կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-26 10:56
Առանց Կատեգորիա

Թալեա՞թն է սպանել օսմանյան թագաժառանգին՝ Հայոց ցեղասպանությանն ընդդիմանալու համար

Թալեա՞թն է սպանել օսմանյան թագաժառանգին՝ Հայոց ցեղասպանությանն ընդդիմանալու համար

Ես հազվադեպ եմ անդրադառնում առեղծվածային սպանություններին, սակայն այս անգամ բացառություն կանեմ` հաշվի առնելով 1916 թվականին օսմանյան թագաժառանգ արքայազնի մահվան արտասովոր հանգամանքները և դրա հնարավոր կապը Թալեաթի ու Հայոց ցեղասպանության հետ:

 

Գաղտնիքը բացելու առաջին բանալին, որ ձեռքս ընկավ, 1921 թ. ապրիլի 3-ին «Պիտսբուրգ պրես» թերթում հրապարակված մի հոդված էր հետևյալ վերնագրով. «Համբերատար հետևել է նրան թաքստոցում և սպանել. ինչպե՞ս թուրք արյունարբու Մեծ վեզիր Թալեաթ փաշան, ով ծրագրել էր միլիոնավոր հայերի ջարդը, հանդիպեց իր ճակատագրին»: Այս լուրը հրապարակվել էր 1921 թ. մարտի 15-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանության առիթով: Լայնածավալ հոդվածի մի պարբերություն հատուկ ցնցող բացահայտում էր պարունակում. «Թալեաթի առաջխաղացման հետ կապված` թերևս ամենատարօրինակ իրողությունն այն է, որ նա այդ բարձրագույն պաշտոնին հասնելու համար իր ճանապարհը հարթել է` սպանելով թագաժառանգ արքայազն Յուսուֆ Էդինին՝ իշխող սուլթանի զարմիկին: Երիտասարդ արքան կտրականապես դեմ էր Թալեաթի՝ հայերի ոչնչացմանն ուղղված քաղաքականությանը: Թալեաթը, լուրջ դիմադրության հեռանկար տեսնելով, կրակել էր արքայազնի վրա` նրան շան նման սպանելով»:

 

Այս զարմանալի լուրի հավաստիությունը ճշտելու համար ես համացանցում երկարատև որոնումներ կատարեցի՝ պրպտելով հրապարակումներ անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, իսպաներեն և հայերեն լեզուներով` նկատի ունենալով արքայազնի անվան տարբեր ուղղագրությունները՝ Յուսուֆ Էդին, Յասուֆ Իզեդին, Յուսուֆ Իզեթին և այլն: Աղբյուրների մեծ մասը հաստատում է, որ թագաժառանգ արքայազնը մահացել է կասկածելի հանգամանքներում, սակայն ներկայացնում են երեք տարբեր դրվագներ, թե ինչպես է նա կնքել իր անժամանակ մահկանացուն: Այս առեղծվածի մասին նույնիսկ թուրքերեն մի ամբողջ գիրք գոյություն ունի. «Shehzade Yusuf Izzedin olduruldu mu, intihar mi etti?» («Թագաժառանգ արքայազն Յուսուֆ Իզեդինին սպանե՞լ են, թե՞ ինքնասպան է եղել»):

 

Առաջին դրվագը «Պիտսբուրգ պրես» թերթում նշվածն է, որը հաստատում է՝ թագաժառանգ արքայազնը սպանվել է Թալեաթի կողմից՝ հայ ժողովրդի բնաջնջմանն ընդդիմանալու համար: Թագաժառանգ արքայազնի վաղաժամ մահվան երկրորդ բացատրությունն այն է, որ նա ինքնասպանություն է գործել՝ կտրելով իր դաստակը: Երիտթուրքերի կառավարությունը 1916 թ. փետրվարի 3-ին հանդես է եկել հետևյալ պաշտոնական հայտարարությամբ. «Նորին գերազանցություն գահաժառանգը, երկարատև հիվանդությամբ տառապելու պատճառով, այսօր առավոտյան ժամը յոթն անց կեսին ինքնասպան է եղել Զինդջիրլիի ամառանոցի հարեմի հարկաբաժնի ննջարանում՝ կտրելով իր ձախ ձեռքի երակները»: Այս պաշտոնական հայտարարությունը համատարած թերահավատությամբ ընդունվեց՝ տեղիք տալով թագաժառանգ արքայազնի մահվան երրորդ բացատրությանը: Ֆրանսիայի պետնախարար Իվ Գայոն 1916 թվականին հրատարակված` իր «Պատերազմի պատճառներն ու հետևանքները» գրքի անգլերեն խմբագրության նախաբանում գրել է. «Ովքեր կարդացել էին պաշտոնական հաղորդագրությունը, համոզված էին, որ երիտթուրքերը «ստիպել էին թագաժառանգին «ինքնասպան լինել»: Տարբեր աղբյուրների տեղեկատվությունը հաստատում է այդ կասկածը»: Գայոն և այլ պատմիչներ պնդում են, որ ռազմական նախարար Էնվեր փաշան է սպանել Իզեդինին, քանի որ նա ընդդիմանում էր Գերմանիայի հետ Օսմանյան կայսրության դաշինք կապելուն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: «Թուրքական նավատորմի կողմից Օդեսան ռմբակոծելուց հետո նա [Իզեդինը] իր անհավանությունը հայտնեց բացահայտ ձևով: Այդ պահից սկսած` նրա ճակատագիրը որոշված էր»,- գրել է ֆրանսիացի նախարարը: Գայոն նաև մանրամասն նկարագրել է Թալեաթի, Էնվերի և երիտթուրքական այլ պարագլուխների մասնակցությամբ 1915 թվականին կայացած գաղտնի հանդիպումը, որի ընթացքում Էնվերը հորդորել է ոչնչացնել թագաժառանգին, որն, ըստ Գայոյի, «սպանվել է Եվրոպա մեկնելուց մեկ օր առաջ»:

 

Հայոց ցեղասպանությունը ապրած ականավոր եպիսկոպոս Գրիգորիս Բալաքյանն իր «Հայոց Գողգոթա» հուշագրության մեջ պնդում է, որ թագաժառանգը «սպանվել է Էնվերի և Թալեաթի քրեական հանցախմբի կողմից.... Էնվերն անձամբ է սպանել Յուսուֆ Իզիդինին Բալմոմջիի կայսերական ագարակում»: Դարդանելի ճակատամարտում ականատես լինելով հազարավոր թուրք զինվորների դիակներին` թագաժառանգը բողոքել է Էնվերին, որ «Դարդանելը դարձել է թուրքական բանակի գերեզմանը»: Նա սպանվել է Էնվերին ատրճանակով սպառնալուց հետո: Նրանք, ովքեր կարծում են, որ թագաժառանգի սպանությունը անհավատալի մի պատմություն է, պետք է գիտակցեն, որ նման պալատային սադրանքները սովորական երևույթ էին Օսմանյան կայսրության երկարատև պատմության ընթացքում: Շատ հաճախ սուլթանները ոչնչացնում էին դավադիր ժառանգորդներին, իսկ մրցակից արքայազները սպանում էին միմյանց՝ գահին տիրանալու ճանապարհը հարթելու համար: Իրականում` 36 սուլթաններից 15-ը վերացվել են տարբեր միջոցներով՝ երեքը հրաժարվել են գահից, յոթը՝ գահընկեց արվել, իսկ հինգը՝ սպանվել:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի