Փոխարժեքներ
27 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում շատ քիչ են եղել այնպիսի հագեցած տարիներ, ինչպիսին էր 2015-ը: Իրադարձություններն այնպիսի խելահեղ արագությամբ էին հաջորդում միմյանց, որ հնարավոր չէր հընթացս մարսել, ամբողջությամբ խորամուխ լինել դրանց պատճառահետևանքային կապերի մեջ: 2015-ը ինչպես ողբերգությունների ու կորուստների տարի էր, առաջին հերթին` մարդկային առումով, այնպես էլ՝ որոշակի հարաբերական ձեռքբերումների: Արդեն տարեվերջ է և կարելի է տարին ամփոփող հետահայաց որոշակի ընդհանրացումներ կատարել ինչպես արտաքին քաղաքական գործընթացների, այնպես էլ ներքին հասարակական-քաղաքական կյանքի կտրվածքով:
Արտաքին միջավայր, նոր մարտահրավերներ
Հունվարի 2-ից Հայաստանը պաշտոնապես դարձավ Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Չնայած իշխանությունների սպասելիքներին՝ անդամակցության առաջին տարին իրեն բացարձակապես չարդարացրեց: Հայաստանը ոչինչ չշահեց անդամակցումից, հայկական ապրանքները նոր՝ եվրասիական շուկաները չնվաճեցին դոլար-ռուբլի-դրամ արժութային հավասարակշռության խախտման պատճառով: Նվազեցին թե\' ներկրումների և թե\' արտահանումների ծավալները: ԵՏՄ-ի մեկ տարին վերահաստատեց, որ այս կազմակերպության կենսունակության գրավականը Ռուսաստանի տնտեսությունն է: Իսկ քանի դեռ այն միջազգային սանկցիաների, հատկապես` նավթի միջազգային գների կտրուկ անկման ազդեցությամբ փլուզվում է, որևէ դրական սպասելիք, առնվազն առաջիկա տարվա կտրվածքով, ունենալ չի կարելի:
Թվում էր, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը փակում է դռները ԵՄ-ի հետ կառուցողական նոր հարաբերությունների առջև: Սակայն մայիսի 21-ին Ռիգայում Բրյուսելն ու Երևանն ստորագրեցին ԵՄ-Հայաստան համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մտադրությունների հուշագիր, ինչից պարզ դարձավ, որ ԵՄ-ն չի ցանկանում համակերպվել Հայաստանը կորցնելու փաստի հետ: Իսկ դեկտեմբերին Բրյուսելում արդեն Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը միասին ազդարարեցին այդ համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցություններն սկսելու մեկնարկը: Այս բանակցությունները, ինչպես նաև մշակվելիք համաձայնագիրը, Հայաստանի համար ոչ թե տնտեսական նշանակություն ունի, այլ քաղաքական: Դրանով Հայաստանը վերահաստատում է ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու, գոնե արտաքուստ ցուցադրում եվրոպական արժեհամակարգով բարեփոխվելու կամքը, ինչպես նաև ստեղծում է ռեզերվային հնարավորություններ ԵՏՄ-ի տապալման դեպքում այդ բազայի վրա ԵՄ-ի հետ ավելի սերտ տնտեսա-քաղաքական հարաբերություններ զարգացնելու համար:
Տարվա արտաքին քաղաքական ամենամեծ ձախողումը կապված էր Եվրոպայի խորհրդի հետ, ընդ որում՝ միանգամից երկու ուղղությամբ: Առաջինը հունիսի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատի կողմից «Չիրագովը և ուրիշներն ընդդեմ ՀՀ-ի» գործով որոշման կայացումն էր: Տարիներ շարունակ ընթացող այս գործի վերջնական արդյունքում Հայաստանը փաստացի պարտություն կրեց, որովհետև ՄԻԵԴ-ը համարեց, որ հիմնավոր չէ Հայաստանի այն առարկությունը, թե չի վերահսկում Լեռնային Ղարաբաղի և շրջակա տարածքները: Դա մեկնաբանվեց որպես Ադրբեջանի տարածքները, այդ թվում` նաև ԼՂ-ն Հայաստանի կողմից օկուպացված լինելու իրավական գնահատական: Թեև որոշումն անհատական բնույթ ուներ և կարգավորման քաղաքական գործընթացի վրա ազդեցություն ունենալ չէր կարող, սակայն Ադրբեջանի համար շահարկման և միջազգային տարբեր կառույցներում օգտագործելու առիթ ստեղծեց:
Երկրորդ ձախողումն արդեն ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում էր, որտեղ Հայաստանի պատվիրակությունը և դիվանագիտական կորպուսը չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից նախաձեռնված կանխակալ հակահայկական երկու բանաձևերի հաղթարշավը: Խոսքը նախ վերաբերում է ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից արդեն ընդունված և Վեհաժողովի հունվարյան նստաշրջանի օրակարգում քննարկվելիք` հայտնի «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագրով խայտառակ զեկույցին, որով Հայաստանն ուղղակիորեն բնորոշվեց որպես ագրեսոր, և որով Երևանին կոչ է արվում հանել զորքերը ներկայիս ԼՂ-ի տարածքից: Երկրորդը՝ Սարսանգի ջրամբարին վերաբերող` «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են» վերնագրով բանաձևի առաջմղում էր, որը նախորդի ածանցյալն է, այնքանով, որ դրա հիմնական նպատակը ևս Ադրբեջանի տարածքների «օկուպացվածության փաստի» արձանագրումն է: Հաջորդ տարվա հունվարը կսկսվի այս երկու խայտառակ բանաձևերի շուրջ ԵԽԽՎ քննարկումներով: Հուսադրող է այն փաստը, որ դրանցով ԼՂ հիմնահարցի կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից հանելու և ԵԽ տեղափոխելու` Ադրբեջանի ջանքերը հանդիպում են միջնորդ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հզոր հակազդեցությանը և քաղաքական լուրջ էֆեկտ ունենալ հիմա չեն կարող:
Շարունակելի
Գևորգ Դարբինյան