կարևոր
1756 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-30 21:19
Սպորտ

Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի ռեկորդակիր ու չեմպիոն, Նարեկ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն

Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի ռեկորդակիր ու չեմպիոն, Նարեկ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվող մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնությունում Տիգրան Կարապետյանը դարձավ ոսկե, իսկ Նարեկ Գրիգորյանը` արծաթե մեդալակիր։

Երիտասարդների 71կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տիգրան Կարապետյանն ու Նարեկ Գրիգորյանը գերազանց հանդես եկան պոկում վարժությունում։ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի նոր ռեկորդով՝ 145 կգ–ով, դարձավ ոսկե մեդալակիր, իսկ Նարեկ Գրիգորյանը 143կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։

Հրում վարժությունում մեր տղաների առաջին մոտեցումից հետո պարզ էր, որ նրանք ապահովել են մեդալը երկամարտում։

Մնում էր հասկանալ թե ինչ հերթականությամբ։ Կարապետյանը երկրորդ մոտեցումով բարձրացրեց 172կգ և սահմանեց երիտասարդների Եվրոպայի նոր ռեկորդ հրում վարժությունում և երկամարտում։

Գրիգորյանը պատասխանեց նոր ռեկորդով՝ 175կգ, երկամարտում` 318կգ։ Թիմակիցները որոշում էին Եվրոպայի չեմպիոնին։

Կարապետյանը երրորդ մոտեցումով նորից ռեկորդ սահմանեց՝ 176կգ, ու մնաց Նարեկ Գրիգորյանի պատասխանը։ 179կգ բարձրացնելու դեպքում Նարեկ Գրիգորյանը սահմանում էր Եվրոպայի նոր ռեկորդ հրում վարժությունում և երկամարտում ու նվաճում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Բայց չստացվեց։

Այսպիսով` Տիգրան Կարապետյանը նվաճեց ոսկե երեք մեդալ ու սահմանեց Եվրոպայի նոր երեք ռեկորդ`145+176=321կգ, իսկ Նարեկ Գրիգորյանը նվաճեց երեք արծաթե մեդալ ու Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը երկամարտի 318կգ արդյունքով։

Այսօր Հայաստանի հավաքականի կազմում 71կգ քաշային մինչև 23 տարեկան ծանրորդների պայքարին մասնակցելու է նաև Գոռ Սահակյանը։

Հիշեցնենք` ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էին դարձել 20 -ամյա ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանն (58 կգ) ու Գառնիկ Չոլակյանը (60 կգ)։