Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանում այս օրեին կատարվող ցնցումները Հայաստանում շատերին են ուրախացնում, առաջին հերթին` այն պատճառով, որ նավթի գների գահավիժման հետևանքով կարժես ձախողվում է ուժային առավելություն ստանալու և ԼՂ նոր պատերազմ սկսելու պոտենցիալը մեծացնելու` Բաքվի ծրագիրը: Սակայն Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտվել Ադրբեջանին համակած այս ցնցակաթվածից և, առհասարակ, ստեղծված նոր իրավիճակից:
Հայաստանում այս թեմայով դեբատներ, քննարկումներ չեն ծավալվում: Հնարավոր չէ հասկանալ՝ նոր իրավիճակում ո՞րն է ընտրված ուղեգիծը, ի՞նչ է արվում Ադրբեջանի կողմից ակամա տրված և տարածաշրջանի շուրջ հաստատված իրադրությամբ պայմանավորված նոր հնարավորություններից օգտվելու ուղղությամբ: Տպավորություն է, որ Երևանը պատրաստ չէ նման ընթացքներին, ընկել է տարօրինակ շփոթության մեջ և չի հասկանում՝ շուրջն ինչ է կատարվում:
Ադրբեջանին համակած դողէրոցքի պատճառը նավթի գների անկումն է: Նման վիճակի մեջ են նավթահումքային ռեսուրսների վաճառքի և դրանից ստացվող եկամուտների վրա տնտեսություն ու ֆինանսական համակարգ կառուցած անխտիր բոլոր երկրները: Հայաստանը նավթ չունի, և դա փրկում է, որ չհայտնվի համաշխարհային տնտեսական այս ճգնաժամի առաջնային հարվածի թիրախում: Բայց, կախված լինելով ռուսական տնտեսությունից, վաղ, թե ուշ զգալու է այդ ճգնաժամի երկրորդային էֆեկտը, որը կարող է շատ ավելի ցավոտ լինել, քան այն, ինչ ստանում են Ռուսաստանն ու Ադրբեջանը: Այս երկրները գոնե ունեն համեմատաբար ավելի մեծ պահուստային ռեսուրներ, որոնք դեռ որոշ ժամանակ դիմանալու հնարավորություն կտան: Հայաստանն այդ ռեսուրսն ակնհայտորեն չունի: Նրա պահուստային ռեսուրսները մաշվել են, հասել կրիտիկական նվազագույնի շեմին: Փոխարժեքի կայունությունը հիմա ապահովվում է կառավարության և ԿԲ-ի կողմից արտարժույթով կուտակվող արտաքին պարտքի, վարկային միջոցների հաշվին, որն արդեն գրեթե մոտեցել է ՀՆԱ-ի 50 տոկոսին: Բացի դրանից` Հայաստանի տնտեսությունը ևս կախված է հանքահումքային ռեսուրսների, մասնավորապես` պղնձի արտահանումից. այն կազմում է արտահանման ամբողջ ծավալի գրեթե 40 տոկոսը: Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ կլինի տնտեսության և բնակչության կենսամակարդակի հետ, եթե պղնձի միջազգային գները շարունակեն ընկնել: Այս իմաստով` Հայաստանն Ադրբեջանից ավելի լավ վիճակում չէ:
Բայց Հայաստանի ներկայիս` հարաբերականորեն կայուն վիճակը կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն է տալիս: Հարցն այն է՝ կա՞ այդ հնարավորությունից օգտվելու կամք, գոնե` ուղենիշ, թե՞ ոչ: Արտաքին օբյեկտիվ բացասակայն գործոնները չեզոքացնել օբյեկտիվորեն չի հաջողվի: Դրա ներուժը չկա: Բայց գոնե ներքին ռեսուրսներն արդյունավետ օգտագործել հնարավոր և անհրաժեշտ է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2015-ի վերջին հայտարարեց, թե տնտեսական դժվարություններին դիմակայելու համար առաջիկայում կառավարման համակարգի օպտիմալացում է արվելու: Նախկինում կատարված բոլոր օպտիմալացումները սահմանափակվել են ինքնանպատակ կրճատումներով, որոնք չեն բարձրացրել կառավարման համակարգի արդյունավետությունը: Նույնը, թերևս, տեղի կունենա հիմա: Մինչդեռ էականը միջոցների խնայողության համար կրճատումներ կատարելը չէ, այլ համակարգի արդյունավետությունը և իմունիտետը բարձրացնելը, քիչ ծախսերով առավելագույն արդյունք ապահովելը:
Հունվարի 4-ին վարչապետը խորհրդակցություն է անցկացրել արտահանման խթանմանն ուղղված ծրագրերի ու քայլերի վերաբերյալ: Որոշվել է դրամական աջակցություն ցուցաբերել մի քանի ապրանքատեսակների գծով արտահանում կազմակերպող տնտեսվարողներին: Կառավարությունը, փաստորեն, որոշել է փոխհատուցել արտահանում կազմակերպող բիզնեսմենների կրելիք վնասները: Սա թերեւս լավագույն լուծումը չէ: Եթե արտահանումը հիմա այդքան ձեռնտու լիներ, գործարարները կառավարության օգնությանը չէին սպասի: 2015թ. մարտին հրատապ կարգով փոփոխություններ արվեցին «Շահութահարկի մասին» օրենքում, որով շահութահարկի դրույքաչափը 20%-ի փոխարեն սահմանվեց 2% այն պոտենցիալ տնտեսվարողների համար, որոնք կկարողանան արտահանել առնվազն 50 մլրդ մաքսային արժեքով ապրանք: Հետաքրքիր է՝ քանի՞ գործարար է օգտվել այս հիանալի արտոնյալ ռեժիմից: Դատելով նրանից, որ հիմա էլ փող են խոստանում արտահանում կազմակերպելու համար, պետք է հասկանալ՝ ոչ մի: Եվ դա տրամաբանական է: Որովհետև խնդիրը արտահանման կազմակերպման մեջ չէ, այլ արտահանվող ապրանքների որակի և մրցունակ ինքնարժեքի: Իսկ մրցունակ ինքնարժեք հնարավոր չէ ապահովել մոնոպոլ կարտավիճակ ունեցող շրջանակների կողմից ներկրված հումքով:
Եթե գոնե սպասվող «ցունամիին» ընդառաջ տնտեսության ազատականացման խնդիրը չի լուծվելու, մանր ու միջին բիզնեսը շարունակելու է մնալ հարկային տեռորի թիրախ, Ադրբեջանին պատուհասած տնտեսական «խոզագրիպից» Հայաստանին նվազ արհավիրք չի սպասվում:
Վրաստանը վերջին երեք ամիսներին միանգամից երեք ուղղությամբ բանակցություններ է վարում Ադրբեջանից կամ Ռուսաստանից ավելի շատ ու ավելի էժան գազ ներկրելու, ձեռքի հետ՝ նաև իրանական գազի համար Վրաստանը տրանզիտ երկիր դարձնելու ուղղությամբ: Գրեթե բոլոր բանակցություններում քննարկվում է Հայաստանի մասնակցության հարցը, բայց Հայաստանն այդ բանակցություններում չկա: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պնդում է, թե Հայաստանն այլ տարբերակ, քան միայն Ռուսաստանից լայն սպառման գազ գնելը, չունի: Մինչդեռ հայտնի է, որ Ռուսաստանը և Իրանը քննարկում են որոշակի մեխանիզմով Հայաստանին իրանական գազ մատակարարելու հարցը, ինչը շատ ավելի հեռուն գնացող ծրագրերի լուրջ նախադրյալ կարող է ստեղծել: Եթե հնարավոր է` իրանական գազի ներկրման հարցում լեզու գտնել Ռուսաստանի հետ, ապա ինչո՞ւ չի կարելի փորձել լեզու գտնել Իրանի՝ գազային շուկա ներխուժման հետևանքով խնդիրների առաջ հայտնվող Ռուսաստանի հետ` նաև «Գազպրոմի» միջոցով Հայաստանով իրանական գազ արտահանելու գաղափարի շուրջ: Բայց սա դիվանագիտական լուրջ աշխատանք է պահանջում, իսկ հայկական կողմը նախընտրում է սպասել:
Ահա այսպես է Հայաստանը պատրաստվում անխուսափելի տնտեսական ճգնաժամին: Ինչպես միշտ՝ առաջնորդվելով «Օրը կգա, բարին` հետը» կարգախոսով: Բայց արդյո՞ք այդ օրն իսկապես բարին է լինելու...
Գևորգ Աղաբաբյան