Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին:
Տարեվերջյան նիստում խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացել 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ համալսարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում գնահատելով բավարար: Հաստատվել են 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը, 2016 ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը, 2016թ. ԵՊՀ կառուցվածքը և հաստիքացուցակը: Օրակարգի հարցերի շրջանակում ռեկտոր Արամ Սիմոնյանը խորհրդի անդամներին ներկայացրել է ԵՊՀ 2015թ. (հունվար-նոյեմբեր) եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդումը, որն ընդունվել է ի գիտություն: Նիստում որոշում է ընդունվել 2016թ. ԵՊՀ ֆինանսատնտեսական գործունեության և ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրության մասին, և նույն որոշմամբ սահմանվել են աուդիտ իրականացնողի գործառույթները:
Ռեկտոր Արամ Սիմոնյանի ներկայացրած ԵՊՀ 2014-2015 ուստարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ներառել է կրթական, գիտահետազոտական, միջազգային համագործակցության, հրատարակչական գործունեության, հանրային կապերի և տեղեկատվական համակարգերի, սոցիալական քաղաքականության, ուսանողների և շրջանավարտների հետ տարվող աշխատանքների ոլորտները, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեությունը, որը, ըստ ռեկտորի, կազմակերպվել և իրականացվել է ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված խնդիրներին ու նպատակներին համապատասխան:
ԵՊՀ ռեկտորը նիստի մասնակիցներին ներկայացրել է համալսարանի ռազմավարական ծրագիրը, որի համաձայն՝ ԵՊՀ գործունեությունը նպատակաուղղված է հայագիտական, բնագիտական, սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար գիտությունների և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղություններով կրթական ծրագրերի և հիմնարար ու կիրառական գիտական հետազոտությունների իրականացմանը:
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն օրակարգի ընթացիկ հարցերի թվում քննարկել և որոշում է կայացրել «Ուսանողական ծառայություններ» ՍՊԸ ստեղծելու և ընկերության կանոնադրությունը հաստատելու մասին:
Մինչ խորհրդի նիստը, համալսարանի կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում Հանրապետության Նախագահը ծանոթացել է ԵՊՀ հրատարակչության 95-ամյակի կապակցությամբ համալսարանի հրատարակչության կողմից վերջին երկու տարում տպագրված գրքերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ լույս տեսած աշխատություններին:
Նիստի ավարտին Նախագահը պատասխանել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին: