կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-25 13:16
Հասարակություն

Հայաստանում չպետք է լինեն որսահանդակներ. Արծվիկ Մինասյան

Հայաստանում չպետք է լինեն որսահանդակներ. Արծվիկ Մինասյան

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում լրագրողները բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցին` ինչպե՞ս է նախարարությունը պայքարում կենդանիներին սպանող և դրանց հետ լուսանկարվող անձանց դեմ, մանավանդ, որ վերջերս նման դեպքերը շատացել են:

Նախարարը չհամաձայնեց, որ դեպքերը շատացել են: «Դեպքեր կան, որ եղել են սրանից 7-10 տարի անց, դեպքեր էլ կան, որ ոմանք փորձում են ինքնահաստատվել այդ կերպ: Դա չի նշանակում, որ դեպքերն են շատացել, դա նշանակում է, որ լուսաբանումն է շատացել, ինչը ձեռքբերում պետք է համարենք»,- ասաց նա:

Բացի այդ` Մինասյանը նշեց, որ մեր կարգավորման համակարգը չի համապատասխանում նման դեպքերը ժամանակին բացահայտելուն և պատժելուն, ինչի համար էլ կենդանական աշխարհի մասին օրենքում մեծամասշտաբ փոփոխություններ են անում, աշխատանքը վերջնական փուլում է:  «Այս օրենսդրական գործողություններով ուզում ենք թե' պատժման, թե' կանխարգելման և թե' ապահովագրական լիարժեք համակարգ ձևավորել: Խստացնելու ենք քրեական պատասխանատվության նորմերը վարչական զանցանքների դեպքերով, դրամական տուգանքներն են խստացվելու, ինչպես նաև հավելյալ պատասխանատվության միջոցները` ընդհուպ մինչև որսորդական զենքի առգրավում»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ նա նշեց, որպեսզի նշված պատժատեսակները ավելի ակտիվ դարձնեն է, անհրաժեշտ է ունենալ  կենդանական աշխարհի կադաստրը ամբողջ ծավալով: «Ցավոք առայսօր չունենք դա: Քանի որ չունենք, շատ հաճախ մեզ համար անտեսանալի է դառնում այս կամ այն կենդանական աշխարհը որտեղ է գտնվում և ինչ կարգավորման դաշտում է այն»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` մյուս կարևոր խնդիրը որսի և որսորդական տնտեսության վերաբերյալ քաղաքականության վերանայումն է: Մինասյանը նշեց, որ Հայաստանում չպետք է լինեն որսահանդակներ, եթե դրանք որսորդական տնտեսություններ չեն: «Որսորդական տնտեսությունը ենթարկվում է որոշակի կանոնի, գտնվում է որոշակի կոնկրետ վերահսկողության տակ, և կան կոնկրետ պատասխանատուներ: Որսահանդակը հանրային տարածք է, որտեղ դու կարող ես իրականացնել անվերահսկելի որս. այս ուղղությամբ ենք փոփոխությունների փաթեթ ներկայացնում»,- տեղեկացրեց նա:

Բացի այդ, ըստ նախարարի, այն մարդիկ, ովքեր նման վերաբերմունք են ցուցաբերում վայրի կենդանական աշխարհի նկատմամբ, հոգեկան խնդիրներ ունեն, և հարկավոր է այնպես անել, որ կա'մ նրանք ուղղվեն, կա'մ համապատասխան պատժի ենթարկվեն: