կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-21 14:51
Քաղաքական

Հայաստանը և Ռուսաստանը բանակցություններ են վարում գազի գնի իջեցման շուրջ. Զախարյան

Հայաստանը և Ռուսաստանը բանակցություններ են վարում գազի գնի իջեցման շուրջ. Զախարյան

Այսօր էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ խոսեց գազի գնի մասին: Հայտնի է, որ կառավարությունը արդեն երկրորդ անգամ դիմել է Ռուսաստանի կառավարությանը` գազի գնի իջեցման հարցով: Երվանդ Զախարյանը նշեց, որ ներկա պահի դրությամբ գազի գինը կազմում է 165 դոլար` 1000 խորանարդ մետրի համար: Կառավարությունը դիմել է ՌԴ-ին գազի գնի վերանայման հարցով, և այսօր բանակցությունների փուլում են:

«Մնացած խոսակցությունները հիմնավոր չեն, վերջնական որևէ որոշում չկա: Ի՞նչ ակնկալիքներ ունենք գազի գնի վերանայման հետ կապված, դժվարանում եմ ասել, տեսնենք, աշխատում ենք ամեն ինչ անել, որ գազի գինը վերանայվի»,- ասաց նախարարը:

Լրագրողները պնդեցին` կա՞ն հիմքեր, որ գազի գինը Ռուսաստանը կվերանայի: Նախարարը պատասխանեց. «Ի՞նչ հիմքերի մասին է խոսքը»: Լրագրողները նշեցին, որ խոսքն այն մասին է, որ Ռուսաստանի պաշտոնական շրջանակները հայտարարում են, որ Եվրոպա գազ մատակարարում են ավելի էժան գնով, և ինչո՞ւ Հայաստանին չեն տալիս այն գնով, ինչ գնով Եվրոպային են տալիս: «Մենք այդ բոլորի մասին քաջ գիտենք, թող ձեզ չթվա, թե այդ ամենի մասին մենք չգիտենք: Մի քիչ էլ համբերեք, նոր բանակցությունների արդյունքներից ելնելով` կպատասխանեմ այդ հարցերին»,- ասաց նախարարը:

Լրագրողները հարցրեցին` ինչո՞ւ Հայաստանի համար գազի գինը չի իջնում, այն դեպքում, երբ Եվրոպայի համար Ռուսաստանը մեխանիկորեն է իջեցրել գազի գինը, և ինչո՞ւ  Հայաստանը պետք է դիմի Ռուսաստանին` գազի գնի վերանայման խնդրանքով:

«Մենք հասկանում ենք հարցի կարևորությունը, ու, դրանից ելնելով է` Հայաստանի կառավարությունը դիմել գազի վերանայման հարցով: Բանակցություններ տարվում են, որոնց մասին ես ձեզ չեմ կարող ոչինչ ասել, քանի դեռ դրանք չեն ավարտվել»,- ասաց նախարարը:

Լրագրողների հարցին` իսկ եթե Ռուսաստանը չիջեցնի գազի գինը, ապա ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը, եթե Իրանից չի կարող ավելի մեծ ծավալներով գազ գնել, այդ դեպքում` սպառողների շահերը ստորադասվում են մոնոպոլիստի` «Գազպրոմ»-ի շահերի՞ն, Երվանդ Զախարյանը պատասխանեց. որ իրանական գազի ծավալներով Հայաստանը չի կարող փոխարինել ռուսական գազը, որովհետև նման գործող հզորություններ Հայաստանը չունի: «Եթե»-ներով հարցերին չեմ ուզում պատասխանել, եկեք` ենթադրություններով չխոսենք»,- հարցին պատասխանելուց խուսափեց նախարարը: