կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-05 13:28
Քաղաքական

Գ.Սահակյան. ՀԱԿ-ը իմիտացիա է անում

Գ.Սահակյան. ՀԱԿ-ը իմիտացիա է անում

ՀԱԿ-ն իմիտացիա է անում, որ ինքն այնքան կա, որ իշխանությունը մենակ իր հետ է երկխոսում: Նման կարծիք է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Ըստ հանրապետական պատգամավորի` ՀԱԿ-ը փորձում է հանրությանը ցույց տալ, թե իշխանությունը փորձում է երկխոսել հենց իրենց հետ. «Սակայն իշխանությունը երկխոսում է նաև այլ քաղաքական ուժերի՝«Ժառանգության» և ՀՅԴ-ի հետ: Այս երկխոսությունը թույլ տալիս, որ ՀԱԿ-ն իր հանրահավաքներում ավելի շատ գլուխ գովա: Երկխոսությունը Կոնգրեսն օգտագործում է իր հանրահավաքներում երեւակայական, հեքիաթային մեծախոսություններ պատմելու համար»,- ասել է Սահակյանը` նկատելով, թե կոստյում եւ փողկապ էլ հագնում են, քանի որ երկար տարիներ շարունակ այն չեն կրել եւ կարոտել են։ «Դրանով կարեւորություն են տալիս իրենց գործին... Ես նաեւ իմ գործընկերներին եմ խորհուրդ տալիս՝ ավելի թեթեւ հագնվել՝ ժողովրդին մոտ լինելու համար»,- հավելել է հանրապետական գործիչը։

Նա նաեւ «բացահայտել» է իշխանության գալու ՀԱԿ-ի դրդապատճառներից մեկը. - «Տեսնում են պետական բյուջեն լցվել է, ուզում են գան, դատարկել»։

Գալուստ Սահակյանն, անդրադառնալով արտահերթ ընտրությունների պահանջին, նշել է. «Մենք շատ պարզ ասում ենք՝ եկեք քննարկենք այդ հարցը, բայց դա անիմաստ քննարկում է լինելու»:

Սահակյանը նաև կարծիք է հայտնել, թե ընդդիմությունը չունի հավատարիմ մարդկանց անհրաժեշտ կազմը՝ արտահերթ ընտրության դեպքում ընտրատեղամասերում վերահսկողություն իրականացնելու համար և հավելել է, որ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում շահեկան դիրքերում կլինի ՀՀԿ-ն, քանի որ կպահպանի իր տեղերը խորհրդարանում, իսկ ՀԱԿ-ը կվերադառնա իր հանրահավաքներին: