կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-24 16:40
Մշակույթ

Կոմիտասը` Վիգեն Չալդրանյանի ուղեցույց. «Վարդապետի լռությունը» հնարավոր է «Օսկար»-ի ներկայացվի

Կոմիտասը` Վիգեն Չալդրանյանի ուղեցույց. «Վարդապետի լռությունը» հնարավոր է «Օսկար»-ի ներկայացվի

1915-ին Կոմիտասին միշտ նույն մղձավանջային երազն է հետապնդել: Երազը նա իր ընկերոջը՝ Չիթունուն է հետագայում պատմել. «Բլրի վրա ես հազարավոր հայ երեխաների եմ տեսնում, որոնք, ձեռքերը երկինք պարզած, «Առավոտ լուսո» են երգում»: Տարիներ անց են միայն հասկացել, որ Կոմիտասը 1915 թվականի Եղեռնն է կանխատեսել:

***

«Յուրաքանչյուր հայ իր մեջ ունի Կոմիտասի` իր պատկերը, և ես էլ «Վարդապետի լռությունը» ֆիլմի միջոցով ուզում էի իմ մեջ եղած Կոմիտասի պատկերը ձեզ ցույց տալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը:

Վաղը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Վարդապետի լռությունը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը Վիգեն Չալդրանյանն է /սցենարը` Ռուբեն Հովսեփյանի մասնակցությամբ/, երաժշտության հեղինակը Վաչե Շարաֆյանն է, գլխավոր դերերում խաղում են Վարդան Մկրտչյանը և Անի Ղազարյանը:

Չալդրանյանը նշեց, որ ֆիլմի նկարահանումները մեկնարկել են դեռևս 2014-ի աշնանը: «Ֆիլմի նկարահանման ընթացքում շատ չեմ խոսել ֆիլմի մասին, քանի որ լուռումունջ, առանց մանրվելու, գլուխներս կախ, նկարահանմամբ էինք զբաղված: Այս ֆիլմը մի բանով է տարբերվում իմ մյուս` 2 տասնյակի հասնող ֆիլմերից` սարսափելի պատասխանատվության զգացում կար, քանի որ գործ ունեի մի հայորդու հետ, որին յուրաքանչյուր հայ կրում է իր մեջ: Կոմիտասը հայոց խիղճն է եղել, որին վերադառնալու խնդիր կա. կոմիտասյան արժեքներին վերադառնալու խնդիր ունենք»,- ասաց նա:

Ռեժիսորը նշեց նաև, որ ֆիլմի միջոցով իր «անհատական» Կոմիտասին ներկայացնելու փորձ է արել,: Թե որքանով է համընդհանուր մյուսների Կոմիտասի հետ, ժամանակը ցույց կտա:

Իսկ թե որքանով է Չալդրանյանին հաջողվել ստանալ այն, ինչ ուզում էր, նա նշեց, որ եթե իր առջև խնդիր է դնում, միշտ հասնում է դրան: «Ոչ մի ստեղծագործող չի կարող ասել, թե իրեն հաջողվել է 100 տոկոսով ստանալ այն, ինչ պատկերացնում էր: Սակայն, մյուս կողմից,  եթե գոնե 70-80 տոկոսով արդյունքը հաջողված չի լինում, ուրեմն վատ ստեղծագործող է: Ես ինչ ուզում` անում եմ, և դա ինձ մոտ հաջողվում է»,- ասաց կինոռեժիսորը:

Գլխավոր հերոսը Էդգար Նովենց անուն-ազգանունով  ժամանակակից ճանաչված գրող է, ով «Վարդապետի լռությունը» վերնագրով վեպ է գրում Կոմիտասի մասին: Նովենցը նաև համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս է: Խոսելով ֆիլմի գլխավոր դերակատարի` գրողի մասին` Չալդրանյանը նշեց, որ միշտ նկարահանում է ֆիլմեր մտավորականների մասին, իսկ մտավորականը, նրա կարծիքով, միայն արվեստագետը չէ: Մտավորականը, ըստ Չալդրանյանի, այն քաղաքացին է, որի արարումը նպաստում է ազգի բարձրացմանը, այլ ոչ թե` հակառակը: «Այդ դերերը միգուցե իմ միջի դրսևորումներն են: Ֆիլմի ճարտարապետությունն է, որ գրողի գրքի միջոցով կարողանանք գնալ դեպի 1915, հետո` վերադառնալ մեր օրերը»,- ասաց նա:

Չալդրանյանը նշեց, որ Կոմիտասն իր համար եղել է ուղեցույց, լույս, որին մոտենալու համար հասունանալ էր պետք: Ըստ նրա` ամեն ինչ իր ժամանակին պետք է հասունանա, քանի որ հիմա շատերն են նկարում, խոսում Կամիտասի մասին, մարդիկ, որոնք ուղղակի իրավունք չունեն դիպչելու Կոմիտասին: «Բաներ կան, որ տաբու պիտի դրվի, չպիտի թողնեն դիպչել: Ես, օրինակ, հիմա Նարեկացու մասին ինչ-որ բան ստեղծելու վերաբերյալ եմ մտածում, բայց դեռ չգիտեմ` կարո՞ղ եմ, ժամանա՞կն է, արդյոք»,- ասաց նա

Ֆիլմը հանդիսատեսի մոտ մի շարք հարցեր է առաջացնում, ինչը, Չալդրանյանի կարծիքով, լավ է: Ըստ նրա` արվեստը հարցեր է բարձրացնում, որոնց պետք է պատասխանի հանդիսատեսը:

Ֆիլմում կան նաև վավերագրական կադրեր, և Չալդրանյանի հավաստմամբ` ինքը փորձել է հենց դրանց վավերագրությունը պահպանել:

«Կինոյում, որպես փիլիսոփայական կատեգորիա, Կոմիտասի լռությունն է ընտրված: Այսօր, ցավոք, Կոմիտասը միայն փողոց է, սակայն հույս ունեմ, որ շատերի մոտ ֆիլմը դիտելուց հետո հետաքրքրություն կառաջանա: Ինչպես ֆիլմի հերոսներից մեկն է ասում` Կոմիտասին պետք է փնտրենք մեր մեջ, Հայաստանի մեջ, չնայած այն փաստին, որ նա Փարիզի հոգեբուժարանում է կյանքի վերջին տարիներն անցկացրել: Փարիզի համար Կոմիտասն ուղղակի հուշարձան է, մենք պետք է մեր հոգիներում կենդանացնենք նրան»,-ասաց Չալդրանյանը:

Ֆիլմում, բնականաբար, անդրադարձ է կատարվում նաև 1915-ի դեպքերին: Չալդրանյանը նշեց, որ վաղուց էր ուզում նկարել մի ֆիլմ, որտեղ մի կաթիլ արյուն չի լինի, բայց Եղեռնի սահմռկեցուցիչ զգացողությունը կպահպանվի: «Աշխարհն արյուն չի սիրում, աշխարհի հետ պետք է խոսես իր լեզվով»,- ասաց նա:

Ի դեպ, ֆիլմի բյուջեն 85 մլն դրամ է, որից 35 մլն դրամը մշակույթի նախարարությունն է փոխանցել, իսկ մնացածը` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: Նման սուղ միջոցներով, ինչպես նշեց Չալդրանյանը, կարող էր ֆիլմ նկարել միայն Հայաստանում, քանի որ այստեղ, երբ թակում ես մեկի դուռը` օգնության ակնկալիքով, 100-ից 99-ը բացում են:

Ֆիլմի գլխավոր դերակատար Վարդան Մկրտչյանն էլ խոստովանեց` դերն իրեն բաժին է հասել որպես հարսանեկան նվեր. Չալդրանյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել իր հարսանիքին, սակայն նամակով հաղորդել է, որ, որպես նվեր, գլխավոր դերն է իրեն բաժին հասնելու:

«Ֆիլմն ինձ համար սպասված երեխա էր: Ես կարոտելու եմ այն օրերը, երբ Վիգեն Չալդրանյանի հետ, սրճարաններում նստած, փորձում էինք հասկանալ մտավորականի այն տեսակը, որի կարիքը կա: Ֆիլմն այժմ հանդիսատեսինն է»,- ասաց Մկրտչյանը:

Ֆիլմի դերակատարներից Անի Ղազարյանն էլ նշեց, որ ֆիլմում խաղալու համար ստիպված է եղել սափրել գլուխը, սակայն դա անելու որոշումը կայացրել է առանց մեկ վայրկյան իսկ մտածելու: «Դժվար չէր գնալ նման զոհողության, քանի որ հասկանում էի` ինչի համար եմ դա անում: Սա իմ առաջին դերն է մեծ կինոյում: Չգիտեմ` հետո ինչ ընթացք կունենա իմ` կինոաշխարհում լինել-չլինելը, բայց կարծում եմ` սա ճիշտ սկիզբ էր»,- ասաց դերասանուհին:

Ի դեպ, «Շարմ հոլդինգը» հնարավոր է, որ ֆիլմն «Օսկարի» ներկայացնի: