կարևոր
3655 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-06 19:39
Աշխարհ

Ադրբեջանը բանակցություններ է վարում ԵՄ-ին գազի նոր մատակարարումների շուրջ, հնարավոր է՝ Ուկրաինայի տարածքով

Ադրբեջանը բանակցություններ է վարում ԵՄ-ին գազի նոր մատակարարումների շուրջ, հնարավոր է՝ Ուկրաինայի տարածքով

Ադրբեջանը բանակցություններ է վարում առնվազն երեք նոր եվրոպական երկրներ բնական գազի արտահանումն ընդլայնելու շուրջ: Այս հարցում լավատեսություն կա։ Ըստ Bloomberg-ի՝ դրա մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Իտալիայում անցկացված ֆորումի ժամանակ Ալիևն հայտնել է, որ Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում եվրոպական ութ երկրների և տարածաշրջանի հետ պայմանավորվածություն ունի մինչև 2027 թվականը արտահանումը կրկնապատկելու շուրջ։

«Մենք պարզապես ցանկանում ենք աջակցել այդ երկրներին (Եվրոպայում) և Ուկրաինային։ Որոշակի լավատեսություն ունենք, կարծում եմ՝ բեկումի հիմք կա»,- ասել է նա՝ չնշելով երկրների անունները։

Ալիևը նաև հաստատել է, որ Մոսկվան և Կիևը դիմել են իրեն՝ առաջարկելով դյուրացնել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցումը դեկտեմբերին տրանզիտի պայմանագրի ավարտից հետո։

Եվրոպան փնտրում է գազի նոր գործարքներ, որպեսզի փորձի 2022 թվականին Ռուսաստանից հոսքերի նվազումից հետո պահպանել մատակարարումների ծավալները:

Հոսքերը կարող են էլ ավելի կրճատվել, երբ տարեվերջին ավարտվի համաձայնագրի ժամկետը, որը հնարավորություն կտա ռուսական գազը տարանցել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիություն:

Դեռևս պարզ չէ՝ արդյոք հնարավոր կլինի՞ շրջանցող ուղի գտնել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանին թույլ չի տա օգուտ քաղել երկրի խողովակաշարերով գազ տեղափոխելուց։