կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-21 13:30
Տնտեսական

Խրախուսելու ենք տեղական արտադրությունը. Արծվիկ Մինասյան

Խրախուսելու ենք տեղական արտադրությունը. Արծվիկ Մինասյան

Այսօր էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել էր սեմինար շվեյցարական «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» GSP արտոնյալ ռեժիմի և հայ-շվեյցարական առևտրա-տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ: Սեմինարին մասնակում էին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, Հայաստան-Շվեյցարիա պառլամենտական բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը և այլք: Սեմինարի նպատակն էր ներկայացնել Շվեյցարիայի կողմից Հայաստանին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համակարգը` GSP արտոնյալ ռեժիմը, որպեսզի հայ գործարարները, որոնք արտահանում են կազմակերպում դեպի Շվեյցարիա, տեղեկանան գործող ընթացակարգի, տրամադրվող արտոնությունների մասին:

Բացի Շվեյցարիայից, Հայաստանին GSP արտոնյալ ռեժիմ են տրամադրել նաև ԱՄՆ-ը, Նորվեգիան, Ճապոնիան, Կանադան:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ելույթում նշեց, որ թե' ՀՀ նախագահը, թե' կառավարությունը որդեգրել են արտաքին առևտրի խթանման, Հայաստանի ապրանքներն և ծառայությունները արտաքին շուկաներում լայնորեն ներկայացնելու, արտաքին շուկաներում դրանց իրացման ծավալները մեծացնելու քաղաքականություն:

«Վստահ եմ, որ մեր այս քաղաքականությունը բոլոր երկրների դեսպանների հետ աշխատանքի շրջանակներում կունենա արդյունքներ` թե' կարճաժամկետ, թե' երկարաժամկետ հեռանկարում ապահովելով այդ երկրներ հետ արտաքին առևտրի ծավալների մեծացում»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` Հայաստանի համար արտաքին առևտրի, արտահանման տեսակետից կան մի շարք հնարավորություններ, և պետք է ձգտել, որ այդ հնարավորությունները լիարժեք ներկայացվեն: ԵՄ երկրների հետ ունենալով GSP պլյուս համակարգը, իսկ Շվեյցարիայի, Կանադայի, Ճապոնիայի ու ԱՄՆ-ի հետ` GSP համակարգը` Հայաստանի համար հնարավորություններ են բացվում, որ հայ արտադրողները կարողանան դուրս գալ արտաքին շուկաներ, ստեղծեն անհրաժեշտ պայմաններ: Նախարարի խոսքով` կառավարությունը որդեգրել է արտահանման աջակցության պետական քաղաքականություն, որը հնարավորություն կտա թե' հայկական ապրանքը արտահանել, թե' արտաքին շուկաներում իրացման ծավալներն ավելացնել:

Մինասյանը նշեց, որ երբ խոսվում է Շվեյցարիայի մասին, պետք է նկատի ունենալ, որ հայ գործարար Վարտան Սիրմակեսը կարող է Շվեյցարիայում ու Ֆրանսիայում նպաստել Հայաստանի ապրանքների առաջխաղացմանը, տրամադրել բավական լայն տարածք, որտեղ ՀՀ արտադրողներն իրենց ապրանքները ցուցադրելու, վաճառք կազմակերպելու, ինչպես նաև ներդրումային բանակցություններ վարելու հնարավորություն կունենան: Արծվիկ Մինասյանի խոսքով` կառավարությունն անում է քայլեր, որպեսզի արտահանման ու ապրանքների իրացման բեռը միայն գործարարների ուսերին չմնա:

Նախարարը նշեց նաև, որ զուգահեռաբար երկրորդ կարևոր տնտեսական  միջոցառումն է անցկացվելու, որի նպատակն է խթանել տեղական արտադրության տեխնոլոգիական զարգացումները:

«Ժամանակակից աշխարհում առանց նորարարությունների, առանց տեխնոլոգիական զարգացման հնարավոր չէ ունենալ բավարար մրցակցություն, հետևաբար` կառավարության երկրորդ կարևոր տնտեսական քաղաքականությունը լինելու է` աջակցել և առանձին դեպքերում ներդրումային ծրագրերի շրջանակներում հետաձգումներ իրականացնել առանձին հարկային պարտավորությունների գծով այն կազմակերպությունների համար, ովքեր նորարարական, տեխնոլոգիական փոփոխությունների կենթարկեն իրենց արտադրանքը` իջեցնելով ինքնարժեքը, ապահովելով բարձր արտադրողականություն և, բնականաբար, անհրաժեշտ որակ:

Այս տեսակետից մեր երրորդ կարևոր ուղղությունը ամբողջ երկրում որակի ենթակառուցվածքի  լիարժեք վերանայումն է. մենք ներկայումս իրականացնում ենք թե' լաբորատորիաների, թե' հավատարմագրման, թե' չափագիտության համակարգի վերանայում, որ տեղական արտադրանքը, անցնելով անհրաժեշտ լաբորատոր փորձաքննություն Հայաստանում,  նաև միջազգային հարաբերություններում ճանաչվի ընդունելի որակ ունեցող:

Հաճախ մեր արտադրողները բախվում են մի վիճակի, երբ պարզապես  չեն կարողանում իրենց արտադրանքն արտահանել, որովհետև դրսում պահանջները չափազանց խիստ են, և չկա հնարավորություն որակի այդ ամբողջ ընթացակարգն անցնելու արտասահմանում: Կամ` որակյալ արտադրողների հետ մրցակցության  մեջ են մտնում անորակ արտադրանք թողարկողները` դուրս մղելով որակյալ արտադրանք տվողներին և վարկաբեկելով հայկական արտադրության իրական որակն ու վիճակը:

Չորրորդ տնտեսական ուղղությունը ներմուծման փոխարինման քաղաքականությունն է, այսինքն` բոլոր այն ապրանքատեսակների գծով, որով Հայաստանում հնարավոր է կազմակերպել արտադրություն, կամ կա այդ արտադրությունը, և անհրաժեշտ է այն խրախուսել ու զարգացնել: Մենք աջակցելու ենք տեղական արտադրությանը, որ հնարավորություն ունենանք ստեղծելու լրացուցիչ տնտեսական հնարավորություններ, աշխատատեղեր և համարժեք ծավալներ»,- ասաց Արծվիկ Մինասյանը: