Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին yerkir.am-ին ներկայացրեց, թե ինչ խորհուրդ ունի Ամանորը:
Նա նշեց, որ Ամանոր բառը հենց այնպես չէ ընտրված, քանի որ, ըստ Ագաթանգեղոսի, Ամանորը եղել է կին, որին սիրահարվել է Վանատուրը. Վանատուրը հյուրընկալության աստվածն է եղել: Վանատուրն իր սերը խոստովանել է Ամանորին` նրան կարմիր խնձոր նվիրելով, դրա համար էլ տոնածառը հնում զարդարում էին կարմիր խնձորներով: Այս զույգի միասնությունից էլ առաջացել է բերքատվության, ընտանիքի գաղափարը, և դրա հետ է կապված այն գաղափարը, որ Ամանորն ընտանեկան տոն է:
Ի դեպ, տարվա սկիզբը համարվել է հունվարի 6-ը` Սուրբ Ծննդյան օրը` ըստ 1758 թվականի` Սիմեոն Երևանցու ընդունած կոնդակի:
Ագուլեցին նշեց, որ Ամանորի շեմին տանը ճյուղ դնելն ու զարդարելը խորհրդանշում է երկարակեցություն, դալար և երջանիկ ընտանիք:
«Տոնածառը կամ ճյուղը կարող եք խաղալիքների փոխարեն զարդարել մրգերով, իսկ տոնական սեղանն իր ճոխությամբ չէ, որ պետք է գրավի հյուրերի ուշադրությունը, այլ հայկականությամբ : Հին հայկական տոնական սեղանը մինչև հունվարի 6-ը միայն բուսական սնունդ է առաջարկել հյուրերին, քանի որ մարդիկ պաս էին պահում մինչև հունվարի 6-ը: Այդ օրերին սեղանի հիմնական զարդը եղել է լոբին, հյուրերին մատուցվել է ընդեղեն, չորթանով ճաշ, ռշտա, ձավարով ճաշեր, քաղցրավենիք, պասուց տոլմա, կանաչիներ»,- ասաց տիկին Ագուլեցին:
Նա նաև տեղեկացրեց, որ Ամանորի հետ կապված կան նաև որոշ առակներ. ասում են, թե Ամանորի օրերին յուրաքանչյուրի տանիքում նստած է եղել մի կերպար, որն ուշի-ուշով հետևել է, թե ինչ է կատարվում ընտանիքներում: Այդ աներևույթ կերպարին չէր կարելի նեղացնել` ընտանիքներում վեճեր, անհամաձայնություններ չպետք է լինեին, հակառակ դեպքում` կերպարը նրանց կարող էր պատժել: