կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-03 15:53
Քաղաքական

Նոր Սահմանադրությունը բացում է թունելի վերջում լույսը

Նոր Սահմանադրությունը բացում է թունելի վերջում լույսը

Սահմանադրական բարեփոխումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի. սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ՀՅԴ  քարոզարշավի շրջանակներում  վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը:

Նա նշեց, որ այս 20-25 տարվա ընթացքում ՀՅԴ-ն կարծիք է հայտնել, որ Սովետական միության միակուսակցական ուժեղ, տոտալիտար համակարգից, երբ միանգամից երկիրը պետք է անցներ անկախության, ճիշտ կլիներ երկիրը վստահել ժողովրդին և անցնել պառլամենտական կառավարման: Քանի որ, ըստ Մկրտչյանի, ժողովուրդը կսկսեր ընտրել իր իշխանությանը, որը չէր միավորվի մեկ կենտրոնի շուրջը, ինչն էլ կնպաստեր, որ քաղաքական մշակույթը զարգանա, կուսակցությունները, ընդդիմությունը կձևավորվեն, գաղափարական պայքար կսկսվի:

«Ցավոք, 90-ականների սկզբին մեր տեսակետը չանցավ: Ի դեպ, երբ Սահմանադրության նախագիծը հրապարակեցինք, «Երկիր» թերթի տպաքանակը 25 000 էր, և այն մեկ օրում վաճառվեց: Բայց դա չիրականացավ, քանի որ կուսակցությունը կասեցվեց, գործունեությունը դադարեցվեց, կուսակցության ղեկավարները բանտ նետվեցին, որի հետևանքով 1995-ին անցավ գործող Սահմանադրությունը: Անցնող 20 տարիները ցույց տվեցին, որ մեկ պաշտոնի շուրջ կենտրոնացած կառավարման համակարգում, ճիշտ է, գրանցվում են արդյունքներ` երկրի պաշտպանությունը, բանակը, մեր երկրի պետական շինարարության մեջ ունենք լուրջ ձեռքբերումներ, բայց միանձնյա կառավարման համակարգում տեղի է ունենում այն, ինչ այսօր ունենք»,- ասաց Մկրտչյանը:

Նրա կարծիքով` ըստ էության, Սահմանադրությունը փոխելու որոշումը գալիս է կոնկրետ փաստից` երկրի կառավարման համակարգում գոյություն ունի ճգնաժամ, և ժողովրդի մեծամասնությունն անտարբերությամբ է վերաբերվում թե՛ իր իշխանություններին, թե՛ ընդդիմությանը:

Սկզբնական շրջանում, ըստ Մկրտչյանի, երբ ձևավորվեց Սահմանադրության փոփոխման հայեցակարգը, պատկերացում չկար` անցնե՞լ պառլամենտականի, թե՞ պահել կիսանախագահական կառավարման համակարգը: Սակայն, ըստ նրա, երբ սկսել են երկրի կառավարման խնդիրներն ուսումնասիրել, հստակ է դարձել, որ այսօրվա մեր մարտահրավերների մեջ ուրիշ ճանապարհ չունենք` պետք է վերադարձնենք ժողովրդի վստահությունը, որպեսզի մարդիկ հավատան երկրի ապագային: «Սա անհատների փոփոխությամբ, լավ կամ վատ «ցարի» փոփոխությամբ չի լինի, սա պետք է լինի համակարգային լուրջ փոփոխությամբ, որը կոչվում է իշխանության ցրում և կենտրոնացում մի քանի կետերի շուրջ: ՀՅԴ-ն կարծում է, որ այն, ինչ 15-20 տարիների ընթացքում ասում էինք, ի վերջո, խորը գիտակցվեց իշխանության կողմից»,- ասաց նա:

Մկրտչյանի հավաստմամբ` սահմանադրական բարեփոխումների առանցքում կան էական որոշ դրույթներ, որոնցից մեկն էլ իշխանության ցրումն է: Ըստ նրա` երբ մի պաշտոնի մեջ է կենտրոնացված բացարձակապես ամեն ինչ, այդ պաշտոնից է բխում դատական համակարգի ձևավորումը, գերագույն գլխավոր հրամանատարի նշանակումը, տնտեսական դաշտը, գործադիր իշխանությունը, դա, ի վերջո, հանգեցնում է երկրի կյանքում քարացածության և ճահճացման: Սակայն, երբ այդ իշխանությունը ցրվում է բոլորովին այլ պատկեր է ստացվում:

«Առաջարկվող նախագծում երկրի վարչապետը, որը կառավարող կարևորագույն անձն է դառնալու, չունի այն բոլոր լիազորությունները, ինչ ունի այսօր նախագահը: Վարչապետը նախ չի ընտրվում ժողովրդի կողմից, այլ ընտրվում է պառլամենտի միջոցով, և նա հաշվետու է իր գործունեության համար, այսինքն` իր գործունեության ընթացքում տարվա մեջ երկու անգամ հաշվետվություն է տալիս: Վարչապետը գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները ստանձնում է միայն պատերազմի ժամանակ, իսկ խաղաղ ժամանակ նա չունի այդ կարևորագույն հզոր միջոցը` ազդելու երկրի վրա»,- ասոաց Մկրտչյանը ու հավելեց, որ դատական իշխանության հետ էլ որևէ կապ չի ունենում վարչապետ, քանի որ դատական իշխանությունն ամբողջությամբ ձևավորվում է դատական համակարգի և պառլամենտի կողմից և սկսում է անկախ գործունեություն ծավալել:

«Մենք գիտենք, որ մեր խնդիրների մեծ մասը գալիս է նրանից, որ մարդիկ չունեն տեղ, որտեղ դիմեն և ստանան արդարություն: Դատական համակարգը չի արդարացնում այսօր մեր քաղաքացիների սպասելիքները և սկսում է սպասարկել գործող իշխանություններին: Երբ իշխանությունից անջատում և անկախացնում ես այդ համակարգը, բայց, միաժամանակ, կոնկրետ մեխանիզմներով վերահսկում, թույլ չես տալիս, որ դառնա չարիք երկրի կառավարման համար, ապա ձևավորվում է կարևորագույն մի օղակ երկրի կառավարման համակարգում»,- ասաց ՀՅԴ անդամը:

Մյուս կարևոր խնդիրը, որը լուծվում է նոր Սահմանադրությամբ, ըստ Մկրտչյանի, կարևորագույն որոշումներ կայացնելիս ժողովրդի մասնակցության հարցն է: Նույնիսկ այսպիսի կարևոր փաստաթուղթը, ինչպիսին Սահմանադրությունն է, այսօրվա Սահմանադրությամբ փոխելու երկու եղանակ ունենք` կա\'մ այդ փոփոխություններւ պետք է առաջարկի ՀՀ նախագահը, ինչն էլ արվել է, կա\'մ ԱԺ-ում` մեծամասնության քվեարկությամբ: Ստացվում է` Սահմանադրությունը ժողովուրդն իր կամքով փոխելու իրավունք չունի: «Իսկ երբ Սահմանադրության մեջ դնում ենք հանրաքվեների գաղափարը, ստացվում է շատ հետաքրքիր մի պատկեր` ցանկացած հարցով քաղաքացիների ստորագրությամբ հնարավոր է հարցը մտցնել պառլամենտ: Եթե պառլամենտում էլ հարցը չի անցնում, հաղթահարվում է քաղաքացիների ստորագրությամբ և գնում է հանրաքվեի: Պատկերացրեց` եթե հայ-թուրքական  համաձայնագրի ժամանակ այս օրենքը գործեր, մենք ոչ թե փողոցում կկազմակերպեինք պայքար, այլ կդիմեինք մեր սահմանադրական իրավունքին և, ստորագրություններ հավաքելով, կգնայինք հանրաքվեի: Նույնիսկ կենցաղային հարցերում կարող ենք հաջողությունների հասնել` արագաչափերի հետ կապված ժողովրդի մեջ դժգոհություններ կան, չէ՞, ուրեմն կարող ենք հանրաքվեի դնել հարցը»,- ասաց նա:

Մկրտչյանի հավաստմամբ`  կարևորագույն հարցերը մեր երկրում առանց հանրաքվեի ոչ ոք իրավունք չունի լուծելու` որևէ պաշտոնյա երկրի անվտանգության, սահմանների հետ կապված չի կարող ինչ-որ հարց լուծել, ինչը շատ կարևոր է մեր երկրի սուվերենության և ազգային անվտանգության ապահովման ամրապնդման համար:

Նա նշեց, որ վերջին տարիներին ՀՀ նախագահները Ղարաբաղյան պատերազմով անցած մարդիկ էին և գիտեին` ինչ են նշանակում այդ հողերը մեզ համար: «Պատկերացրեք` նախագահ ընտրվի մեկը, որը Ղարաբաղյան շարժման հետ առանձնապես կապ չունի, և նրա մի ստորագրությունը կարող է որոշել մի ամբողջ ժողովրդի 30-ամյա պայքարի ճակատագիրը»,- ասաց ՀՅԴ անդամը:

Մկրտչյանը նշեց նաև, որ կուզեր զգուշացնել` այնպես չէ, որ Սահմանադրության փոփոխությունը մեր կյանքը միանգամից ու հանկարծակի փոխելու է: Ըստ նրա` ոմանք, ժողովրդին ներկայացնելով Սահմանադրության լավ կողմերը, տպավորություն են ստեղծում, որ այն ընդունելուց հետո մեր կյանքը լավանալու է, ամեն ինչ շատ լավ է լինելու:

«Այդպես չէ: Իմ պատկերացմամբ` նոր Սահմանադրությունը նորից բացում է թունելի վերջում լույսը, այսինքն` հնարավորություն է տալիս մեր երկրին իր զարգացման 25 տարվա ճանապարհի ընթացքում կարևոր շրջադարձ անելու և հենվելու ժողովրդի վրա: Բայց թե ինչքանո՞վ սա կիրականանա` մեր հասարակության խնդիրն է: Այստեղ գալիս է շատ կարևոր մի հարց` սահմանադրականությունը, քանի որ բոլորովին մի բան է լավ փաստաթուղթ ունենալ, մեկ այլ բան` այդ փոստաթղթի գործադրելիությունն ապահովել»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, թե «Այո»-ն անցնելուց հետո` լուրջ անելիքներ ունենք: