կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-05 13:13
Հասարակություն

ՀԱԿ-ն առաջարկում է գազի գնի իջեցման ու չարաշահողներին պատժելու համար դիմել դատախազություն

ՀԱԿ-ն առաջարկում է գազի գնի իջեցման ու չարաշահողներին պատժելու համար դիմել դատախազություն

ՀԱԿ խմբակցությունը որոշման նախագիծ է ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ ԱԺ գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկել, որպեսզի քրեական հետախուզում սկսեն՝ մեղավորներին պատժելու համար: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ներկայացրեց իրենց նախաձեռնությունը:

Ըստ պատգամավորի` կան բոլոր հիմքերը, որ գլխավոր դատախազությունը ուսումնասիրի գործը՝ մեղավորներին ու չարաշահողներին պատժելու համար:

Արամ Մանուկյանը նաև նշեց, որ դատախազությունը պետք է ուսումնասիրի գազի գնի իջեցման հնարավորությունը, որովհետև գազի հարցերով հանձնաժողովի եզրակացության մեջ կան բոլոր հիմնավորումները դրա համար: «Մեր պնդումները ամրապնդվում են վերջին զարգացումների հիման վրա: Այն, ինչ տեսնում ենք` հոսանքի գնի հետ կապված` խախտումներ ու չարաշահումներ, նույն այս ֆոնին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը պետք է որոշում կայացնի` գործը դատախազություն ուղարկելու համար»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ ներկայացնելու է երկու հիմնավորում խախտումների վերաբերյալ, որոնք բավարար են դատական գործ հարուցելու համար: Առաջին հիմնավորումն այն է, որ բոլոր իրավաբանական անձանց սպառած գազը հաշվարկելիս տեսուչները մշտապես ավելացնում են որոշակի գործակիցներ:

«Տարիներ շարունակ ակնհայտ կոռուպցիոն այս գործընթացն իրականացվում է հենց այս մեխանիզմով: Չկա որևէ իրավական պայմանագիր, որևէ փաստաթուղթ, որ պետք է հենց այդպիսի հաշվարկ կատարվի: Եթե, օրինակ, իրավաբանական անձը վառում է 1000 խորանարդ մետր գազ, գազի տեսուչները ավելացնում կամ բազմապատկում են որոշակի գործակցով, և գործակիցը որոշվում է տեսուչի սուբյեկտիվ մոտեցմամբ: Ստացվում է, որ 1000 խորանարդ մետր գազի դիմաց ձեզանից գանձում են 1300 կամ 1500 խորանարդ մետրի համար»,- ասաց Արամ Մանուկյանը:

Պատգամավորը պնդում է` չկա որևէ թուղթ, որ իրավաբանական անձի հետ կնքվի պայմանագիր, որում սահմանվի սպառման հաշվարկման նման մեխանիզմ: Նրա համոզմամբ՝ դա ակնհայտ գողություն է, և այդտեղ դատախազությունն անելիք ունի:

Արամ Մանուկյանի երկրորդ հիմնավորումը կապված էր գազը սպառողների երկու տեսակի խմբի հետ՝ մինչև 1000 խորանարդ մետր սպառողները ավելի շատ են վճարում, քան 1000 խորանարդ մետրից ավելի սպառողները:

Պարզվում է, որ հանրապետությունում կա 752 կազմակերպություն, որոնք օգտագործում են մինչև 1000 խորանարդ մետր գազ, բայց որպեսզի քիչ վճարեն, նրանք անիմաստ գազ են բաց թողնում, որպեսզի ընկնեն 1000 խորանարդ մետրից ավելի սպառողների ցուցակի մեջ՝ քիչ վճարելու համար: «Այսինքն` եթե վառում ես 10 հազարից մի քանի խորանարդ մետր ավելի, կարող ես վճարել քիչ, քան, ասենք, 9800 խորանարդ մետր վառողները: Ուստի այստեղ կան ակնհայտ անօրինական գործարքներ: Այս տվյալներն այնքան շատ են, որ եթե դատախազությունը ուսումնասիրի, կարող է զսպել այս համակարգում բարձր ախորժակ ունեցողներին»,- ասաց Արամ Մանուկյանը: