Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում ելույթի ժամին նշեց, որ «Ավելացված արժեքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակը, հավասար իրավական վիճակի ստեղծումն է, ինչը, բնականաբար, դրական է, սակայն, հարցադրումների ժամանակ իր կողմից հնչեցված հիմնավորումները հիմնականում նպատակ են հետապնդում առևտրի կառավարման ոլորտում կառավարության գործողությունների մասին լիարժեք պատկերացում ստեղծել:
«Այս նախագծի հիմնավորման մեջ առնվազն պետք է լիներ այն, թե որքանո՞վ է սա խթանելու առևտուրը: Բացի ձևական իրավական հավասար պայմանների ապահովումից, շատ սկզբունքային նշանակություն ունի, թե այս նախագիծը նպաստելո՞ւ է Հայաստանի տնտեսության զարգացմանը, թե՞ ոչ: Եվ եթե այդ համատեքստում ենք նայում, մենք տեսնում ենք, որ սա ընդհանուր քաղաքականության մի փոքրիկ բաղադրիչ է, բայց, ցավոք, ես չլսեցի այդ մոտեցումները: Ցավոք, որովհետև մենք իրականացնում ենք ազատ տնտեսական գոտիների քաղաքականություն և ցավալիորեն այդ ուղղությամբ առաջընթաց դեռևս չունենք»,- ընդգծեց Մինասյանը:
Որպես օրինակ` նշելով պատգամավորների սեղաններին դրված համակարգիչները` պատգամավորը նշեց. «ՀՀ-ում կա ձեռնարկություն, որն արտադրում է տեղական արտադրության համակարգիչներ, պլանշետներ և այլ նորարարական տեխնիկաներ, և այստեղ` ԱԺ դահլիճում, կառավարությունում, նախարարություններում, պետք է առաջին հերթին տեղական արտադրության համակարգիչները տեղադրված լինեն: Տեղական արտադրանքի իրացման առումով` պետք է հստակ քաղաքականություն իրականացնենք, մինչդեռ` ազատ տնտեսական գոտում ստեղծված ձեռնարկությունը ոչ միայն չի արտահանվում տարբեր տիպի խոչընդոտների պատճառով, նաև սահմանափակված է դրա մուտքը հայկական շուկա: Փաստորեն, պետք է ավելացված արժեքի հարկը վճարես, որ նոր կարողանաս իրացնել, ինչո՞ւ»:
ՀՅԴ-ականի խոսքով` պետք է քվոտա տրվի: «Շուկայում ինչ-որ քվոտա տվեք, որ տեղական արտադրանքը մտնի շուկա: Եթե մեր` պետական այրերիս առջև դրված համակարգիչները տեղական արտադրության չեն, մենք ո՞նց պետք է ցույց տանք, որ` դրսի կազմակերպություն, այս կազմակերպության ապրանքների նկատմամբ պահանջարկ ներկայացրու: Սա ամենահստակ և կարճ ճանապարհն է, որ կարող ենք իրականացնել: Ճիշտ է, որ կառավարությունը նախաձեռնեց և ընդունեց օրենք, որի շրջանակներում գումարի վերադարձի սխեմա իրականացվեց այն ապրանքների մասով, որոնք Հայաստանում գնում են, և գնորդը պետք է տաներ դուրս: Բայց սա թղթի վրա մնաց»,- ասաց նա:
Մինասյանն ընդգծեց` շատ կարևոր է, որ էկոնոմիկայի նախարարությունը` տնտեսական զարգացման, այդ թվում` առևտրի քաղաքականության ոլորտով զբաղվող կառույցըմ նախաձեռնի այս ամենը:
«Ընդհանուր առևտրի քաղաքականության ոլորտում պետք է ներկայացվի հայեցակարգը, թե ինչպես ենք մենք խթանում հայկական ապրանքների առևտուրը: Ես հասկանում եմ, որ բյուջետային առումով կարող են որոշակի խնդիրներ առաջանալ, բայց դա էկոնոմիկայի նախարարության խնդիրը չպետք է լինի: Նախարարության խնդիրը պետք է լինի Հայաստանի տնտեսության զարգացումը խթանելը, այդ թվում` և առևտուրը: Կարևոր է անդրադառնալ նաև տեխնիկական լուծումներին»,- ընդգծեց Մինասյանը: