության` 2015 թվականի գործունեությունը:

Ըստ ԴԱՀԿ պետի` 2015 թվականին բռնագանձումների եւ վերականգնումների ծավալները գերազանցել են 24 միլիարդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 893 հազար կատարողական վարույթ: Հաշվետու տարում վարույթներով պահանջատերերի օգտին բռնագանձվել եւ վերականգնվել է 24 միլիարդ 995 միլիոն 765 հազար 343 դրամ, մասնավորապես՝ պետական բյուջեի օգտին՝ 7 միլիարդ 190 միլիոն 192 հազար 380 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 13 միլիարդ 676 միլիոն 112 հազար 23 դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1 միլիարդ 601 միլիոն 220 հազար 616 դրամ: Ոչ գույքային բնույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 27 հազար 384 կատարողական վարույթի: Ավարտված եւ կարճված կատարողական վարույթների քանակը 2015 թվականին կազմել է 743 հազար 835:

Նշենք, որ նախորդ տարի բռնագանձումների եւ վերականգնումների ծավալները գերազանցել են 37 միլիարդ դրամը, իսկ կատարողական վարույթների թիվը եղել է 480 հազար:

Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հարուցված կատարողական վարույթների թվի կրկնակի աճը, Պողոսյանը պատասխանեց, որ 893 հազար կատարողական վարույթից 660 հազարը վերաբերում են վարչական իրավախախտումներին, մասնավորապես` պետավտոտեսչության արձանագրած խախտումներին:

«Եթե ժամանակին իրավախախտումների ողջ ծավալը դատարանի միջոցով էր հասնում հարկադիր կատարման ծառայություն, ապա այժմ ուղղակի է հասնում: Այն ժամանակ ավելի քիչ ծավալ էր հասնում, քանի որ որոշ մասը դատարաններում մարվում էր: Ինչու չէ` նաև դա պայմանավորված է հարկադիր կատարման ծառայության աշխատանքով»,- ասաց Պողոսյանը:

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` նա նշեց, որ Դատական կատարողների միջազգային միության նախագահի առաջարկով` միության Եվրոպական լիագումար նիստը 2016-ին կանցկացվի Հայաստանում:

Մեր հարցին, թե կա՞ պետություն, որը Հայաստանից է սովորել և իր երկրում կիրառում է բռնագանձումների կամ արգելանք դնելու փորձը, Պողոսյանը պատասխանեց. «Չկա մի պետություն, որը մեզ հետ համագործակցի և ինչ-որ մի բան չստանա մեզնից, օրինակ` Ռուսաստանն ու Էստոնիան հետաքրքրված են մեզ մոտ գործող էլեկտրոնային աճուրդներով, մեզ մոտ ներդրված տեղեկատվական տեխնոլոգիաներով»: