կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-12-31 14:41
Առանց Կատեգորիա

Քաղաքական վայրիվերումների 2015-ը. մաս 3

Քաղաքական վայրիվերումների 2015-ը. մաս 3

Ներքաղաքական միջավայր, նախընտրական վերադասավորումներ

Արտաքուս թվում է, թե ներքին քաղաքական կյանքում պահպանվել է նույն ճահճային, ամորֆ իրավիճակը: Իրականում, անցնող տարվա ընթացքում կատարված իրադարձություներին մի փոքր ավելի խորքային մոտեցում ցուցաբերելու դեպքում բացահայտվում է մի փոքր այլ  պատկեր: Արձանագրվել են ինչպես ապագային միտված լիցքեր պարունակող իրողություններ, այնպես էլ խորը հիասթափությունների տեղիք տվող երևույթներ, կորուստներ:

1.    Ազգային միասնականության դրսևորումներ

Տարին առանձնացավ առնվազն երեք գործոնով պայմանավորված ազգային, հասարակական միասնականության դրսևորումներով:

·         Ավետիսյան ընտանիքի ողբերգությունը

Որքան էլ հոգեբանական առումով ճնշող էր հունվարին տեղի ունեցած և ողջ Հայաստանը ցնցած ողբերգությունը, այն դարձավ հասարակությանը մոբիլիզացնող ազդակ: Հարվածը հասցվել էր ազգային գիտակցության ամենանուրբ և սուրբ տարրերից մեկին՝ հայկական ընտանիք հասկացությանը:  Այդ իմաստով հանցագործության լիարժեք բացահայտման, ռուսական կողմի հանդեպ հանրային պահանջատիրության շուրջ հասարական մոբիլիզացումն ապացուցեց ոչ միայն մեր կենսունակությունը, այլև պետական արժանապատվություն ունենալու և այդ արժանապատվությունը Ռուսաստանին հարգել ստիպելու կարողությունը: Առաջին անգամն էր, երբ հասարակությունն իշխանության փոխարենն իր վրա վերցրեց պետության արժանապատվության պաշտպանության խնդիրը և ստիպեց Մոսկվային վերանայել Հայաստանին իբրև պոլիգոն, պլացդարմ վերաբերվելու մոտեցումը:

·         Ցեղասպանության 100-րդ տարելիցը

Նախ՝ հունվարին Ցեղասպանության 100-ամյակի համահայկական հռչակագրի ընդունումը, ապա նաև ապրիլի 24-ը «Հարյուրամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության համար ներքին խնդիրների լուծման հենակետ դարձնելու փորձի հանրային միանշանակ մերժումը ազգային-հասարակական միավորման երկրորդ առանցքային գործոնը դարձավ: Հռչակագրի մասով, փաստորեն, առաջին անգամն էր, որ ընդունվում էր համազգային մասշտաբի փաստաթուղթ, որտեղ կարևոր շեշտադրումներ կային պահանջատիրության գործընթացն իրավական ենթահողի վրա դնելու վերաբերյալ:

·         «Էլեկտրիկ Երևան»-ի հանրային քաղաքական էֆեկտը

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հունիսի հանրային ընդվզումը, Բաղրամյան պողոտան մեկ շաբաթ շարունակ փակ պահելը, առանց իրավապահ մարմինների հետ լուրջ բախումների մեջ մտնելու պերմանենտ նստացույցի անցկացումը հանրային արժանապատվության ընդգծման և այն կրկին Ռուսաստանին պարտադրելու՝ արդեն ավանդական-ազգային ընկալումներից դուրս երևույթ էր:  Այն նաև հավաստեց արտաքին ուժերի ծուղակը չընկնելու առումով հասարակության սթափությունը և հասունությունը: Չնայած խնդիրը ներքին էր, սակայն Ռուսաստանում այն ընկալցվեց որպես իրենց դեմ ուղղված «մայդանային» դեմարշ, ինչից երկյուղելով Մոսկվան ստիպված եղավ որոշ զիջումների գնալ. համաձայնել ՀԷՑ-ի վաճառքին, Ավետիսյանների գործը հայկական կողմին հանձնել, վարկային արտոնյալ պայմաններով 200մլն դոլարի սահմաններում Հայաստանին զինտեխնիկա մատակարարել:

Շարժումը ցույց տվեց նոր տիպի Հայաստան կառուցելու նոր սերնդի ներքին հզոր պոտենցիալը: Թեև շարժումը լուրջ հաջողություններ չունեցավ և ըստ էության դարձավ իշխանության մանիպուլայցիաների զոհը, սակայն ազատ մտածող երիտասարդության համար քաղաքական փորձառություն ձեռք բերելու կարևոր հանգրվան եղավ: Շարժումը ցույց տվեց նաև, որ հնարավոր չէ հասարակական օրակարգից անկախ և դրանից դուրս քաղաքական օրակարգ ունենալ: Այն բացահայտեց քաղաքական համակարգի փտած էությունը և լուրջ, որակական վերափոխումների հրամայական ստեղծեց: Շարժումը ջարդեց ձևավորված այն կարծրատիպը, թե հայ ժողովրուրդն իրականում ունակ է համախմբվել միայն անցյալի և ազգային ողբերգությունների շուրջ: Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը և Ցեղասպանության 100-րդ տարելիցը այդ կարծրատիպի դրսևորումներն էին: Բայց կամ «Ոչ թալանին»  շարժումը տարբերվում էր հենց ապագայմետ լինելով: Այս համատեքստում Քանյե Ուեսթի, ինչպես նաև SOAD-ի՝ հզոր էներգետիկայով հագեցած համերգներն ընդամենը այս նոր ձեռբերման հավաստումն էին:

2.    Ավանդական քաղաքականության ճգնաժամը

Փետրվարին տեղի ունեցավ ներքաղաքական վերադասավորումերի տեսանկյունից ամենավճռորոշ իրադարձությունը՝ ՀՀ նախագահի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մեծ քաղաքականությունից չեզոքացնելու օպերացիան, որը հանգեցրեց խորհդրարանի մեծությամբ երկրորդ ուժի՝ ԲՀԿ-ի քայքայմանը: Այս իրադարձությունը ցույց տվեց, թե որքան փխրուն են հայաստանյան խոշոր կուսակցությունները՝ կոնյուկտուրային որոշումների հանդեպ: Ծառուկյանի անկումը կատարյալ հուսալքության մատնեցին ֆինանսական հզոր ռեսուրսներով օժտված անհատի միջոցով երկրում դրական փոփոխության հասնելու չհիմնավորված հույսերը: Բայց երբ «Ոչ թալանին» շարժմումն ապացուցեց առանց քաղաքական ուժերի հասարակության մոբիլիզացման ներուժը, պարզ դարձավ, որ քաղաքական համակարգը գտնվում է խորագույն ժգնաժամի մեջ: Արդյունքում սկսվեց անհատակենտրոնության մերժման, թիմային որոշումների կայացման, քաղաքական օրակարգը հասարակական պահանջների վրա կառուցելու, գաղափարահեն, երիտասարդ լիդերների առաջնորդությամբ նոր տիպի քաղաքական ուժերի ասպարեզ մտնելու գործընթաց: Տարվա սկզբին, սենսացիաների միջոցով ինքնահաստատվելու մեթոդաբանությամբ հրապարակ իջավ «Հիմնադիր խորհրդարանը», որը ձախողվեց ռադիկալ սխալ մարտավարություն ընտրելու պատճառով: Մայիսին ստեղծվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, օգոստոսին՝ «Ալյանս», սեպտեմբերին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Նախընտրական 2016-ին պարզ կդառնա՝ որքանով կկարողանան այս նոր ուժերը ինքնահաստատվել քաղաքական դաշտում:  

3.    Սահմանադրական փոփոխություններ և նոր սպասումներ

Դեկտեմբերին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով, որով երկիրն անցում է կատարում խորհրդարանական կառավարման մոդելին, ավարտվեց դեռևս 2013-ից սկսված ներքաղաքական ամենակարևոր և ինտրիգային գործընթացը՝ լուրջ քաղաքական վերադասավորումների տեղիք տալով:  Չհաջողվեց հանրային քննարկման ներկայացված նախագծի շուրջ հասարակական քաղաքական մեծ համախոհություն ձևավորել: Պատճառը մի կողմից այդ նախաձեռնության ներքո իշխանության վերարտադրման նպատակներ փնտրելու, մյուս կողմից սահմանադրական հանրաքվեի անաչառության նկատմամբ առկա կանխակալ անվստահությունն էր: Հանրաքվեն վերահաստատեց ընտրական գործող համակարգի անկենսունակությունը: Այն անցավ խախտումներով, որոնց կապակցությամբ երկու տասնյակ քրեական գործեր հարուցվեցին: 2016-ի առաջին կիսամյակը նշանավորվելու է ընտրական սահմանադրական օրենսգրքի մշակման գործընթացով: Որքանով կհաջողվի ընդդիմությանը շահագրգիռ և հետևողական մասնակցություն ունենալ այդ գործընթացին, այնքանով հնարավոր կլինի ձևավորել կենսունակ ընտրական համակարգ և կանխել ավանդական եղանակներով իշխանության վերարտադրումը:

 

Գևորգ Դարբինյան