Փոխարժեքներ
27 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Արտաքին միջավայր, նոր մարտահրավերներ
4. Ղարաբաղյան կիսապատերազմը
Հունվարի առաջին օրերից ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծվեց նոր, կիսապատերազմական իրավիճակ: Ադրբեջանը, իրեն դուրս դնելով բանակցային գործընթացից, կտրուկ մեծացրեց լարվածության մակարդակը հատկապես ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ սեպտեմբերից գործողության մեջ դնելով ընդհուպ հրթիռային կայանքներ, զրահատեխնիկա և հրետանային համակարգեր: Երկու կողմերը աննախադեպ թվով զոհեր ունեցան:
Հակամարտության թեժացումն ունեցել է կուլմինացիոն երեք կետ` հունվարի ողջ ընթացքում, սեպտեմբերին և դեկտեմբերին: Դրանց արանքում արձանագրված հարաբերական կայունությունը պայմանավորված է եղել միայն Ադրբեջանում տեղի ունեցած կարևոր միջոցառումներով` հունիսին՝ Եվրոպական օլիմպիական խաղեր, նոյեմբերի սկզբին՝ խորհրդարանական ընտրություններ: Այս դադարները ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին համոզեցին, որ շփման գծում լարվածության մեծացման պատասխանատուն Ադրբեջանն է, որից հետո նրանց հայտարարություններն սկսեցին ավելի հասցեական դառնալ: Բանակցային գործընթացը տապալելու ուղեգիծը Ադրբեջանին ավելի է մեկուսացրել և կանգնեցրել դիվանագիտական փակուղու առջև. Բաքուն չի կարողանում խնդիրներ լուծել ո\'չ ռազմական, ո\'չ դիվանագիտական ճանապարհով՝ իր անհավասարակշիռ քաղաքականության պատճառով հատկապես ԱՄՆ-ին ավելի ու ավելի մղելով ԼՂՀ-ի սուբյեկտայնության ճանաչմանը:
Կարելի է արձանագրել, որ դինավագիտական առումով Հայաստանը տարին ԼՂ հարցում դիրքային ավելի լավ պայմաններով է փակում, ինչը ոչ այնքան Երևանի ճկունության արդյունքն է, որքան Ադրբեջանի կոպտագույն սխալների: Սակայն այդ սխալները Բաքուն կոմպենսացնում է` լայնածավալ պատերազմի սպառնալիք ստեղծելով, և այդ առումով դեկտեմբերի վերջին Բեռնում Սարգսյան-Ալիև հանդիպումը որևէ դրական արդյունք չունեցավ:
5. Նոր մարտահրավերներ`Մերձավոր Արևելքից
Մինչև տարվա կեսերը թվում էր, թե Սիրիայում իսլամիստական ահաբեկչական ԻՊ խմբավորման դեմ ծավալված պատերազմը և Եվրոպան համակած ահաբեկչության վտանգը Հայաստանին չեն սպառնում: Սակայն երբ Թուրքիան սկսեց հարվածներ հասցնել Իրաքի և Սիրիայի քրդական զինյալ խմբավորումների ճամբարներին, և Հայաստանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ իսկական պարտիզանական պատերազմ սկսվեց թուրքական կանոնավոր բանակի և քրդական զինյալների միջև, մերձավորարևելյան մղձավանջը մոտեցավ Հայաստանին: Այն արդեն նոյեմբերին կլանեց Հայաստանը, երբ, փորձելով կանխել ԻՊ-ի դեմ միասնական կոալիցիան ստեղծելու` ռուս-ֆրանսիական նախաձեռնությունը և ձգտելով Ռուսաստանին հեռացնել Սիրիայից, թուրքական ՌՕՈՒ-ն կործանեց Սիրիայի հետ իր սահմանին մոտեցած ռուսական ռմբակոծիչը՝ ռուս-թուրքական հարաբերությունները հասցնելով նախապատերազմականի: Սա Ռուսաստանի համար մեծացրեց Հայաստանի քաղաքական նշանակությունը, սակայն Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի և ՀԱՊԿ-ին անդամ լինելու պատճառով Հայաստանը վերածեց պոտենցիալ թիրախի: Փորձելով զսպել Ռուսաստանին՝ Թուրքիան խրախուսեց Ադրբեջանին` մեծացնել հայ-ադրբեջանական նոր պատերազմի վերսկսման ռիսկերը՝ ակնարկելով, որ կարող է փորձել նրա համար Հարավային Կովկասում նոր ճակատ բացել:
Այս առումով Հայաստանի արտաքին մարտահրավերները կրկնապատկվել են, և Հարավային Կովկասի հետ այն հայտնվել է մերձավորարևելյան պատերազմի երկրորդային «ֆրոնտի» կարգավիճակում: Արդյունքում ԼՂ հիմնահարցը վերջնականապես դադարել է զուտ ռեգիոնալ լինելուց և դարձել գլոբալ աշխարհաքաղաքական վերադասավորումների ոչ առաջնային թիրախներից կամ գոտիներից մեկը:
6. Ցեղասպանության 100-րդ տարելիցի արտաքին քաղաքական էֆեկտը
2015-ի առաջին կիսամյակն անցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ազդեցությամբ, որը արտաքին քաղաքական հսկայական էֆեկտ ունեցավ: Հունվարի 29-ին ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Թե համազգային ինչ նշանակություն այն ունի, դեռ կանդրադառնանք: Արձանագրենք միայն, որ դրանով դրվեց Ցեղասպանության հետևանքների հաղթահարման նպատակով իրավական պահանջների թղթածրար նախապատրաստելու պահանջը: Սա պահանջատիրությունը բարոյական և քաղաքական հարթությունից իրավական ռելսերի վրա դնելու և անհատական, համայնքային ու համազգային մակարդակով իրականացնելու հանձնառության ձևակերպում էր, որն ուղղակիորեն հակասության մեջ էր մտնում 2009-ին Ցյուրիխում ստորագրված և ԱԺ-ում մնացած հայ-թուրքական արձանագրությունների ոգու և նպատակների հետ: Պատահական չէր, որ փետրվարին ՀՀ նախագահը ԱԺ-ից ետ կանչեց այդ արձանագրությունները՝ առանց կատարելու վճռորոշ՝ հայկական կողմի ստորագրությունը ետ կանչելու քայլը:
Կարևոր քաղաքական ձեռքբերում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Սերբիայի նախագահների և տասնյակ երկրների պատվիրակությունների մասնակցությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացված հիշատակի միջոցառումներին: Դրանով ձախողվեց այդ իրադարձության նշանակությունը նսեմացնելու և Չանաքքալեի ճակատամարտի հիշատակման միջոցառումներն արհեստականորեն ապրիլի 24-ին անցկացնելու միջոցով ստորացնելու` Թուրքիայի ձեռնարկը:
Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման տեսանկյունից անգնահատելի էին ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված պատարագի մատուցումը և Գրիգոր Նարեկացուն տիեզերական եկեղեցու վարդապետ կարգելու որոշումը: Դրանք Ցեղասպանության ճանաչման առումով հզոր հոգևոր-քաղաքական ճնշում էին կաթոլիկ երկրների նկատմամբ և հայկական հոգևոր մշակույթը համաշխարհային արժեքների շրջանակներում մատուցելու նուրբ և խոսուն նախաձեռնություն:
Ցեղասպանության 100-րդ տարելիցը հիմք հանդիսացավ, որպեսզի Հայաստանը հայտ ներկայացնի ստանձնելու Ցեղասպանությունների դեմ համաշխարհային պայքարի առաջնորդի դերը: Սա էական էր 100-րդ տարելիցից հետո Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման մոտիվացիա ստեղծելու և մասամբ ազգային անվտանգության քաղաքական երաշխիք ստեղծելու տեսանկյունից:
Այս առումով 2015-ն, անկասկած, ձեռքբերումների տարի էր, որին առանձին շուք հաղորդեց Քիմ Քարդաշյանի այցելությունը Հայաստան:
Գևորգ Դարբինյան